Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՐԻՖ ՉԷ»

Մայիս 09,2003 00:00

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՐԻՖ ՉԷ» Երեկ Ժուռնալիստի տանը հրավիրված մամլո ասուլիսում ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանն ու կուսակցության համամասնական ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Գագիկ Աբրահամյանը ավելի շատ խոսեցին կուսակցությունների վարկանիշերի վերաբերյալ մամուլում ներկայացված սոցհարցումների ու նրանց քարոզարշավների լուսաբանման մասին։ ՀՌԱԿ ատենապետն ընդհանուր առմամբ դրական գնահատեց հրապարակումները, չմոռանալով «իրականությանը չհամապատասխանող որոշ որակումների մասին»։ «Ելնելով նախորդ տարիների փորձից, մենք եկել ենք այն եզրակացության, որ նման հետազոտությունները միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը, բայց ընտրազանգվածին կողմնորոշելու կամ ապակողմնորոշելու հարցում մեծ դեր ունեն»,- ասաց Ռ. Միրզախանյանը։ Դրա համար էլ ՀՌԱԿ-ը կուսակցության վարկանիշի վերաբերյալ հասարակական կարծիքի սեփական հետազոտությունն է անցկացրել. ըստ Ռ. Միրզախանյանի, ՀՌԱԿ-ի վարկանիշը, ակտիվ քարոզարշավի շնորհիվ, գնալով աճում է։ ՀՌԱԿ ատենապետը կարծում է, որ մամուլը դեռեւս չի կարող առավելագույնս ազատ եւ անկախ լինել, քանի դեռ նյութապես անկախ չէ։ Ըստ նրա, մամուլի ազատ եւ անկախ լինելը պայմանավորված է տնտեսության զարգացմամբ եւ ժողովրդի կենսամակարդակի բարձրացմամբ։ Նա նաեւ փաստեց, որ հասարակությունը կորցրել է թերթ կարդալու երբեմնի կուլտուրան, որ պահպանվում էր մինչեւ 1990-ականները. «Ու քանի որ թերթերի գները բարձր են, անկախ գաղափարախոսական ելեւէջներից, միեւնույն է, դրանք քիչ են ընթերցվում»։ Գ. Աբրահամյանի կարծիքով, ԶԼՄ-ներն այսօր առաջ են անցել հասարակությունից. «Հասարակությունը հետ է մնացել ԶԼՄ-ներից, որովհետեւ լավ չենք ապրում։ Դրա համար էլ մեզնից յուրաքանչյուրը թերթը բացելիս անպայման ուզում է մեկի մասին մի վատ բան գտնել ու ջիգյարով կարդալ։ Քիչ են նաեւ տնտեսական թեմաներով վերլուծական հոդվածները»։ Բոլոր այն ելույթները, որոնցում առանց տնտեսական հիմքի հնչում են հայտարարություններ, թե իբր աշխատավարձերը, թոշակները կբարձրացվեն կամ սառեցված ավանդները կվերադարձվեն, Ռ. Միրզախանյանը համարում է խաբեություն ու պոպուլիզմ։ «118 տարիների ընթացքում ՀՌԱԿ-ը մի սկզբունք է ունեցել. եթե ընտրողին խոսք ես տալիս, պիտի չխաբես,- ասաց նա,- թեեւ հայաստանյան զարգացումները ցույց են տալիս, որ մեր ժողովուրդը սիրում է խոստումներ լսել»։ Ի տարբերություն նրա, Գ. Աբրահամյանը ժողովրդի մասին ավելի լավ կարծիքի էր. «Հարիֆ չի մեր ժողովուրդը։ Ուզում եք՝ կոմպյուտեր, շոկոլադ կամ ադամանդ բաժանեք, վերջում ում ուզի, նրան էլ ընտրելու է։ Պարզապես գյուղերում կենդանի շփման կարիք ունեն մարդիկ։ Թեկուզ առավոտյան 8-ին էլ հանդիպում նշանակես, դահլիճը կլցվի, անկախ նրանից, թե որ կուսակցությունն է։ Բայց նույն մարդիկ հեռուստացույցը իսկույն անջատում են, երբ ընտրությունների թեմայով հաղորդում է լինում»։ ՀՌԱԿ-ի զինանշանով շոկոլադներ արտադրելու վերաբերյալ (ինչի մասին «Առավոտը» գրել էր) կուսակցության ատենապետը պարզաբանեց, որ դրանք ոչ թե ընտրակաշառք են, այլ իրենց անդամների համար են նախատեսված։ Ըստ նրա, ՀՌԱԿ-ը սիրում է տոների առիթով իր անդամներին փոքրիկ ուշադրության արժանացնել՝ նվիրելով բացիկ, քաղցրավենիք, շոկոլադ։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել