Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԻՏԱԿ ՎԱՐԴԵՐ՝ ՄԱՅԻՍԻ 25-Ի ՀԱՄԱՐ

Մայիս 10,2003 00:00

ՍՊԻՏԱԿ ՎԱՐԴԵՐ՝ ՄԱՅԻՍԻ 25-Ի ՀԱՄԱՐ Նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված լարվածությունը բավականաչափ թուլացել է։ Պատճառները բազմաթիվ են եւ դրանցից մեկը, ըստ էության, կապված է ԱԺ առաջիկա ընտրությունների հետ։ Այսինքն՝ սահմանադրորեն պարտված ընդդիմությունը մտել է պայքարի նոր հուն, որտեղ չեն բացառվում իշխանությունների հետ հարաբերակցությունը վերստին ճշտելու հնարավորությունները։ Մի խոսքով, պայքարի այս փուլում ընդդիմությունը, ինչպես միշտ, որդեգրում է իշխանափոխության սահմանադրական ճանապարհը, որը ոչ թե Ստրասբուրգ, այլ տանում է Ազգային ժողովի ընտրություններ, ուր հաղթանակի հասնելով կարելի է ետին թվով վերստուգման ենթարկել նախագահական ընտրությունները, մանավանդ ՍԴ նշանավոր որոշումը «վստահության հանրաքվե» անցկացնելու սողնակներ է թողել, թեեւ ոչ պարտադիր, բայց ցանկալի տարբերակով։ Քաղաքագիտական հոռետես վերլուծականներում ԱԺ-ում մեծամասնություն կազմելու ընդդիմության իղձերը միամտություն են համարում, միաժամանակ նշելով, որ ընդդիմությունը՝ ի դեմս «Արդարություն» դաշինքի, բաց է թողել հաղթանակի հասնելու իրական հնարավորությունը նախագահական ընտրություններում եւ օրենսդիր մարմնում առանցքային դեր ստանձնելու ցանկությունն ընդամենը քաղաքականության մեջ մնալու եւ մարգինալությունից խուսափելու ամենեւին էլ ոչ լավագույն ձեւն է։ Ելնելով հանրապետության վերջին տասնամյակի քաղաքական ընթացումների փորձից, կարելի է կարծել, որ նման տեսակետը բավական հիմնավորված է, եթե հաշվի առնենք, թե Հայաստանում սովորաբար որ ուժերն են ժամանակի ընթացքում մարգինալ-լուսանցքային դառնում։ Իսկ դա այնպիսի, չասեմ՝ օրինաչափություն, սակայն իրողություն է, որի հետ ոչ մի քաղաքական ուժ հաշվի չնստել չի կարող։ (Չնայած հարկ է միջանկյալ ասել, որ Հայաստանում որեւէ օրինաչափության մասին խոսելը բացարձակապես անիմաստ է, որովհետեւ դժվար է պատկերացնել մի երկիր, որի ոչ միայն արտաքին եւ ներքին քաղաքականությունը, այլեւ քաղաքական ցանկացած գործընթաց պայմանավորված լինի բացառապես իրադրությամբ եւ իրադրությանը հակազդելու պարզունակ արձագանքով)։ Գալով մեծ արագությամբ, ամենեւին էլ չպատճառաբանված, լուսանցքային ուժի վերածվելու խնդրին, վերհիշենք Վազգեն Մանուկյանի առաջնորդությամբ ձեւավորված 96-ի ընդդիմությունը, որը երկու տարի անց նախագահական արտահերթ ընտրություններում հազիվ հատեց 15 տոկոսի սահմանը, իսկ հինգ տարի ուշ՝ ամոթ է ասել ինչքան։ Ի՞նչ պատահեց. Վազգեն Մանուկյա՞նը փոխվեց, ազգային-ժողովրդավարական պետություն կառուցելու ծրագրե՞րն իրագործվեցին, որ քաղաքական չնչին ժամանակահատվածում դարձավ լուսանցքային երեւույթ։ Թվում է, ի՞նչ է պատահել. քաղաքական կյանքը մի գործընթաց է, որտեղ, ինչպես ավետարանական իմաստնությունն է հուշում՝ առաջինները դառնում են վերջին, վերջինները՝ առաջին։ Բայց էդ անտերը պետք է, չէ՞, տրամաբանություն ունենա։ Առասպելների մասին չենք խոսում՝ ավագ եւ կրտսեր Դեմիրճյանների մասին. այդ ինչպե՞ս է պատահում, որ, օրինակ, նույն ժամանակամիջոցին (98-ին) մեկ տոկոս քվե չհավաքած Արտաշես Գեղամյանը 2003-ին հանկարծ դառնում է քաղաքական լիդեր եւ ստանում մոտ 18 տոկոս ձայն։ Իհարկե, միշտ էլ հնարավոր է խելքին մոտիկ բացատրություն գտնել, բայց քաղաքական տրամաբանություն՝ անիմաստ է։ Կնշանակի, որ հայաստանյան քաղաքական կյանքում ոչ թե բնական իրողություններն են դեր խաղում, այլ բնավ էլ ոչ-քաղաքական, ավելի ճիշտ՝ արտաքաղաքական ուժերը, որոնք եւ կառավարում են այս ամենը։ Որովհետեւ չենք ենթադրում, թե նման խոշոր գործընթացներում կարող են պատահականություններ լինել։ Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ սկսած անկախ պետության հռչակումից (91-ին) գործել է ոչ թե վերելքի, ինչպես արեւելաեվրոպական, մերձբալթյան եւ մի շարք նորանկախացած երկրներում, որոնց ստարտային հնարավորությունները գրեթե նույնական էին, այլ պերմանենտ անկման օրենքը եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ մշակութային ու բարոյա-հոգեբանական ոլորտներում, այդ ամենին ուրիշ անուն չես տա, քան աղետ։ Անգլիացի ժամանակակից պատմաբան Տեյնտերն առաջարկում է հասարակական աղետի բացատրության երեք եղանակ. «դինոզավրի», «ճեպընթացի» եւ «թղթե տնակի» մոդելները։ Ըստ պատմաբանի, հասարակությունը, որտեղ գործում է «դինոզավրի մոդելը», նման է արձանի պատվանդանի, որի անշարժությունը նրան զրկում է արագ փոփոխություններին հակազդելու կարողությունից։ Այդպիսի հասարակությունը, համաձայն Տեյնտերի տեսության, ներփակ է եւ ունի զարգացման միմիայն փակուղային տարբերակ եւ փոփոխություններին հարմարվելու անկարողությունը նրա համար ճակատագրական է դառնում՝ տեղը զիջելով ավելի շարժուն, հետեւաբար՝ ավելի ագրեսիվ հասարակություններին։ «Ճեպընթացի մոդել» ունեցող հասարակությունը շարժվում է մեծ արագությամբ, ընդ որում՝ ավելի ու ավելի բարդացող իրավիճակներում, իսկ նման արագության պայմաններում, համապատասխանաբար, թուլանում է ուղղություն փոխելու կարողությունը եւ բավական է չնչին խոչընդոտ, որպեսզի այն ռելսերից դուրս ընկնի, ու աղետն անխուսափելի է։ Չանտեսելով վերոհիշյալ երկու մոդելների որոշ հատկանիշների առկայությունը հայ իրականության մեջ (արագորեն փոփոխվող աշխարհում կողմնորոշվելու դինամիկայի պակաս եւ թեթեւակի խոչընդոտների դեպքում իրեն կորցնելու հատկություն), կարծում եմ, որ մեզ ավելի «հոգեհարազատ» է «թղթե տնակի մոդելը», մանավանդ այն որոշակի ասոցիացիա է առաջացնում Խրիմյան Հայրիկի նշանավոր «թղթե շերեփի» պատկերի հետ։ Այս մոդելը ենթադրում է, որ տվյալ հասարակությանն ընդհանրապես կամ առանձին դեպքերում հատուկ է ընդգծված փխրունություն՝ կապված բնական պաշարների անբավարարության հետ, ինչն էլ նրա անկումը դարձնում է անշրջանցելի։ Իհարկե, կարելի է բազմաթիվ երկրների օրինակներ բերել, որտեղ նույնպես առկա է պաշարների անբավարարություն, որոնց, սակայն, աղետ չի սպառնում եւ, իհարկե, նաեւ օրինակներ, երբ հսկայական պաշարների գոյությունը չի օգնում, որ տվյալ երկիրը ժամանակ առ ժամանակ չհայտնվի աղետի եզրին։ Ինձ թվում է, որ երկու դեպքում էլ հավասարապես կարելի է հղում անել առ այն, որ աղետի չափումը կամ կանխելու անկարողությունը հիմնականում կախված է տվյալ երկրի իշխող (պարտադիր չէ) վերնախավի ռացիոնալությունից կամ ռացիոնալիզմի բացակայությունից։ Սակայն, մյուս կողմից, դա առաջացնում է հոգեբանական երկբեւեռություն՝ անլիարժեքության բարդույթի բոլոր ախտանիշերով, որոնց հաղթահարման բանալին ոչ թե պետք է որոնել մեր չարաբաստիկ պատմության բավիղներում, ինչպես մինչեւ հիմա վարվել ենք եւ ինչը կիրառելի է հոգեվերլուծական բուժումներում, այլ մերձավոր ապագայում՝ մայիսի 25-ի ընտրություններում։ Կհաղթահարե՞նք իշխող վերնախավի պարտադրած «մենթալիտետը», թե՝ ոչ, դրանից էլ կախված կլինի, թե կկարողանա՞նք կանխել ուրվագծվող աղետը։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել