Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազության «չպատասխանը»

Մայիս 10,2003 00:00

Դատախազության «չպատասխանը» Մարտի 28-30-ը Հայաստանի 11 լրատվամիջոց ներկայացնող 18 լրագրող քննարկեցին տեղեկատվության ազատության եւ մատչելիության հարցերը։ Նրանք հանդես եկան հայտարարությամբ՝ ուղղված ինչպես ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանին, այնպես էլ ՀՀ կառավարությանն առընթեր պետական ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին։ Լրագրողները հարց էին բարձրացրել վերոնշյալ գերատեսչությունների լրատվության բաժինների անգործունեության մասին։ Ոստիկանությունը պաշտոնական պատասխան այդ կապակցությամբ դեռ չի ուղարկել։ Իսկ գլխավոր դատախազության պատասխանը ըստ էության ոչինչ չասող է եւ այն տպագրում ենք՝ ակնկալելով, որ կդառնա «օրինակելի նմուշ» ոստիկանության ուղարկվելիք պատասխանի համար։ «Լրագրողների դիմումի կապակցությամբ հայտնվում է, որ ԶԼՄ-ների հետ փոխհարաբերություններում դատախազության մարմիններն առաջնորդվում են այն սկզբունքով, որն արգելում է ինչպես տեղեկատվության տրամադրման չհիմնավորված մերժումը, այնպես էլ դատախազական գործունեությանը եւ հանցագործությունների քննությանը միջամտելը։ ՀՀ գլխավոր դատախազի 2002թ. հունվարի 17-ի թիվ 30-1 հրամանով հատուկ ընդգծվում է լրատվության միջոցների հետ դատախազության մարմինների կայուն համագործակցության հաստատման, ընդլայնման եւ խորացման կարեւորությունը, հստակեցվում են այդ համագործակցության կազմակերպման սկզբունքներն ու մեխանիզմները, կանոնակարգվում են դատախազական գործունեության եւ նախաքննության նյութերը հրապարակման ներկայացնելու հարցերը»։ Այս խիստ ճռճռան հիշեցումից հետո դատախազությունը տեղեկացնում է, որ իր հասարակական կապերի եւ լրատվության բաժինը գործում է Սահմանադրության, Դատախազության մասին օրենքի, գլխավոր դատախազի հրամանների, ցուցումների եւ կարգադրությունների հիման վրա։ Ոչ մի հիշատակություն չկա, որ լրատվության բաժինը գործելու է նաեւ ԶԼՄ-ների մասին օրենքի շրջանակներում։ Ստացվում է այսպես. քանի որ մենք չենք գործում դատախազի հրամանների, ցուցումների եւ կարգադրությունների հիման վրա, ուստի տեղեկություններ չենք կարող ստանալ, քանի որ նախընտրելիությունը տրվում է նրանց, ովքեր անցնում են վերոնշյալ գերատեսչության թրի տակով։ Չնայած դատախազությունը նշել էր, թե «լրատվության միջոցներին տեղեկատվություն տրամադրելու հետ կապված աշխատանքների հետագա բարելավման ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ», սակայն այդպես էլ չիմացանք, թե որոնք են դրանք։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել