Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է տառապել ժողովրդի դարդ ու ցավով»

Մայիս 13,2003 00:00

«Պետք է տառապել ժողովրդի դարդ ու ցավով» Ասում է «Աշխատանք, օրենք, միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Մովսիսյանը «Վերջին 10-12 օրերի ընթացքում մարզերում հանդիպումներ ունենալիս հասկացանք, որ մենք չենք սխալվել, ժողովուրդը լավ է ընդունում մեզ, հույսեր է կապում մեզ հետ, մանավանդ մեր շարքերում այնպիսի մարդիկ են ընդգրկված, որոնք ցավոք, հիասթափություն են արտահայտում պետության նկատմամբ»,- անկեղծորեն հայտարարեց կուսակցության նախագահը: Հիշյալ կուսակցությունն ուզում է ընդգրկվել առաջիկա ԱԺ կազմում, քանի որ, ինչպես փաստեց Մ. Մովսիսյանը, իրենք մի շարք օրենքների նախագծեր «ունեն», որոնք ապագայում կնպաստեն, որ պետությունը վերանայի իր վերաբերմունքը պատերազմական գործողություններին մասնակցած մարտիկների եւ զոհված ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ: «Հիմա այն վերաբերմունքը չի, որ հնարավորություն ստեղծի բավարարել մարդկանց առօրյա կյանքը: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ ոչ թե արտագաղթի մասին մտածենք, այլ՝ ներգաղթի, քանի որ, նայելով պատմությունից, մենք տեսնում ենք, որ 1945թ. առաջին համաշխարհային պատերազմից հետո ներգաղթն ավելի շատ էր Հայաստան, քան այսօր: Իսկ այսօր, ցավոք, նման բան ասել չենք կարող, եւ մեր ժողովրդին պետք չի խաբել, իբր թե ներգաղթի հոսքն ավելի շատ է: Շփվում ենք մարդկանց հետ եւ տեսնում ենք նրանց տրամադրվածությունները,- ասաց Մ. Մովսիսյանը՝ ավելացնելով,- եթե արդար ընտրություններ եղան, ժողովուրդը տեսնի, որ իր ձայնը հասել է հասցեատիրոջը, նրանք մեզ հետ միասին պետք է աշխատեն, որ բոլոր տեսակ հարցերը, որոնք կապված են օրենսդիր մարմնի հետ՝ իրականացվի»: Վերջերս Մ. Մովսիսյանը հայտարարել էր, թե երբ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված են գործող նախարարները, ապա Ռ. Քոչարյանը չի կարողանա «մարդավարի ձեւով» նոր կառավարություն ձեւավորել: Մ. Մովսիսյանը վստահեցրեց, թե ինքն իր «խոսքերի համար պատասխանատու» է, եւ մայիսի 25-ից հետո իսկապես պրոբլեմներ կառաջանան Ռոբերտ Քոչարյանի համար: «Թե Ռ. Քոչարյանը կլինի նախագահ, թե մեկ ուրիշը, դժվարություններ կլինեն կառավարություն ձեւավորելու համար: Եթե այսօր հայտարարում են, թե համամասնական ցուցակներում ընդգրկված նախարարները պետք է միայն աշխատանքից դուրս քարոզարշավով զբաղվեն, ես դրան չեմ հավատում: Այսօր տեսնում եմ, որ բոլոր այն նախարարությունները, որտեղ կառավարությունից թեկնածուներ կան՝ Հանրապետական, «Հզոր Հայրենիք», ՀՅԴ, ավելի շատ զբաղվում են քարոզարշավով, քան իրենց վրա դրված պարտականություններով: Երկիրը փոքր է, եւ ինֆորմացիա մենք ավելի շատ ենք ստանում ու տեսնում ենք, թե ինչ է կատարվում: Ուստի ես չեմ կարող ասել, որ ազնիվ ճանապարհով հնարավորություն կունենան առողջ ուժերով ստեղծել կառավարություն: Մենք այսօր տեսնում ենք, թե ինչ վերաբերմունք են ցուցաբերում մարզպետները գյուղապետերի նկատմամբ. տոկոսային հարաբերություններով ստիպողական ձայների տարբերակով ասում են, որ այս կամ այն կուսակցությանը պետք է ձայն տան»,- հայտարարեց նա: Մ. Մովսիսյանը սակայն չնշեց որեւէ մարզպետի անուն, որը գյուղապետերին նման հրահանգներ է իջեցրել. «Շատ դեպքեր կան, մեզ մոտ գրանցված են, բայց այդ մասին ես չեմ ուզում հիմա հայտարարել: Շատ գյուղեր կան, որ այսօր հեռախոսակապ չկա ու մինչեւ այսօր էլ ապրում են տնակներում: Ո՞նց կարելի է այսօր ընտրվել պատգամավոր ու նրանց դարդ ու ցավով չտառապել եւ նրանց հարցերը չլուծել»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել