Որ խեղճուկրակ չքայլեն Երեկ ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը քարոզարշավի շրջանակներում շնորհավորեց Ազատամարտի վետերանների միության անդամներին: Մինչ մեր ազատամարտիկներին շնորհավորելը, պրն Սահակյանը հիշեց դեռ 40-ն էլ չբոլորած մեր այն քաղաքական գործիչներին, ովքեր հիմա, խաղաղ պայմաններում են ազգափրկիչ ծրագրերից խոսում: Թե ում էր ակնարկում Գ. Սահակյանը, ենթադրություններ բազմիցս արվում են, ինչից խուսափելու համար էլ լավ կլինի իրերն իրենց անունով կոչել: Ինչպես հավաստիացրին զոհված ազատամարտիկների ընտանիքների շահերը ներկայացնող մի շարք կազմակերպություններ, վերջերս ՀՀ վարչապետը որոշակի լուծումներ է տվել այս ընտանիքների սոցիալական խնդիրներին: Թեկուզ՝ նախընտրական շրջանում: Այսպես՝ ամբողջովին լուծված է զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանների հարցը, եւ ընթացքի մեջ է ազատամարտիկ, առաջին կարգի վետերաններինը: «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկ Մարտին Սարգսյանն իր խոսքում հիշատակելով Արմենակ Արմենակյանի, Վազգեն Սարգսյանի, Աշոտ Նավասարդյանի անունն ու սխրանքը, մասնավորապես նշեց. «Մենք պայքարել ենք հայոց անկախ, գեղեցիկ, մարդկային բարգավաճման համար, հայոց անկախության համար: Ես երանի կտամ այն կուսակցությանը, ով չի մոռանա իր ժողովրդին: Գումարով հայրենիք փրկել չի լինի, գումարով միայն ջիպեր կարելի է առնել: Խնդրում եմ բարձրացնել մեր թոշակները: Որ մեր հաշմանդամներն իրենց փայտերով խեղճուկրակ չքայլեն փողոցով»: Ազատամարտիկներին «Երկրապահի» կողմից շնորհվեցին հուշամեդալներ, իսկ ՀՀԿ-ի կողմից՝ դրամական պարգեւներ: Վերջում եղավ նաեւ տոնական ճաշկերույթ: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ