ՄՐՑԱՊԱՅՔԱՐԻ ԵՆ ԳՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ Մեկը՝ քաղաքական գործիչ, մյուսը՝ տնտեսագետ Թիվ 3 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված հիմնական թեկնածուներից մեկը՝ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Ղուկաս Ուլիխանյանը, ԱԺ պատգամավոր է եւ օրենսդիր աշխատանքի 4 տարվա փորձ ունի: Շատերին նա հայտնի է՝ որպես ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իմփիչմենթի գործընթացն ԱԺ-ում գործնական հունի վրա դնողներից մեկը: Նա էր, որ ստանձնեց ԱԺ ամբիոնից կարդալ ԱԺ մի քանի պատգամավորների՝ իմփիչմենթ սկսելու օրենսդրական նախաձեռնությունը, մասնակցեց «ԱԺ ամբիոնի գրավման» «օպերացիային»՝ մինչ այդ ունենալով Ղարաբաղյան ազատամարտի ընթացքում «Նիկոլ Դուման» ջոկատում ճակատի թեժ կետերում լինելու փորձը: Ու եթե այս վերջինի համար նա պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյան» եւ ԵԿՄ մեդալներով, ապա՝ ԱԺ ամբիոնի գրավման համար «վաստակել» է իր «ականջը քաշված» տեսնելու՝ Ռ.Քոչարյանի սպառնալիքը: Խոսելով նախընտրական ծրագրերի մասին՝ թեկնածուն հիշեցրեց, որ ինքն ավարտել է Բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետը: Գործող ԱԺ-ում գլխավորում է Առողջապահության ենթահանձնաժողովը, եղել է այն պատգամավորների ցանկում, ովքեր դեմ են քվեարկել առողջապահության ոլորտի օպտիմալացման ծրագրին, որը տասնակ հազարավոր մարդկանց գործազրկության պատճառ էր դառնալու: Դեմ է եղել սեփականաշնորհման ցանկում առանձին բուժհիմնարկների, այդ թվում՝ Նորքի հոգեբուժարանի, սեփականաշնորհմանը, առողջապահության ոլորտին վերաբերող մեկ տասնյակից ավելի օրենսդրական նախաձեռնությունների համահեղինակ է: Նա կարեւորում է հարկային համակարգի բարեփոխումները, սոցիալական ոլորտն ու աշխատատեղերի ստեղծման հիմնախնդիրը, կոռուպցիայի դեմ պայքարը, երկրում իրական ժողովրդավարության հաստատումը: Որպես ընդդիմադիր՝ ընտրվելու իր շանսերը գնահատելով, մատնանշեց, որ դրանք բարձր են գնահատել NDI միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչները, որոնք այցելել են իրեն: Ինչ վերաբերում է հիմնական մրցակիցներին՝ նկատեց, որ դա դեռ նշմարելի չէ, որովհետեւ իշխանական թեկնածուն հստակեցված չէ. «Թիվ 3-ում ես գաղափարական մրցակից, համենայն դեպս, չունեմ»: Պատգամավորից դժգոհելու առիթ են ունեցել նրա ընտրողները՝ նա իրենց տանիքը չի վերանորոգել, ասֆալտ չի արել: Արձագանքելով սրան՝ թեկնածուն ասաց, որ այդ դժգոհությունները փարատվում են ընտրողների հետ հենց առաջին հանդիպման ժամանակ. «Երբ բացատրում ես, որ դա ոչ թե պատգամավորի, այլ՝ թաղապետի կամ համատիրության գործն է, մարդիկ ընդունում են: Բացի այդ, անցյալ 4 տարիներին ես ստացել եմ շուրջ 3000 դիմում-խնդրանքներ, որոնց մեծ մասը մասամբ կամ ամողջությամբ բավարարվել են: ԱԺ-ում մեծամասնություն ունենալով նաեւ ես՝ որպես Դաշինքի ներկայացուցիչ, կկարողանամ աջակցել եւ իրագործել ոչ միայն իմ, այլեւ Դաշինքի ծրագրերը»: Ի տարբերություն Ղ.Ուլիխանյանի, որի նախընտրական ծրագրի շեշտադրումները քաղաքական նպատակներ են հետապնդում, «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանինն առավելապես տնտեսական դաշտին են վերաբերում: Ընդ որում, հենց Ա.Օսիպյանին է հաջողվել իր այստեղ աշխատած 5 տարիների ընթացքում ճգնաժամ ապրող բանկն «ուշքի բերել», որն այսօր հանրապետությունում գործող լավագույն ու առաջատար բանկերից մեկն է: Ավելի քան բարեկիրթ ու պարկեշտ այս երիտասարդը հասցրել է հարուստ կենսագրություն ունենալ, որի մանրամասներին չենք անդրադառնա: Նշենք միայն, որ վերջինս իր աշխատանքային գործունեությունը սկսել է դեռ Ճարտարապետաշինարարական ինստիտուտում ուսանելու տարիներին՝ «Երեւանշին» ձեռնարկությունում բանվորի կարգավիճակից: Ավարտել է նաեւ ՀՀ ԳԱԱ տնտեսագիտական ինստիտուտի ասպիրանտուրան: Կենսագրական տվյալներից արդեն պետք էր ենթադրել, որ Ա.Օսիպյանը ՀՀ խորհրդարանում իր տեղը տեսնում է հատկապես տնտեսական ոլորտի օրենսդրության մշակման համատեքստում: Որպես այդպիսին, փորձ ունի՝ հիմնականում դեռ ՀՀ ֆինանսների նախարարությունում աշխատած ժամանակահատվածում ներգրավված է եղել ՀՀ կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունների մշակման գործում, եղել է նաեւ կառավարության ներկայացրած երեք տասնյակ որոշումների հեղինակ: «Հիմա ունենալով նաեւ բանկում աշխատելու պրակտիկ փորձ, ուզում եմ այս երկուսը՝ օրենսդրական եւ գործադիր աշխատանքի փորձը, համատեղելով ինչ-որ բանով մեր ժողովրդին օգտակար լինել»: Բառի դրական իմաստով, իր ուրույն ու թարմ մտածելակերպով, եվրոպական արժեքներ դավանող «նոր հայի» նախընտրական ծրագրի հիմնական շեշտադրումներն էլ ուղղված են հենց տնտեսական օրենսդրության մշակմանը. «Արդեն կան որոշակի նախագծեր, որոնք վերաբերում են ոչ միայն ֆինանսական շուկայի զարգացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություններին, այլեւ՝ դատական համակարգի կարգավորմանը»: Նա կարեւորեց աշխատատեղեր ստեղծելու, բիզնեսը խրախուսող հարկային դաշտ եւ օրենսդրություն ստեղծելու խնդիրը, սոցիալական ուղղվածություն ունեցող, բյուջետային քաղաքականությունը: Ա.Օսիպյանը խոստանում է՝ ընտրողների հետ մշտական կապ ապահովել՝ իր մշտական գործող երկու գրասենյակների միջոցով: Կարեւորում է նաեւ, որ օրենքները սկիզբ առնեն ու բխեն հենց այն մարդկանցից ու ոլորտներից, որոնց համար այդ օրենքը պետք է գործի, որ ոլորտի կարգավորմանը դրանք ուղղված են. «Ես, իրոք, ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր ինձ ընտրելու են, չհիասթափվեն: Դա ինձ համար կարեւոր է, եւ ես դա շատ եմ արժեւորում»: Մրցակիցներն ասում են, թե Ա.Օսիպյանն այլոց նման ընտրվելու համար ասֆալտ է անում, որ նրա նախընտրական շտաբի անդամները տնից տուն են գնում ու նրան քարոզում՝ որպես ընդդիմադիր թեկնածու «Արդարություն» դաշինքից: Թեկնածուն հայտարարեց, որ նման բան իրականում չկա. «Ես կուսակցական չեմ, երբեք չեմ եղել, ուստի որեւէ դաշինքի անունից հանդես գալ չեմ կարող: Իսկ ասեկոսեները միայն սադրանք են այն մարդկանց կողմից, ովքեր գիտակցում են իմ ուժն ու ընտրվելու հնարավորությունը»: Նա որեւէ կերպ «սադրանքի չտրվեց» եւ չպատասխանեց իր մրցակիցների ոչ հիմնական լինելու, ոչ նրանց ընտրվելու շանսերը գնահատելու մասին հարցերին: Բավարարվեց սրանով. «Շանսեր կան, դրանք մեծ են, թեեւ առաջին անգամ եմ մասնակցում այսօրինակ մրցապայքարի: Ես իմ բոլոր մրցակիցներին եմ հարգում եւ հաջողություն եմ մաղթում նրանց: Մինչ այս իմ ունեցած ազնիվ մարդու համբավն ինձ տրված ամենաթանկ գնահատականն եմ համարում: Համոզված եմ, որ մարդիկ կգնահատեն իմ անցած ճանապարհն ու կքվեարկեն ինձ»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ