Լրահոս
Օրվա լրահոսը

Թափված ծով արյուն՝ «մեզ նմանների» համար

Մայիս 10,2003 00:00

Թափված ծով արյուն՝ «մեզ նմանների» համար Մայիսի 9-ը Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) ղեկավար Վլադիմիր Դարբինյանի համար «Մեծ հաղթանակի տոն է, որը ձեռք է բերվել կոմկուսի գլխավորությամբ եւ Ստալինի առաջնորդությամբ»։ Իսկ, օրինակ, Հայրենական մեծ պատերազմի վետերան, նախկին կոմունիստ Անժելա Կարճիկյանը եւ իր նման շատերը, որոնք նույնպես երեկ Հաղթանակի զբոսայգի էին եկել զոհվածների հիշատակը հարգելու համար, չեն կուսակցականացնում այդ տոնը։ Նա շատերի նման «տեսնում» է, որ կոմունիստական «նախկին մաքրությունն ու արդարությունը չի մնացել։ Նույնիսկ կոմունիստների մեջ»։ Երեկ Հաղթանակի զբոսայգում կային նաեւ այնպիսիք, ովքեր այստեղ էին եկել կոմկուսի «ետեւից»։ Օրինակ, կոմունիստ, վետերան, ոմն տիկին Քոչարյան, որ չցանկացավ անունը նշել, նույնիսկ ասաց, որ «անպայման շուտով կգան կոմունիստները»։ «Առավոտին» էլ հորդորեց, որ «սրա մասին» գրելու փոխարեն գրենք. «Թող մեր նպաստները տան»։ Թեեւ ՀԿԿ-ն «սեփականաշնորհում» է այսպիսի տոները, բայց պետք է նկատել, որ երեկ պատերազմում զոհվածների հիշատակը հարգողների ընդամենը չնչին մասն էր որպես կոմունիստ ներկայացել։ Իսկ «Արդարություն» դաշինքին, ՔԴՄ-ին, ՀՆԿԿ-ին եւ մյուս կուսակցությունների ղեկավարներին հետեւում էին նույնքան մարդիկ, որքան ՀԿԿ-ին։ Շատերն Անհայտ զինվորի գերեզմանին ծաղիկներ դրեցին ուղղակի «քաղաքացիական նախաձեռնությամբ»։ Ոմանք ձայնագրիչ տեսնելով, հիշելով պատերազմի օրերը, ոգեւորվում էին ու սկսում պատմել ճակատամարտերի, իրենց կրած դժվարությունների, զոհված ընկերների մասին։ Հայրենական պատերազմի վետերան Ալեքսան Ավագյանը միաժամանակ դժգոհեց իրենց նկատմամբ պետության ոչ բավարար ուշադրությունից եւ, ընդհանրապես, այն պետությունից, որ «ստացվել» է անկախություն հռչակելու արդյունքում. «Էդքան ծովից ծով արյուն թափեցինք ձեզ նմանների համար, բայց խաբեցին, կողոպտեցին։ Ասում են անկախ, հպարտ Հայաստան։ Էդ որտեղի՞ց, եթե մեր սերունդը չլիներ»։ Իսկ կողք կողքի հանգիստ ու խաղաղ նստած երեք կանանց ընդամենը պետք էր հարցնել, թե որ կուսակցությանն են համակրում եւ ում հետ են եկել, որ սկսեին վիճաբանել։ Սեդա Սեւոյանն ասաց. «Կոմունիստ եմ եղել, մնացել եմ կոմունիստ»։ Մյուսը, որին թույլ չտվեցին անունն էլ ասել, արդեն ՀՅԴ-ին է հավատում, «որովհետեւ կոմունիստները մինչեւ վերջ չպայքարեցին, չնայած բոլոր կուսակցություններն էլ ցանկանում են, որ հայրենիքը ոտքի կանգնի»։ ՀԺԿ-ական Ռիմա Հակոբյանը նրան հորդորեց բոլորի անունը չտալ. «Բոլորը չեն պայքարում, հատկապես դաշնակցականները 18-20թթ. երկիրը ծախեցին։ Հիմա էլ բոլոր ընտրական հանձնաժողովներում դաշնակցականներ են ընդգրկված։ Աշխատում են ամեն ինչ անել, որ իրենք հաղթեն, բայց չի հաջողվի»։ Խորհրդային տարիներից «ժառանգած» հերթական տոնը կոմկուսին չհաջողվեց «մեծ շուքով» օգտագործել նախընտրական նպատակներով։ Ընդամենը նշեցին։ Իսկ նախընտրական արշավի ընթացքը ՀԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանը գնահատում է բավարար։ Նույն հարցում առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը լավատես է հետեւյալ պատճառով. «տեսնում եք, ինչպիսի զանգվածներ են հավաքվել», նաեւ մյուս կուսակցությունների համախոհներին, անկուսակցականներին ու մեդալներով զարդարված վետերաններին ցույց տալով, նշեց նա։ Ա. ՈՒ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել