ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ Կիրակի ահազանգ ստացվեց Սեւանի թիվ 33 ընտրատարածքից: Ահազանգել էին ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Ենոք Ավետիսյանի նախընտրական շտաբից: Մեկնեցինք Սեւան: Այնտեղ էին նաեւ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ երկու դիտորդներ: Շտաբն առանձնապես շատ չէին քրքրել: Մարդիկ ջարդել են դուռը, մտել շտաբ, տարել էին հեռուստացույցը, որ միաժամանակ նաեւ տեսամագնիտոֆոն էր, պոկել էին հեռախոսը, սալօջախը դրել նստարանի տակ, միացրել հոսանքին ու գնացել: Ասացին, որ բնակելի շենքի առաջին հարկում գտնվող շտաբը փորձել են հրդեհել: Ե.Ավետիսյանի շտաբում բոլորն էին վստահություն հայտնում, թե դա քաղաքական ակտ, սադրանք է եղել մրցակից թեկնածուի, մասնավորապես՝ Խաչիկ Պետրոսյանի ու նրա համախոհների կողմից, որովհետեւ այդ օրը կատարվածը միայն Ե.Ավետիսյանի ու մյուս թեկնածուների դեմ սկսված ճնշումներից ու ահաբեկումներից հերթականն էր: Մեր այն հարցին, թե գուցե շտաբի աշխատողներից որեւէ մեկն է մոռացել ու սալօջախը միացրած թողել- գնացել է. «Վարկածներից մեկն է դա, եւ ոստիկանները մեզ հենց այդպես էլ ասացին»,- պարզաբանեց Վ.Կարապետյանը՝ միաժամանակ չհամաձայնելով այդ վարկածին՝ այն պատճառաբանությամբ, թե այդ դեպքում սալօջախն ինչո՞ւ պետք է դնեին նստարանի տակ՝ ընդ որում, նստարանն այնպես հարմարեցնեին, որ այրվելն անխուսափելի լիներ, կամ դուռն ո՞վ ու ինչո՞ւ է ջարդել, հեռուստացույցն ինչո՞ւ են տարել: Այստեղ բոլորն էին վստահ, որ կատարվածը, այնուամենայնիվ, դիտավորություն է: «Մարդիկ պատրաստ են եղել հրդեհել բնակելի շենքը, որտեղ մարդիկ են ապրում եւ կարող էին տուժել»,- կարծիք հայտնեցին Ե.Ավետիսյանի համախոհները եւ նկատեցին, թե նպատակը, ըստ ամենայնի, առաջին հերթին վախեցնելն է եղել, բայց նաեւ՝ զբաղեցրած շտաբից զրկելը, որովհետեւ, եթե հրդեհը ծավալվեր, մարդիկ տուժեին, շենքի ու նաեւ քաղաքի բնակիչների շրջանում դժգոհություն եւ բողոքի ալիք կբարձրանար: Շտաբում մարդիկ տարակուսում էին, որ Խ.Պետրոսյանի նախընտրական շտաբն իրենց շտաբից մի 50 մետրի վրա էր, ու գոնե զուտ մարդկային ու ձեւական բնույթի քայլ կարող էր անել, գալ, հարցնել, տեսնել՝ ի՞նչ է եղել: Չեն եկել: Ի պատասխան մեր այն հարցի, թե արդյո՞ք կարծում են, որ հրդեհը հենց վերջինիս կամ շտաբակիցների «ձեռքի գործն» է, Ե.Ավետիսյանի համախոհներն ասացին. «Մեր վարկածը դա է, եւ մենք ուրիշ բան չենք էլ կարող այս պահին մտածել: Սա հերթական սադրանք է: Բայց չեմ էլ կարծում, թե սրանով լուրջ հույսեր պետք է փայփայել, որ Ե.Ավետիսյանը դուրս կգա ընտրապայքարից կամ քարոզարշավը չի շարունակի: Չնայած, այս պայմաններում, իրոք, կարող է նաեւ առանձնապես քարոզարշավ չանել, որովհետեւ նրա փոխարեն այսպիսի քայլերով նրան քարոզում են մրցակիցները»: Սա, ի դեպ, Ե.Ավետիսյանի համախոհների նկատմամբ ձեռնարկված ուժային կամ հոգեբանական ճնշումների միակ փաստը չէ: Նախորդներին մենք արդեն անդրադարձել ենք: Արդյո՞ք վերջինիս ընտրվելու շանսերն այդքան մեծ ու «սպառնալից» են մյուս թեկնածուի՝ Խ.Պետրոսյանի համար, ընդհանրապես այս երկուսի եւ մյուս թեկնածուների ընտրվելու հնարավորություններն ինչպե՞ս են գնահատվում: «Խ.Պետրոսյանն ու նրա շտաբը իրենք լավ գիտեն ընտրվելու իրենց հնարավորությունները, ու, երեւի, դրա համար են գնում ուժային մեթոդների: Իսկ ընդհանրապես, բոլոր թեկնածուներն էլ Սեւանից են ու նրանցից որեւէ մեկի մասին վատն ասել չենք կարող եւ չենք ասի»,- ասաց Ե.Ավետիսյանի շտաբի պետ Վ.Կարապետյանը: Շտաբի աշխատողներից մեկն էլ, վերադառնալով ճնշումներին, հավելեց, որ մի քանի օր առաջ էլ Ե.Ավետիսյանը մեկնել էր Կրասնի՝ ընտրողների հետ հանդիպման: «Կրասնիի ԱԱԾ պետը շարասյան մեքենաների պետհամարանիշները ֆիքսել ու իմացել էր, որ դրանք Ենոքինն են, ու հրահանգել էր, որ քաղաքի բնակիչները նրա հետ հանդիպման չգան: Իհարկե, եկան, հանդիպումն էլ լավ անցավ»,- ասաց Արթուր անունով մեկը: Իսկ որպես ո՞վ է իր հանդիպումներում ներկայանում Ե.Ավետիսյանը՝ ընդդիմադի՞ր, թե՞ դիմադիր: Ավանդական դարձած այս հարցին շտաբում պատասխանեցին. «Նա ոչ ընդդիմադիր է, ոչ դիմադիր, բայց իշխանություններն իրենց քայլերով, հոգեբանական ու ֆիզիկական ճնշումներ գործադրելով՝ ամեն ինչ անում են, որ ժողովուրդը՝ ինքը, Ենոքին որպես ընդդիմադիր ընկալի»: Ի դեպ, Ե.Ավետիսյանի համախոհներն իրենց շտաբ ներխուժելու մի պատճառ էլ են տեսնում: Բանն այն է, որ նախորդ օրը նրանք ունեցել են Սեւան քաղաքում Ե.Ավետիսյանի հանդիպման տեսագրությունը, որի ժամանակ հավաքված բազմությունն իշխանությունների ու մրցակից թեկնածուի հասցեին, մեղմ ասած, մի երկու «քաղցր» արտահայտություններ էր արել: Հիմա շտաբում ենթադրում են, որ գուցե մրցակիցը նաեւ այդ տեսագրությունը ձեռք բերելու նպատակ է ունեցել, ու դրանով է պայմանավորված հեռուստացույց տանելը: Ինչեւէ: Նաեւ այս դեպքին էր առնչվում երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունը, ուր մասնավորապես ասված է, թե «անհանգստացնող միտումներ կան նաեւ» թիվ 33 ընտրատարածքում, որի վրա հրավիրել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ուշադրությունը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ