Ընտրությունից ընտրություն «Հաշմանդամները ոչ ոքի պետք չեն, իշխանություններն ինչ էլ որ խոստանում են, թղթի վրա է մնում։ Պարզվում է, մենք պետք ենք գալիս ընտրություններից ընտրություն»,- նեղսրտում է Վազգեն Առաջինի անվան պատերազմի հաշմանդամների բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Արշավիր Սահակյանը։ Ա. Սահակյանի խոսքերով, կազմակերպությունում ընդգրկված է Հայրենական, Արցախի, Աֆղանստանի պատերազմների 480 հաշմանդամ։ «Մեր նպատակը նրանց համար աշխատատեղեր ստեղծելն է, հոգսերը փոքր-ինչ թեթեւացնելը»,- ասում է Ա. Սահակյանը։ Վերջինիս մի մտահղացմանը արձագանքել է ՀՀ կառավարությունը, որի որոշմամբ Ներքին Շենգավիթում գտնվող նախկին թիվ 2 բաղնիքի կիսափուլ շենքը 10 տարի ժամկետով տրամադրվել է կազմակերպությանը՝ հաշմանդամների համար սայլակների արտադրություն հիմնելու նպատակով։ Իսկ կազմակերպության ուժերով կատարվող վերանորոգման աշխատանքների ծախսերը կհաշվարկվեն որպես վարձավճար։ Կազմակերպության ղեկավարը պատմում է, որ սեփական բիզնեսը հնարավորինս շուտ սկսելու համար շենքի տանիքը վերանորոգելու խնդրանքով դիմել են քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին։ «Խոստացել է օգնել, բայց մինչեւ օրս սպասում ենք։ Երեւի ուզում են, որ մենք մետրոների մոտ նստենք, մուրացկանություն անենք։ Չեն ուզում, որ աշխատենք, մեզ պահենք»: Վերջերս էլ Ա. Սահակյանը ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ եւ տարբեր ատյաններից օգնություն հայցել։ Նրա հավաստմամբ, միակ արձագանքողը Պարույր Սեւակի անվան տպարանի տնօրեն, գրող, հրապարակախոս Հովհաննես Մելքոնյանն է եղել, որն իր հեղինակած հայերի ցեղասպանության մասին գրքի 4000 օրինակ («Ոճիրի բուրգեր») նվիրել է կազմակերպությանը։ Գրքերը նախատեսել են վաճառել եւ ստացված գումարով հաշմանդամներին տրամադրված շենքը վերանորոգել։ Սակայն այս դեպքում էլ, պարզվել է, որ «հայոց ցեղասպանության հարցը քչերին է հետաքրքրել»,- ասում է բարեգործական կազմակերպության ղեկավարը։ Վերջինիս խոսքերով, ինքը հույս է ունեցել, որ գոնե գրքերի սպառումն իրենց վրա կվերցնեն ղեկավար մարմինները, սակայն այս հարցում էլ զլացել են։ Նախարարություններից ամենաընթերցասերը ճանաչվել են Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները, որոնք գնել են 50 գիրք։ Իսկ պաշտպանության նախարարությունից, ներքին գործերի համակարգից, որոնց եւս առաջարկ է եղել, պատասխան չեն ստացել։ Հաշմանդամներն ակնկալել են, որ մեկական գիրք գնելով էլ ԱԺ պատգամավորներն իրենց լուման կներդնեն։ «131 պատգամավորներից ընդամենը երկու մարդ է առատաձեռն եղել։ Իսկ Արագածոտնի մարզպետարանում թողած 30 գրքերից ոչ մի հատ չի վաճառվել։ Երեք ամիս անց 30-ն էլ հետ են ուղարկել»,- ասաց Ա. Սահակյանը։ Լ. ԲՈՒԴԱՂՅԱՆ