Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավախքի ԶԼՄ-ները կաթվածահար են

Մայիս 09,2003 00:00

Ջավախքի ԶԼՄ-ները կաթվածահար են Այսօր Ջավախքում գործում է լրատվության 6 միջոց, 3-ը՝ Ախալքալաքում, 3-ը՝ Նինոծմինդայում։ Դրանք, սակայն, չեն համապատասխանում ԶԼՄ կոչվելու ոչ մի չափանիշի։ Ջավախյան երկու թերթերն էլ չունեն պարբերականություն, իրականությունը ճիշտ ներկայացնելու կարողություն եւ հստակ դիրքորոշում։ Ախալքալաքի շրջանային «Փարոս» թերթը, որ տպագրվում է շրջանի բյուջեի հաշվին, լույս է տեսնում երբ պատահի՝ կախված շրջանի վարչության նախագահի ցանկությունից։ «Փարոսում» ամենաերիտասարդը հավաքարարն է՝ 57 տարեկան։ Թերթում զետվեղված են լինում հիմնականում հնացած նյութեր, որոնց ընթերցողը տեղյակ էր դեռեւս 2-3 շաբաթ առաջ։ «Փարոսում» (թեկուզ ուշացումով) երբեք չեն գրում շրջանի այն պրոբլեմների մասին, ինչպիսիք են էլեկտրական հոսանքի անհիմն անջատումները, ստվերային տնտեսությունը, աշխատատեղերի բացակայությունը, զանգվածային արտագաղթը, անձնագրերի ու ավտոմեքենաների տեխզննման աստղաբաշխական թվերի հասնող «գները», շրջանային վարչության, շրջանային ժողովի եւ «ընտրյալ» պատգամավորների անգործությունը։ Նույն վիճակում է նաեւ Նինոծմինդայի շրջանային «Արշալույս» թերթը։ Եվ Ախալքալաքի, եւ Նինոծմինդայի ռադիոկայանները չունեն սեփական ոչ մի ծրագիր, փոխարենը արբանյակային ընդունիչից վերցնում եւ վերահաղորդում են ինչ-որ ռուսական ռադիոալիք։ Մի՞թե նման աշխատաժամ եւ աշխատաոճ ունեցող ռադիոկայանները կարող են ծառայել որպես տեղական լրատվամիջոցներ, եթե բնակչությունը նրանցից որեւէ վերլուծություն, նորություն կամ լուր չի ստանում։ Համեմատաբար լավ վիճակում են հեռուստաընկերությունները։ Իսկ ամենաբարվոքը (թե իր հեռարձակման շառավղի երկարությամբ, թե ստեղծագործական ու տեխնիկական անձնակազմով) շրջանային «Ջավախք» հեռուստաընկերությունն է։ Նրա շնորհիվ էր, որ Զ. Գամսախուրդիան ժամանակին ստորագրեց մի որոշում, ըստ որի, Ջավախքի ներքին գործավարությունը ներկայումս իրականացվում է հայերենով, իսկ հայկական դպրոցներում ավելացել են հայոց լեզվի, հայ գրականության եւ հայ ժողովրդի պատմության ժամերը։ Նինոծմինդայի «Փարվանա» հեռուստաընկերությունն էլ աստիճանաբար փորձում է կայանալ։ Լրատվամիջոցի ինքնաֆինանսավորման լավագույն եղանակը գովազդն է, ինչը ջավախյան լրատվամիջոցներում իսպառ բացակայում է։ Փոխարենը մեկին ֆինանսավորում է ինչ-որ կուսակցություն, իսկ լրատվամիջոցը ստիպված քարոզում է նրա գաղափարախոսությունը, մոռանալով ազգայինի մասին։ Երկրորդը ֆինանսավորվում է շրջանի բյուջեից, ուստի հովվերգական գույներով է ներկայացնում շրջանային վարչության աշխատանքները։ Երրորդի գումարները «հոսում» են ամերիկյան դոնոր մի կազմակերպությունից, դրա համար էլ լրատվամիջոցը փորձում է ջավախեցուն ամեն գնով պարտադրել դրսեկ գաղափարներ։ Մի խոսքով, ջավախեցին հայտնվել է սայլակի, իսկ տեղական լրատվամիջոցները՝ կարապի, խեցգետնի եւ գայլաձկան կարգավիճակում։ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել