Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաքարտերը խառնվեցին

Մայիս 10,2003 00:00

Խաղաքարտերը խառնվեցին Նախընտրական Լոռին՝ ՊՆ նախարարի այցից հետո Լոռու մարզի թիվ 37 ընտրատարածքում (Վանաձորի մի հատված եւ շրջակա գյուղեր) բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել։ ՀՀԿ անդամ տեղական իշխանությունները սատարում են իրենց համակուսակից Կարեն Սարիբեկյանին, իսկ ՀՀ նախագահի թիմը՝ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին։ Այս վերջին հանգամանքը ի հայտ եկավ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի՝ վերջերս վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ։ Կարծում ենք, դա մեծ անակնկալ էր տեղական իշխանությունների համար, քանի որ մինչ այդ պահը Լոռու մարզպետն ու Վանաձորի քաղաքապետը բուռն քարոզչություն էին իրականացնում Կ. Սարիբեկյանի օգտին։ Ի դեպ, Վ. Բաղդասարյանին, թերեւս, աջակցում է նաեւ դաշնակցական թիմը, ինչի մի ապացույց էլ նախեւառաջ այն էր, որ Վ. Բաղդասարյանն իր նախընտրական քարոզչության մեջ անուղղակիորեն քարոզչություն իրականացրեց նաեւ ՀՅԴ անդամ Մարտուն Մաթեւոսյանի նկատմամբ։ Ենթադրվում է, թե Կ. Սարիբեկյանին էլ եթե ոչ բացահայտ, ապա առնվազն գաղտնի կաջակցի ՀՀԿ-ի «իրավանախորդ» երկրապահական թիմը։ Թիվ 38 ընտրատարածքում էլ, որ ներառում է Ստեփանավան քաղաքն ու Վանաձորի մի հատված, իշխանությունները սատարում են ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Մարտուն Մաթեւոսյանին։ Այդուհանդերձ, այս ընտրատարածքում «Օրինաց երկիրը» չի ընկճվում եւ բուռն քարոզչություն է իրականացնում «ՕԵ» թեկնածու, ԱԺ պատգամավոր Վռամ Գյուլզադյանի օգտին։ Թիվ 36 ընտրատարածքում էլ (Վանաձոր) ստեղծվել է «Սարոյան եղբայրների» տարբերակը։ Ի թիվս այլոց, այդտեղ առաջադրվել են ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը՝ ընդդիմադիր դաշտից եւ նրա մերձավոր ազգական Արմեն Սարուխանյանը, որին աջակցում են գործող իշխանությունները։ Քանի որ Վ. Դալլաքյանը, մեծամասնականից բացի, զբաղեցնում է նաեւ «Արդարություն» դաշինքի համամասնական ցուցակի 14-րդ հորիզոնականը, ուստի հնարավոր է, որ մեծամասնականում հաղթելու համար առանձնապես ջանքեր չներդնի՝ հանուն եղբայրության։ Ամեն դեպքում, բուռն մրցակցություն է սպասվում հիմնականում թիվ 36, 37, 38, 40 ընտրատարածքներում, որտեղ, վերոհիշյալ թեկնածուներից բացի, քարոզչական աշխատանքների են լծվել նաեւ այլ թեկնածուներ կոմկուսից, «Հզոր հայրենիքից», նախաձեռնող խմբերի կողմից։ Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել