Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԻ»-Ն ԿՍԵՂՄԻ՞ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ՁԵՌՔԸ

Մայիս 10,2003 00:00

«ՉԻ»-Ն ԿՍԵՂՄԻ՞ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ՁԵՌՔԸ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը «Չորրորդ իշխանություն» թերթին դատի տալուց հետո է միայն հաշտության եզրեր գտնելու պատրաստակամություն հայտնում: Հիշեցնենք, որ Վլադիմիր Դարբինյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարան եւ «Չորրորդ իշխանությունից» պահանջում է «անհապաղ հերքել» թերթի 04.03.03թ. համարում տպագրված՝ «Ծտի խելքով կուսակցությունը» եւ 25.03.03թ. համարում՝ «Սերժի ցուցակն ու Վալոդի մարտի 8-ը» հոդվածները, որոնք, ըստ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի, «արատավորում» են ՀԿԿ պատիվն ու արժանապատվությունը: Բացի հերքման պահանջից, Վ. Դարբինյանը դատարանից պահանջել է նաեւ «անհապաղ» դադարեցնել «Չորրորդ իշխանության» գործունեությունը: ՀԿԿ առաջնորդից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է նա իր հայցադիմումում նման պահանջ ներկայացրել, ինչին ի պատասխան՝ Վ. Դարբինյանն ասաց. «Որովհետեւ մարտի 4-ի եւ 25-ի համարներում եղած հոդվածներում, որոնք վերաբերում էին Կոմկուսին ու մասնավորապես՝ ինձ, հերյուրանքներ, զրպարտանքներ կան: Վիրավորական է, չէ՞: Բա ի՞նչ անենք: Մարդու /նկատի ունի իրեն.- Լ. Ս./ հասակը, արժանապատվությունը պետք է հարգե՞լ, թե՞ չէ,- վրդովված ասաց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարն ու ավելացրեց,- այդ թերթը հազարավոր ընթերցողներ ունի ու մեր, իմ մասին ինչեր ասեք, որ չեն գրել: Ասեք՝ հիմա մենք ի՞նչ անեինք, որ դատի չտայինք: Հայտնի խոսք կա. ասում են՝ մարդուն մի նախադասությամբ կարող են արժանապատվությունից ու պատվից գցել, բայց հատորներ է պետք, որպեսզի հերքենք այդ մի նախադասությունը: Գրել են, թեՍերժ Սարգսյանի փողերով եմ նշել մարտի 8-ը: Հետո՞»: Այսքան մեծ նախաբանից հետո միայն Վ. Դարբինյանը պատասխանեց, թե ինչո՞ւ է որոշել թերթի գործունեությունը կասեցնելու պահանջով ներկայանալ դատարան. «Եթե մի թերթ զբաղվում է զրպարտությամբ, ապա այն ի՞նչ իրավունք ունի գոյատեւել: Ինչի՞ են վիրավորում, իմ հասցեին այնպիսի բաներ են գրում, որ վիրավորվում եմ»,- փորձում էր արդարանալ Վ. Դարբինյանը: Մեր դիտարկմանը, թե ՀԿԿ բյուրոյի անդամ Նորիկ Պետրոսյանն է նման «զրպարտանքներ» հասցեագրել իրեն եւ ոչ թե թերթը, Վ. Դարբինյանն ասաց. «Եթե Ն. Պետրոսյանը նման բան է ասել, նրանք, ի՛նչ է, պիտի թութակի նման կրկնե՞ն: Եթե դա Ն. Պետրոսյանի օրգանն է, ուրիշ բան: Շողեր Մաթեւոսյանը, Հրանտ Մաթեւոսյանը մեր ամենասիրելի ու հարգված բարեկամներն են: Ես մեծ հարգանք ունեմ այդ գերդաստանի նկատմամբ, բայց ինչո՞ւ է Շողեր Մաթեւոսյանը նման բան արել, ես նեղացած եմ նրանից: Ենթադրենք, Ն. Պետրոսյանը մի բան է ասել, թերթն անմիջապես պիտի գրի՞. Նորիկ Պետրոսյանը վեհափա՞ռ է, ինչ է, որ նրա խոսքը պիտի անպայման գրեին: Թող մի հատ էլ ինձ զանգեին, ի վերջո, փորձ ունեմ, հասակ ունեմ, կուսակցություն եմ ղեկավարում…»: Վլադիմիր Դարբինյանը սակայն ամենեւին էլ չի պատրաստվում իր կուսակից ընկերոջը դատի տալ եւ ի տարբերություն «ՉԻ»-ի՝ չի պատրաստվում «կասեցնել» ընկեր Պետրոսյանի գործունեությունը կուսակցությունում: «Դա արդեն կուսակցության ներքին գործն է. կարգապահության նորմեր ունենք՝ դրանով կանենք: Ն. Պետրոսյանին ես դատի չեմ տալու, նա բյուրոյի անդամ է»,- հայտարարեց Վ. Դարբինյանը: Բացի «Չորրորդ իշխանությունից», տարբեր լրատվամիջոցներ նույնպես անդրադարձել էին ՀԿԿ-ի վերոհիշյալ խնդիրներին, ուստի Վ. Դարբինյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է նա որոշել հատկապես դատաստան տեսնել «ՉԻ»-ի հետ ու դադարեցնել հենց «ՉԻ»-ի գործունեությունը: «Մեր՝ «Հայաստանի Կոմունիստ» թերթը գրել էր՝ դրան էլ պատասխանեցինք՝ շրջանառությունից ուղղակի հանեցինք»,- խոստովանեց Վ. Դարբինյանը: Վերջինս մեր միջոցով «ՉԻ»-ի հետ հաշտության «ձեռք» մեկնելու առաջարկ արեց՝ նշելով, որ ինքը կբավարարվի անգամ հերքումով: Սակայն այս առաջարկին ի պատասխան՝ Շ. Մաթեւոսյանն ասաց. «Ի՞նչը հերքենք: Թող Ն. Պետրոսյանը հերքի, հետո մենք կհերքենք: Դարբինյանը սխալ հասցեատիրոջ է դատի տվել»: Իսկ Շ. Մաթեւոսյանի հայտարարության առնչությամբ, թե՝ Վ. Դարբինյանը «պատվեր» է կատարում՝ պահանջելով կասեցնել թերթի գործունեությունը, Վ. Դարբինյանն ասաց. «Այդ դեպքում մենք անպայման հաշտության ճանապարհով կգնանք, որպեսզի փափկացնենք այդ մտածողությունը»: Ամենաուշագրավն այն է, որ Դարբինյանն արդեն հայցադիմում է ներկայացրել դատարան, որում առկա է «կասեցնելու» մասին պահանջը, եւ չի բացառվում, որ դատարանը «որոշի» բավարարել հենց այդ պահանջը: Պարզապես հետաքրքիր է՝ Վ. Դարբինյանը «կբավարարվի՞» կասեցված թերթում իր հերքումը չտեսնելով: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել