Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ ՀԱՂԹԱԿԱՆ ԷՐ «ՇԻՐԱԿԻ» ՀԱՄԱՐ

Մայիս 10,2003 00:00

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ ՀԱՂԹԱԿԱՆ ԷՐ «ՇԻՐԱԿԻ» ՀԱՄԱՐ Մայիսի 9-ը կրկնակի տոն էր ֆուտբոլասեր հասարակության համար։ Բացի Հաղթանակի տոնից, նրանք մայրաքաղաքի «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի վերնագավաթի խաղարկության ականատեսը դարձան։ Ընդունված կարգի համաձայն, վերնագավաթը խաղարկելու էին Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» եւ գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակից Երեւանի «Զվարթնոցը» (գավաթակիրը նույնպես «Փյունիկն» է)։ Բայց քանի որ «Զվարթնոց» ակումբը լուծարվել է, Հակոբ Տոնոյանի անունը կրող վերնագավաթի հերթական խաղարկությունում երեւանյան ակումբի փոխարեն «Փյունիկի» հետ խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի փոխչեմպիոն Գյումրիի «Շիրակը»։ Խաղը սկզբունքային նշանակություն ուներ երկու պատճառով։ Նախ, թե «Փյունիկը», թե «Շիրակը» արդեն երկուական անգամ տիրացել էին պատվավոր մրցանակին, եւ բացի այդ, ընթացիկ առաջնությունում «Փյունիկը» «Շիրակին» հաղթել էր անդրանիկ տուրում։ Երկու թիմերն էլ ակտիվ սկսեցին հանդիպումը, ձգտելով շուտափույթ կերպով արդյունքի հասնել։ Առաջինը դա կարող էին անել «Շիրակի» ֆուտբոլիստները հանդիպման 7-րդ րոպեին։ Կարեն Ալեքսանյանը նրբանկատ փոխանցումով դարպասապահ Ապուլլա Բետեի հետ մեն-մենակ դուրս բերեց Վարդան Բիչախչյանին, բայց շիրակցի հարձակվողը չօգտագործեց նպաստավոր առիթը եւ նրա հարվածը կարողացավ հետ մղել «Փյունիկի» դարպասապահը։ Թերեւս սա «Շիրակի» միակ հնարավորությունն էր առաջին խաղակեսում։ Այս դրվագից հետո «Փյունիկը» տիրեց նախաձեռնությանը։ Գործեց ֆուտբոլում չգրված օրենքը՝ չես խփում դու, խփում են քեզ։ 10-րդ րոպեին «Փյունիկի» սեւամորթ ֆուտբոլիստների ակտիվությունը պսակվեց հաջողությամբ։ Մամադու Դիավարան նկատեց Կառլ Լոմբեի առաջխաղացումը, հետեւեց փոխանցումը եւ վերջինս, ներխուժելով տուգանային հրապարակ, գրավեց հյուրերի դարպասը։ Մինչեւ ընդմիջում «Փյունիկն» ունեցավ արդյունքի հասնելու եւս մի քանի հնարավորություն, բայց վստահ էր խաղում «Շիրակի» դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանը կամ էլ երեւանցիները վրիպում էին։ Այլ պատկեր էր խաղադաշտում 2-րդ խաղակեսի ընթացքում։ «Շիրակը» փաստորեն խլեց նախաձեռնությունը մրցակցից եւ արդեն վտանգավոր պահեր սկսեցին առաջանալ «Փյունիկի» դարպասի մոտ։ Արդեն երրորդ խաղում անընդմեջ, շատ հաջող խաղի մեջ մտավ փոխարինման ելած Անդրանիկ Բարիկյանը։ Նրա ակտիվությունը, գումարած Արարատ Հարությունյանի եւ Երվանդ Հակոբյանի եռանդը, ի վերջո տվեցին իրենց պտուղը։ 75-րդ րոպեին անկյունային հարվածով Արարատ Հարությունյանը գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ, Երվանդ Հակոբյանի հարվածը հետ մղվեց դարպասաձողից, իսկ վրա հասած Տիգրան Դավթյանը խառնաշփոթ վիճակում կարողացավ ուղղակի գնդակին ստիպել հատել դարպասային գիծը։ Ճիշտ է, «Փյունիկը» փորձեց նորից առաջ անցնել հաշվի մեջ, բայց «Շիրակին» կանգնեցնել այլեւս հնարավոր չէր։ 85-րդ րոպեին գյումրեցիների հերթական գրոհը հիանալի հարվածով եզրափակեց Երվանդ Հակոբյանը՝ գնդակը սկզբից կպավ դարպասաձողին, հետո հայտնվեց «Փյունիկի» դարպասում։ Հայաստանի չեմպիոնը կարող էր պարտությունից խույս տալ մրցավարի կողմից ավելացված ժամանակում, բայց Մամադու Դիավարայի գլխով հարվածից հետո գերազանց խաղաց Ռայմոնդ Զադուրյանը, փակելով գնդակի ճանապարհը։ «Շիրակը» տարավ կամային եւ արժանի հաղթանակ, երրորդ անգամ տիրելով Հակոբ Տոնոյանի անվան վերնագավաթին, որը հանդիպման ավարտից հետո շիրակցիներին հանձնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Հակոբ Տոնոյանի որդին՝ Արա Տոնոյանը։ Հանդիպումից հետո զրուցեցինք ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ «Շիրակ» թիմի գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանի հետ։ Ռուբեն Հայրապետյան- Շատ դիտարժան խաղ էր, որում «Շիրակը» տարավ կամային հաղթանակ, դրսեւորելով իր կամային հատկանիշները։ Իսկ ֆուտբոլում հաղթում է ուժեղը, այսօր ուժեղ էր «Շիրակը»։ Անդրանիկ Ադամյան- Առաջին 10 րոպեներից հետո «Փյունիկն» առավելություն ուներ մեր նկատմամբ։ Բաց թողած գոլից հետո մեր տղաները երկար ժամանակ չէին կարողանում վերագտնել իրենց խաղը։ Բայց երկրորդ կեսում մեզ հաջողվեց բեկում մտցնել խաղի մեջ եւ արդյունքում «Շիրակը» տարավ շատ կարեւոր հաղթանակ հոգեբանական տեսակետից։ Ես գոհ եմ տղաների ցուցաբերած եռանդից, չնայած գտնում եմ, որ մենք դեռ կարող ենք ավելացնել եւ ձգտելու ենք դրան։ ԽԱՉԻԿ ՉԱԽՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել