Ետպատերազմական Իրաքում ԱՄՆ ղեկավարությունը կունենա՞ պրոբլեմներ ԱՄՆ նախագահ Բուշը հայտարարեց, որ պատերազմը Իրաքում ավարտված է։ Նախագահը, սակայն, շեշտեց, որ տարված է վերջնական հաղթանակ, քանզի այդ դեպքում կոալիցիոն զորքերը, միջազգային իրավունքի համաձայն, պետք է լքեն պարտված երկիրը, ինչն, իհարկե, ամերիկացիների ծրագրերին չի համապատասխանում։ Պատերազմը իսկապես ավարտված է՝ դրա վառ արտացոլումն է, որ մի շարք իրաքյան բարձրաստիճան պաշտոնյաներ հանձնվել են ամերիկացիներին։ Նրանց մեջ է նաեւ հանրահայտ փոխվարչապետ Թարիք Ազիզը։ Խոսվում է, որ հանձնվելու բանակցություններ են վարում Սադամ Հուսեյնի տղաները։ Ինքը՝ Իրաքի նախկին առաջնորդը, կարծես անհայտացել է։ Բայց անգլիական «Էլ Արաբի» օրաթերթում ֆաքսով ստացվել է Սադամ Հուսեյնի ձեռագիր նամակը, որում նա կոչ է անում իրաքցիներին պայքարել ամերիկացիների եւ անգլիացիների դեմ։ Թերթի գլխավոր խմբագրի պնդմամբ (որը դրանից առաջ տեսել է Հուսեյնի ձեռագիրը) նամակն ամենայն հավանականությամբ իսկական է։ Սակայն, ինչպես երեւում է, իրաքցիները չեն պատրաստվում սկսել պարտիզանական գործողություններ, այլ ընդհակառակը՝ լեզու են գտնում զավթիչների հետ։ Նման զարգացման պատճառների մասին արդեն գրվել է («Առավոտ», թիվ 69, 70)։ Ի դեպ, ամերիկացիները անսպասելիորեն փոխարինեցին Իրաքի ժամանակավոր ղեկավար, պաշտոնաթող գեներալ Գարեւերին հատուկ ծառայությունների պաշտոնյա Պոլ Բրեմերով։ Երեւում է, այդ աշխատանքը չափից ավելի բարդ է թոշակառուի համար։ Ամերիկացիները մտադիր են նաեւ Իրաքի տարածքը բաժանել երեք սեկտորների, որոնց համար պատասխանատվությունը կստանձնեն ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Լեհաստանը։ Չի բացառվում նաեւ այլ երկրների մասնակցությունը։ ՄԱԿ-ին հատկացվում է ընդամենը հումանիտար օգնության համակարգողի դերը։ Միաժամանակ ԱՄՆ-ն, որն արդեն վերացրել է սեփական սանկցիաները Իրաքի դեմ, նախագիծ է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Իրաքի դեմ բոլոր միջազգային սանկցիաները վերացնելու նպատակով։ (Դե, իհարկե, ԱՄՆ-ն շտապում է անկաշկանդ արտահանել եւ վաճառել իրաքյան նավթը)։ Քոլին Փաուելի օգնականը պատրաստվում է մեկնել Բեռլին եւ Մոսկվա՝ համոզելու Գերմանիայի եւ Ռուսաստանի ղեկավարներին քվեարկել ներկայացված բանաձեւի օգտին։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Իրաքի հանդեպ սանկցիաները կարող են վերացվել միայն Իրաքում միջազգային տեսուչների աշխատանքի ավարտից հետո։ Ներկայումս իսկապես բանակցություններ են վարվում տեսչական խմբի եւ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի միջեւ։ Ինչպես տեսնում ենք, ԱՄՆ-ն չի պատրաստվում «աշխատել» Ֆրանսիայի հետ, քանի որ որոշված է, որ վերջինս «պետք է պատժվի» իր դիրքորոշման համար։ Զուգահեռաբար ամերիկացիները չեն կորցնում հույսը համոզելու աշխարհին, որ իրավացիորեն են սկսել պատերազմը։ Վերջին օրերին նորից հաստատվեց, որ Իրաքում հայտնաբերվել է մի շարժական լաբորատորիա, որտեղ հնարավոր է արտադրել կենսաբանական զենքի բաղկացուցիչ մասեր։ Սակայն պարզ է, որ դա լուրջ փաստարկ չէ, քանի որ չեն հայտնաբերված կենսաբանական զենքի պաշարները, որպես այդպիսին։ Թվում է, ամերիկացիների համար միակ հնարավոր ելքն է իսկապես հետ հրավիրել միջազգային տեսուչներին, որպեսզի նրանք շարունակեն աշխատանքները՝ արգելված զենքի որոնման ուղղությամբ։ Անկախ այդ աշխատանքի արդյունքներից, նախագահ Բուշը պետք է լուծի մի ավելի բարդ խնդիր՝ ինչպե՞ս վերականգնել միջազգային իրավունքի խաթարված համակարգը, որին իրաքյան պատերազմի փաստով ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան հակադրեցին ուժի իրավունքը։ Առայժմ քաղաքական քայլերը այդ ուղղությամբ չեն երեւում։ ԱՄՆ-ն ընդամենն աշխատում է լավացնել հարաբերությունները այն երկրների հետ, որոնք դեմ էին պատերազմի սկսվելուն։ Եթե ԱՄՆ-ի ղեկավարությունը ժամանակի ընթացքում չգիտակցի վերոնշյալ խնդրի կարեւորությունը, նա ապագայում լուրջ պրոբլեմներ կունենա միջազգային քաղաքականության ասպարեզում։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ