ԿՅԱՆՔԸ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ Ֆոտոլրագրող, «Northfoto» հանրահայտ ֆոտոգործակալության ղեկավար Մարկ Հարրիսոն Միլսթեյնը Հայաստանում էր Լրատվամիջոցների Կովկասյան ինստիտուտի հրավերով՝ ֆոտոլրագրության սեմինար անցկացնելու նպատակով: Նա հայտնի է կարեւոր իրադարձությունների իր լուսաբանումներով, ինչպես՝ Ռուսաստանի մուտքը Չեչնիա, Կոսովոյի ճգնաժամը, ՆԱՏՕ-ի ռմբակոծումները Հարավսլավիայում, եւ այլն: – Դուք լավ ծանոթ եք այս տարածաշրջանի մամուլին: Իբրեւ ֆոտոլրագրող, որն ամենաճանաչված լրատվամիջոցների հետ է համագործակցում /«Times», «Newsweek», «The New York Times»,«The /Sunday/ Times of Lodon», «Daily Telegraph», «The Independet», «Focus», «Spiegel», «Die Zeit» եւ այլն/, ի՞նչ տպավորություն ունեք հայկական մամուլից: – Սա իմ երկրորդ այցն է Հայաստան, առաջինը հոկտեմբերին էր, եւ ես մեծ հնարավորություն ունեի ծանոթանալու հայկական բոլոր թերթերին: Դրանք նույն մակարդակի են, ինչ Սովետական միության հանրապետությունների թերթերը /Ռուսաստանը չհաշված, դա մի այլ մոլորակ է/: Առաջինը, որ նկատեցի՝ դիզայնն էր, որը շատ աղքատիկ է: Լուսանկարների որակը սարսափելի է եւ ամենավատն այն է, որ հայկական թերթերը լուսանկարիչ- խմբագիրներ չունեն: Ձեր հիմնական պրոբլեմն այն է, որ լուսանկարիչները ուղղակի լուսանկարիչներ են, լրագրողներ չեն: Իմ կարծիքով, այն մարդիկ, որոնք ֆոտոխցիկ ունեն, չեն հասկանում, որ իրենք նաեւ լրագրողներ են, լուսանկարչությունն իրենց համար ոչ թե մասնագիտություն, այլ հոբբի է: Միայն ֆոտոխցիկ ունենալը ձեզ իրավունք չի տալիս թերթում աշխատել: Չգիտեմ որն է տարբերությունը սովետական ժամանակների համեմատ, բայց հիմա լուսանկարիչները չեն մտածում ինչ նկարել: Եվ լուսանկարիչ-խմբագիրներ չկան, որ օգնեն: Դա նույնն է, որ կույր մարդուն խնդրեն մեկ այլ կույր մարդու սովորեցնի ավտոմեքենա վարել: Խոսքը թերթում շատ լուսանկարներ տեղադրելու մասին չէ. շատը նշանակում է, որ մարդիկ խառնված են, չգիտեն՝ որն է կարեւոր: Անպայման չէ շատ տպագրել, բայց պետք է տպել լավ նկարներ: Լուսանկարի հաղորդած ինֆորմացիան պետք է հավասար քայլի տեքստի հետ: Գուցե նույնիսկ լուսանկարն ավելի կարեւոր է, քան տեքստը: Ես միշտ ասում եմ, որ տպագիր մամուլը, թերթերը պետք է մրցակցեն ոչ թե իրար հետ, այլ հեռուստատեսության: Ընթերցողը սկզբում նկարն է տեսնում, հետո՝ տեքստը: Եթե նկար չկա, իհարկե պետք է սկսեն կարդալ հոդվածի վերնագրից ու լրագրողի անունից: Բայց մի քանի օր հետո ընթերցողները հոդվածից տասը բառ հազիվ հիշեն: Փոխարենը բոլորը անմիջապես կհիշեն դեպքը, եթե ես ցույց տամ սեպտեմբեր 11-ի կամ Սադամ Հուսեյնի արձանի տապալման լուսանկարները: Մարդիկ ամեն ինչ առաջին հերթին աչքով են ընկալում: Ճիշտ լուսանկարի կիրառումը օգնում է մարդուն հիշել իրադարձությունը: Ամենուր մարդիկ թերթ գնում են պատմություններ կարդալու համար եւ ոչ թե նկարներ նայելու, բայց դա չի նշանակում, որ լուսանկարիչը պետք է երկրորդ պլան մղվի: – Լուսանկարների ձեր նշած որակը նաեւ մեծ իրադարձություններ, երեւույթներ են պահանջում, որով աղքատ է Հայաստանը, գոնե հիմա: Օրինակ, դուք այստեղ լուսանկարելու հետաքրքիր նյութ գտե՞լ եք այս օրերին: – Միլիոնավոր նյութեր կան, բայց, բնականաբար, այն, ինչ ինձ կհետաքրքրի, ձեզ կարող է եւ չհետաքրքրել: Այստեղ ժամանակ չեմ ունենում, բայց սիրով նյութ կպատրաստեի, օրինակ, այն մասին, թե ինչպես են այստեղ ապրող սփյուռքահայերն ադապտացվել Հայաստանի կյանքին: Նույնիսկ Բուդապեշտի պես ձանձրալի քաղաքում ամեն օր ինչ-որ բան է տեղի ունենում: Դա կախված է տեսնելու ունակությունից: Չես կարող ատրճանակը դնել լուսանկարչի քունքին ու ստիպել, որ նա լավ լուսանկարիչ դառնա: Մամուլի դերը մարդկանց ինֆորմացված պահելը, տեղեկացնելն է բոլոր իրադարձություններին, սկսած՝ նոր ակումբի բացումից մինչեւ բասկետբոլի մրցում: Այստեղի մամուլը կարծես կատակ լինի, հնարավոր չէ լուրջ ընդունել: Կարծես՝ իրենք իրենց համար աշխատեն: – Այսօր այս տարածաշրջանի մամուլն ի՞նչ խնդիրներ ունի: – Առաջին հերթին այն, որ քաղաքականությունը խառնվել է մամուլի աշխատանքին, եւ որ շատ թերթերում աշխատող մարդիկ բավարար պրոֆեսիոնալիզմ չունեն: Ամեն երկրի մամուլ իր խնդիրն ունի, մեկը մյուսից տարբեր: – Վերջերս խոսվում է մի խնդրի մասին, որ լրատվամիջոցները կարծես հեռացել են սովորական մարդուց, ինքնանպատակ են դարձել կամ կարծես աշխատում են միայն քաղաքական շերտի ներկայացուցիչների համար: – Արեւելքում նման պրոբլեմ չկա, փիլիսոփայությունը տարբեր է: Տարբեր են նաեւ տնտեսությունը վարելու ձեւերը: Այստեղ թերթերում գրեթե ոչ մի գովազդ չկա, իսկ ԱՄՆ-ում, Եվրոպայում ոչ մի թերթ չի կարող առանց գովազդի ապրել: Այդ երկրներում քաղաքականությունն այդքան չի խառնվում մամուլին: Եվ ոչ մի թերթ այդքան ուշադրություն չի դարձնում քաղաքականությանը: Ոչ ոք չի կարդա մի թերթ, որի 16 էջերից 15-ը միայն քաղաքականության մասին է: Դա ոչ մեկին հետաքրքիր չէ, որովհետեւ քաղաքականությունը չէ կյանքը: Կյանքը Ջենիֆեր Լոպեսն է, Մանչեսթեր Յունայթեդը, Մադոննայի նոր ձայնագրությունը եւ ոչ թե՝ ինչ է ասում ինչ-որ մի հիմար քաղաքական գործիչ: Ես ավելի հետաքրքրված եմ, օրինակ, Ջենիֆեր Լոպեսի կյանքով, քան Ջորջ Բուշի ասածներով: Եվ վստահ եմ, որ մարդկանց 99 տոկոսն ինձ հետ կհամաձայնի: Պետք է համաչափ ինֆորմացիա տալ եւ սպորտից, եւ մշակույթից, եւ քաղաքականությունից, եւ տնտեսությունից, տեղական եւ միջազգային կյանքից: Թերթը կարող է տպագրել ինչ ուզում է, բայց ընթերցողը կորոշի՝ այդ թերթը գնի՞, թե՞ ոչ: Եթե թերթը ուզում է, օրինակ, գրել Սադամ Հուսեյնի անդրավարտիքի մասին, թող գրի, բայց դա ու՞մ է հետաքրքիր: Շուկային պետք է հետեւել: Վերջերս ես մի նյութ պատրաստեցի, որը տպագրվեց մի քանի թերթերում եւ ամսագրերում: Հեռուստատեսությամբ լսեցի, որ Արեւմուտքից շատ մեծահարուստներ գալիս են Արեւելյան Եվրոպա, տվյալ դեպքում՝ Բուդապեշտ՝ պլաստիկ վիրահատությունների: Պարզվեց դա ճիշտ է: Երեք պատմություն լուսանկարեցի պլաստիկ վիրահատությունների մասին: Պատմություններից մեկում մի կին իր ամուսնու հետ եկել էր հիվանդանոց՝ քիթը փոքրացնելու: Կնոջ վիրահատությունից հինգ րոպե հետո ամուսինը հիվանդանոցում որոշեց վիրահատվել եւ կին դառնալ: Հիմա նա ֆիզիկապես կին է: Սա նոր պատմություն էր, որովհետեւ հնարավոր է, որ աշխարհում ամեն օր հարյուրավոր մարդիկ փոխում են իրենց սեռը: Բուդապեշտցիների համար դա հետաքրքիր նորություն էր իրենց երկրի կյանքում: Գուցե Երեւանում էլ է նման բաներ կատարվում, բայց ոչ ոք չգիտի, պետք է հարցեր տալ պատասխան ստանալու համար: Սա եւ բժշկական, եւ տնտեսական հարց է: Վստահ եմ, որ արտասահմանից մարդիկ գալիս են այստեղ ինչ-որ բան անելու, որն այստեղ էժան է: Դա շատ լավ նյութ է կարդալու համար, բայց ավելի լավ է նաեւ նկարներով տեսնել: – Միայն գովազդներով հնարավո՞ր է թերթ գոյատեւի: Ընդ որում, Հայաստանում շատերը խուսափում են գովազդ տեղադրել ընդդիմադիր մամուլում, որպեսզի իշխանությունները հետապնդումներ չսկսեն իրենց դեմ, թե տվյալ լրատվամիջոցի բյուջե գումար են տալիս: Գուցե փոքր երկրի խնդիր է: – Շատ բարդ խնդիր է: Դրա համար գոնե մի ազնիվ քաղաքական գործիչ, երկրի ազնիվ նախագահ, ազնիվ վարչապետ պետք է լինի:8230Վրաստանում դա արվեց: Օրինակ, «Ռուսթավի Մեդիա Հոլդինգը», որը ֆինասական մեծ միջոցներ ունի, շատ լավ թերթ է տպագրում, հեռուստատեսություն էլ ունի: Այդ խնդիրը դուք ինքներդ պետք է լուծեք տեղական ուժերով, դրսից ոչ ոք չի կարող լուծել: – Հայտնի է, որ դուք պատերազմների մասին բազմաթիվ նյութեր եք պատրաստել հայտնի լրատվամիջոցների համար: – Ես լուսանկարել եմ 22-23 պատերազմներ՝ Աֆրիկայում, Չեչնիայում, Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում,8230այսինքն, երեւի թե եղել եմ ամեն տեղ, ուր պատերազմ է եղել: Աշխատել եմ տարբեր լրատվամիջոցների համար: Շատ հետաքրքիր էր աշխատելը: Մի անգամ Բոսնիայում ես ծանր վիրավորվեցի: Օրերով բանտերում եմ եղել Չեչիայում, Կիպրոսում, Սերբիայում, ԱՄՆ-ում՝ նկարահանումների համար: Եթե ոստիկանությանը դուր չի գալիս նկարածդ, բանտ էին նետում: Հետո, տարբեր պատճառներով ազատում էին, նաեւ հոգնելուց էին բաց թողնում: – Մշտական հարց է դարձել լրատվամիջոցների աշխատակիցների համար. եթե մարդը վիրավոր է, լրագրողը կամ ֆոտոլրագրողը պետք է նրան օգնի՞, թե՞ լուսանկարի կամ իր նյութին հետեւի: – Եթե բժիշկ է, թող օգնի, բայց ես բժիշկ չեմ եւ հնարավոր է սխալ թույլ տամ եւ մարդը մահանա: Եթե, ասենք, ինքնաթիռում ինչ-որ բան այն չէ, ես չեմ կարող օդաչուի փոխարեն վարել: Օգնություն կկանչեմ: Չեմ անի մի բան, որ չգիտեմ: Ես կշարունակեմ լուսանկարել: Հարցազրույցը՝ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ Լուսանկարները՝ ՄԱՐԿ ՄԻԼՍԹԵՅՆԻ/ ՊԱՏԿԵՐՖՈՏՈ