ԸՆՏՐԵՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ ՀՅԴ քարոզչական խմբերի կազմում հանդիպումից հանդիպում նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, որն այժմ արձակուրդում է, ընտրողներին միայն մի կոչ է անում՝ «Կատարեք իսկապե՛ս քաղաքական ընտրություն»: Նա հիշեցնում էր, թե թյուր պատկերացում է ձեւավորվել, որ ԱԺ պատգամավորը պետք է լուծի տվյալ համայնքի բնակիչների կենցաղային խնդիրները: Մինչդեռ առաջարկում էր հիշել՝ «Ձեր ընտրած պատգամավորներից քանի՞սն այսօր ունեն վճռականություն՝ կառավարության սխալների համար պատասխանատվության կանչել կառավարությանը եւ, եթե հարկ կա, նույնիսկ քվեարկել անվստահության օգտին: Ուրեմն՝ պետք է այնպիսի մարդիկ լինեն ԱԺ-ում, որոնք ձեր դժգոհությունը կարողանում են տեղ հասցնել եւ առաջարկել լուծումներ»: Նաեւ առաջարկում է հիշել՝ արդյոք անցած տարիներին գործադիր իշխանությունը գտնվե՞լ է ԱԺ բավարար վերահսկողության ներքո. «Պատգամավորները սովորական, նույնիսկ՝ կենցաղային հարաբերությունների մեջ են մտնում կառավարության հետ՝ փոխանակ իսկապես իրականացնեն քաղաքական վերահսկողություն եւ հետեւեն, թե որքանո՞վ արդյունավետ է աշխատում գործադիր իշխանությունը, ինչպիսի՞ խախտումներ են արվում, արդյոք օրենքի առջեւ բոլորը հավասա՞ր են, արդյոք իրագործվո՞ւմ են հայտարարված ծրագրերը, արդյոք ժողովրդի հոգսերը հոգալու համար գործադիր իշխանության բոլո՞ր մարմիններն են անհրաժեշտ ջանքեր գործադրում: Ա՛յ, այս երկու գործառույթների համար եք դուք ընտրում պատգամավոր: Բայց արդյոք դրանո՞վ եք կողմնորոշվում եւ առաջնորդվում, երբ գնում եք ընտրելու»: Արտաշես Թումանյանը նաեւ ասում է. «Խորհրդարանը շատ հաճախ հակված է իր մեջ ունենալ ապաքաղաքական տարրեր, մարդկանց, որոնք մտնում են ԱԺ ոչ քաղաքական հատկանիշներ, պատկանելիություն եւ նպատակներ ունենալով: Այսօր էլ կա այդ վտանգը, որ ապաքաղաքական ուժերը կարող են մտնել ԱԺ, որը թիվ 1 քաղաքական մարմինն է Հայաստանում… Վստահ եմ, որ այս ԱԺ-ում էլ են լինելու այդ ապաքաղաքական տարրերը: Կուսակցություններին շատ տված ձեր քվեները փոքրացնելու են ապաքաղաքական տարրերի դերն ապագա խորհրդարանում՝ այն մարդկանց, ովքեր ԱԺ-ն դիտում են իբրեւ ուղղակի հովանոց»: Թերեւս հռետորական հարց է, թե ինչո՞ւ ներկա ԱԺ-ում ՀՅԴ պատգամավորներն էլ առանձնապես ակտիվ չեն եղել կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու խնդրում: Ա. Ի.