Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ

Մայիս 10,2003 00:00

ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ Ստեփան Դեմիրճյանի կողմից մամուլում առաջադրված հարցին ի պատասխան՝ հնչել է տեղեկություն, թե իր կողմից մասնագետների հետ քննարկվում է նախագահական ընտրությունների արդյունքների առնչությամբ Եվրոդատարան դիմելու խնդիրը: Հնչել է նաեւ հավաստիացում, որ իր քայլերում լինելու է հետեւողական: Հետեւաբար, «Ազատ ընտրության իրավունքի» ոտնահարումը ՀՀ իշխանությունների կողմից ամենայն հավանականությամբ կդառնա Ստրասբուրգում դատաքննության առարկա: Եվ դա հարկավոր է ոչ այնքան Դեմիրճյանին, որքան Հայաստանի ժողովրդին: Ինչո՞ւ: Մի ակնբախ պատճառաբանությամբ՝ հայաստանյան իշխանությունները կամ չեն ցանկանում, կամ ուղեղը օղիով փոխարինած լինելու պատճառով անկարող են գիտակցել, որ Եվրախորհրդին անդամակցելով իրենք պարտավորություն են ստանձնել մարդու իրավունքները պաշտպանել: Ինչպե՞ս կպաշտպանեն՝ դա իրենց խնդիրն է: Դրա համար քանի օրենք կընդունեն եւ կվերացնեն, նույնպես ոչ մեկին չի հետաքրքրում: Մինչդեռ այս երկրում ոչ թե Արտակ Սահրադյանի կարգի մեկը, որ միջազգային սեմինարում հայտարարում է, թե Հայաստանի ժողովրդավարությունը 7 տարեկան է, որովհետեւ մինչեւ 1995թ. հայերը սահմանադրություն չեն ունեցել /նման տգիտությունից Շահամիրյանն ու Օտյանը երեւի շիրիմներում շուռ են եկել/, այլեւ պետական մարմիններ հանդիսացող ՀՀ Գլխավոր դատախազությունն ու Արդարադատության խորհուրդն են ժողովրդավարությունը նույնացնում Սահմանադրության, օրենքը՝ իրավունքի հետ: Երբ Նաիրի Հունանյանին երաշխիքներ տալու խնդիր է, որպեսզի հանկարծ հուսահատությունից անցանկալի ազգանուններ չհոլովի, Քրեական օրենսգիրքը կարող է ստորակայվել կյանքի իրավունքին: Երբ խաղաղ հանրահավաքների իրավունքին բռնանալու խնդիր է, օրենքի հոդվածներով կաշկանդված խեղճ իշխանություններն ինչպե՞ս իրավունք պաշտպանեն: Մինչդեռ ՀՀ ՍԴ որոշման դեմ հարձակումները եթե լինեին միայն Քոչարյանի ջղագարությունների մակարդակում, կարելի էր իրավիճակը սպառնալից չհամարել: Կյանքը, միջազգային իրադրությունը, ներքաղաքական զարգացումները նրան այնպես կճնշեն, որ այդ «վստահության հանրաքվեն» էլ շուտով փրկօղակ կթվա, դա էլ կխնդրի ու չի ստանա: Բայց խնդիրը մեկ տարով նախագահի պաշտոնակատար թողնված Քոչարյանը չէ: Անհամեմատ լուրջ է այն, որ երկրի Արդարադատության խորհուրդը եւ Գլխավոր դատախազությունն ընդունել են հայտարարություններ, որով հրաժարվում են մարդու իրավունքների աղաղակող խախտումների դեմ ոչ թե պայքարելուց, այլ անգամ ձայն բարձրացնելուց: Եթե հայաստանյան դատարանները կայացնում են որոշումներ, որոնք «միջամտություն են Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 11 հոդվածով նախատեսված խաղաղ հավաքների ազատության իրավունքին», ապա Հայաստանն իր ներպետական իրավունքի ի՞նչ կարգ է վկայակոչելու՝ ցույց տալու համար, թե ապահովում է «Հավաքների եւ միավորման ազատության» արդյունավետ իրականացումը: Դիցուք, ԵԽ Գլխավոր քարտուղարը՝ համաձայն Կոնվենցիայի 52 հոդվածի, նման պարզաբանումներ պահանջի: ՀՀ իշխանությունները չեն գիտակցում իրենց ստանձնած պարտավորությունները, ՍԴ-ի կողմից դրանց մասին հիշեցումներն էլ սվիններով են ընդունում: Հետեւաբար, մնում է Եվրոդատարանը նրանց կարգի հրավիրի: ՀՀ Արդարադատության խորհուրդը, որ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներ է կազմում, առաջարկություններ է ներկայացնում նրանց դասային կոչումներ շնորհելու կամ լիազորությունները դադարեցնելու մասին, վերջապես վարչական պատասխանատվության է ենթարկում դատավորներին, ո՞ր տրամաբանությամբ պետք է չհակազդի իրողությանը, որ իր երաշխավորած դատավորները «Հանուն Հայաստանի Հանրապետության» մարդու իրավունք են ոտնահարում: Ընդսմին՝ բացահայտորեն եւ զանգվածաբար: Եթե Արդարադատության խորհրդի՝ «օրենսդրության գիտակները» կարծում են, որ ՀՀ դատարանների կողմից Կոնվենցիայի դրույթների ոտնահարումը իբրեւ երեւույթ իրենց քննարկման կամ մտահոգության խնդիրը չէ, եւ սա հայտարարվում է ի պատասխան ՍԴ-ի, ապա ցանկացած քաղաքացի կգիտակցի, որ ՀՀ դատական իշխանությունում մարդու իրավունքների խախտումները ոչ թե վերականգնելու, այլ նույնիսկ կանխելու ներպետական միջոցները սպառված են: Նույնն է եւ ընտրակեղծիքներ կատարած անձանց դեմ օրենքով նախատեսված կարգով քրեական գործեր հարուցելու, քննություն վարելու խնդրում Գլխավոր դատախազության որդեգրած անգործության պարագային: Փոխարեն կարգի հրավիրվելու՝ ճամարտակություններ հնչեցին, թե ՍԴ որոշումը քաղաքական բնույթ է կրում: Դատախազության «օրենսդրության պահապանների» մտածողությանը երեւի հասու չէ, թե ինչ է իրավունք, ասենք՝ նույն Կոնվենցիան, ըստ նրանց, քաղաքակա՞ն փաստաթուղթ է: Չէ՞ որ ՍԴ որոշումը կատարելապես համահունչ էր հենց Կոնվենցիայի ոգուն: Դատախազությունում թերեւս չգիտեն, որ իրենց կամայականությունների համար վահան դարձված ՀՀ Սահմանադրությունն ունի 6-րդ հոդված, որը սահմանել է միջազգային պայմանագրերի գերակայությունը ՀՀ օրենքների հանդեպ: Ոչ մի օրենք չի կարող արդարացնել իրավունք խախտելը: Ոչ մի օրենք չի կարող արդարացնել իրավախախտին պատժելուց հրաժարվելը: Եվ եթե պետական մարմինները օրենքներ են վկայակոչում՝ հիմնավորելու համար, թե ինչու պարտավոր չեն մարդու իրավունքները պաշտպանել, դա վերջաբան է: Դա նշանակում է, որ Հայաստանում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան ոտնահարվում է կազմակերպված կերպով, պետական իշխանության կողմից: Այդպիսի պետությանը ստանձնած պարտավորությունները հարգել կարող է ստիպել միայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Հետեւաբար Ստեփան Դեմիրճյանը ոչ այնքան ժողովրդի կատարած ընտրությանը տեր կանգնելու, որքան Հայաստանում մարդու իրավունքների գերակայություն հաստատելու հրամայականից ելնելով պետք է դիմի Եվրոպական դատարան: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել