Լրահոս
Օրվա լրահոսը

Որ նամակներին պատասխան չի տրվում

Մայիս 10,2003 00:00

Որ նամակներին պատասխան չի տրվում Գյուղատնտեսական ակադեմիայում ՀՀ նախագահի՝ ուսանողների հետ հանդիպման ժամանակ կոնսերվատորիայի ուսանողուհիներից մեկը նախագահին դիմեց՝ իրեն դահլիճ տրամադրելու խնդրանքով, եւ նախագահն էլ խոստացավ ընդառաջել, միայն թե աղջիկը պետք է դիմում ներկայացնի: Կուզեի, որ մեր նախագահը ինձ էլ մի փոքր շնորհ աներ եւ ծանոթանար բազում նամակներիցս գոնե մեկին: Նախագահականում, սակայն, նամակների բաժնի պատասխանատու Աիդա Ղուկասյանն ասաց, որ տեխնիկայի վերաբերյալ ոչ մի նամակի պատասխան չի տրվում: Վերջին տարիների գիտատեխնիկական նվաճումների վրա հիմնված իմ գյուտերը կարող են օգտագործվել Հայաստանի համար կարեւորագույն էներգաարտադրության ասպարեզում, առավելեւս, որ դրանք աշխատում են շրջապատում առկա ցանկացած ջերմաղբյուրների օգտագործմամբ, ունեն առավելագույն ՕԳԳ, էկոլոգիապես մաքուր են: Այս աշխատանքների անտեսումը թույլատրելի է միայն նրանցում տեսական կամ այլ կարգի սխալների հայտնաբերման դեպքում, ինչը երբեւէ չի նկատվել որեւէ մասնագետի կողմից: Հեղինակ եմ նաեւ 250-ի հասնող նորարարական ներդրումների՝ մեկ միլիոն ռուբլու հասնող տնտեսական արդյունքով: Է՞լ ինչ է հարկավոր, որպեսզի արժանանալ երկրի տեխնիկական առաջընթացում պատասխանատու անձանց ուշադրությանը: Մեր պատգամավորության թեկնածուների նախընտրական ճառերում տեխնիկայի առաջընթացի մասին որեւէ իրատեսական առաջարկության չես հանդիպի, բացի այն, որ ինքը պետք է աշխատատեղեր ստեղծի, գիտությանը օժանդակի եւ նման սին խոստումներ: Որեւէ պաշտոնյայի մտքով անցնո՞ւմ է, արդյոք, որ տրակտորի գյուտն իր օգտակարությամբ հազարապատիկ գերազանցում է աշխարհի երկրների պառլամենտների օրինաստեղծ օգուտները, որ, ըստ ակադեմիկոս Սադովնիչի, եվրոպական երկրների բյուջեների 75 տոկոսը գոյանում է Մակսվելլի էլեկտրամագնիսական տեսության դրույթների կիրառման շնորհիվ: Հայ մարդուն զրկիր ստեղծագործական հնարավորություններից, եւ նա կվերածվի անպտուղ քաղաքական գործչի, բուսաբույժի, վառելիքի առեւտրականի կամ պարզապես հարբեցողի: Վերջերս հեռուստատեսությամբ իմացա, որ էներգետիկական աշխատանքների խրախուսման համար Ռուսաստանում Վ. Պուտինի նախաձեռնությամբ շնորհվել են 900 հազար դոլարի մրցանակներ: Մեզանում, որ ոչ գազ ունենք, ոչ նավթ, մարդիկ մասնագիտանում են սեփականաշնորհման ու «տանիքաշինության» մեջ, ու, հակառակ Ռուսաստանի, մրցանակներ են շնորհում էներգետիկական մշակումները ոչ թե օգտագործելու, այլ դրանց անտեսելու ցանկացած ձեւեր կիրառելու համար: ՊԵՏՐԱԳ ՆԱՋԱՐՅԱՆ Խմբագրությունն ունի Պ. Նաջարյանի՝ մասնավորապես «Ջերմային շարժիչ» գյուտին վերաբերող բոլոր երաշխավորագրերն ու կարծիքները, որ տրվել են ճարտարագիտական ակադեմիայի նախագահի եւ այլ մասնագետների կողմից: Սակայն նշենք, որ մեր գյուտարարների գյուտերի ներդրման եւ դրանց իրագործման համար հաճախ ավելի շատ ծախսեր են պահանջվում, քան գիտությանը տրամադրվող տարեկան բյուջեն է: Այդ իսկ պատճառով, նմանատիպ խնդիրների առնչությամբ պետք է ակնկալել հատկապես անհատ անձանց հովանավորչությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել