Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ՝ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՈՒՄ

Մայիս 09,2003 00:00

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ՝ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՈՒՄ «Չի կարելի այս պատերազմում պարտվել, հատկապես՝ երբ արդեն հաղթել ես»,- զգուշացնում էր Վազգեն Սարգսյանը 97-ին «Այդ տարածքները ձեռք են բերվել արյան գնով եւ ոչ մի թիզ հող վերադարձնելու մտադրություն ոչ ոք չունի։ Նրանք մինչեւ այսօր խոսում են Լաչինի եւ Շուշիի մասին: Անհեթեթ է։ Հենց նրանք սկսում են Լաչինի եւ Շուշիի մասին խոսել, պետք է բանակցություններն ավարտել, ի՜նչ Լաչին, Շուշի: Քելբաջարը նույնքան կարեւոր ռազմական նշանակություն ունի, որքան թերեւս Լաչինը։ Եվ այդ ամբողջականությունը պահպանելը, Ղարաբաղի թիկունքն ապահովելն ուղղակի կենսական նշանակություն ունի»,- 1997 թ. հոկտեմբերին Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասում էր Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։ Սպարապետը նաեւ հույս էր հայտնում, որ «մեր քաղաքական այրերն այնքան իմաստնություն կունենան, որ այսուհետ եւս արտաքին ճիշտ քաղաքականություն կտանեն, առանց զիջելու մեր քաղաքական, ռազմական եւ ռազմավարական շահերը»։ 97-ին Վազգեն Սարգսյանը միանշանակ եւ առարկություն չընդունող հաստատակամությամբ էր հայտարարում, որ եթե Ադրբեջանի հետ սկսվում են բանակցություններ, ապա Ադրբեջանը կարող է խոսել միմիայն Աղդամի, Ֆիզուլու եւ մյուս շրջանների վերադարձման մասին, նաեւ պետք է կոնկրետացվի, թե դրանց դիմաց ինչի է պատրաստ. «իսկ Շուշին ու Լաչինն ավարտված պատմություններ են՝ առանց դրանց չեն կարող լինել Ղարաբաղ ու Հայաստան»։ 97-ի նույն օրերին ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը ԳԴՀ պետական նախարար Հելմութ Շեֆերին հայտարարեց, որ առանց Ադրբեջան-Ղարաբաղ ուղղակի երկխոսության դժվար է գտնել արցախյան հարցի փոխընդունելի լուծումներ։ Անցել է մոտ յոթ տարի, քաղաքականությունն ընդհանրապես, արտաքին քաղաքականությունը՝ առավել, երկու երես ունի։ Այսօր շատ բան փոփոխված է, եւ փոփոխված է ամենակարեւորը՝ Արցախը դուրս է մղված բանակցային գործընթացից, իսկ փոխզիջումների մասին խոսակցությունները գրեթե չեն կենտրոնանում։ Խորհրդարան մտնելու մտադրություն ունեցող բոլոր քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում տեղ են հատկացրել նաեւ Արցախի հիմնահարցին։ Ընդ որում, բոլորը միասնական են այն հարցում, որ խնդիրը պետք է լուծում ստանա խաղաղ բանակցային գործընթացների արդյունքում։ ՀՅԴ-ն եւ ԺԿ-ն (Տիգրան Կարապետյան) իրենց ծրագրերում խիստ միանման են վերաբերվել արցախյան հարցին։ ՀՅԴ. «Հայ Դատը եւ Արցախի հիմնախնդիրը՝ որպես նրա բաղկացուցիչ մաս, էական տեղ պետք է ունենան ՀՀ արտաքին քաղաքականության մեջ»։ ԺԿ. «Գերակա ուղղություններում պետք է լինի ազգային համապարփակ դոկտրինայի հիման վրա Հայրենիքի ամբողջացումը, Արցախի հարցի եւ Սփյուռքի հիմնախնդիրների լուծումը, Ցեղասպանության միջազգային ճանաչումը»։ Կարծես թե ուրիշ ոչ մի քաղաքական ուժ Հայ Դատը չի կապել Արցախի խնդրի հետ։ ՀՀԿ դիրքորոշումը, իրենց իսկ պնդմամբ, նույնն է, ինչ հինգ տարի առաջ. «Պետք է միջազգայնորեն ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ԼՂՀ-ն չպետք է լինի Ադրբեջանի ենթակայության ներքո, պետք է ապահովվի ԼՂՀ բնակչության անվտանգությունը, ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր սահման»։ «Արդարություն» դաշինքի ծրագրում ոչ միայն նշված է, որ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է միջազգայնորեն ճանաչվի, այլեւ նշված են ուղիները, ընդ որում՝ Արցախի խնդիրը որակված է որպես համազգային խնդիր, «որի լուծմանը պետք է հասնել խաղաղ ճանապարհով, քաղաքական բանակցությունների միջոցով»։ Ընդ որում, «Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանությունը» միակն են, որ կարեւորել են բանակցային գործընթացներին Արցախի մասնակցությունը։ «Արդարություն» դաշինք. «Այդ բանակցությունների լիիրավ կողմ պետք է հանդիսանա ԼՂՀ-ն։ Հարցի կարգավորումը պետք է բացառի թե՛ ԼՂՀ վերադարձն Ադրբեջանի կազմ, թե՛ ՀՀ ինքնիշխանության խախտումն իր տարածքների նկատմամբ»։ «ԱՄ». «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ոչ մի համաձայնություն չի կարող ձեռք բերվել առանց բանակցային գործընթացին ԼՂ-ի լիիրավ մասնակցության»։ «ԱՄ»-ն միակն է, կոնկրետ անուն է նշում՝ որ իբրեւ կոնֆլիկտի կարգավորման բանակցություններում իրեն արդարացրած լավագույնը կոնկրետ անուն է նշում՝ «ԵԱՀԿ Մինսկի խումբն է»։ Ամենաինքնատիպը դարձյալ ծերուկ Կոմկուսն է։ Արցախի հարցն, ըստ էության, պետք է որ Կոմկուսին դուր չգա, որովհետեւ հարցի բարձրացումը եւ այս կուսակցության տապալումը միաժամանակ եղավ, սակայն որպես կարգապահ հայեր, ընկեր կոմունիստները եւս իրենց նախընտրական ծրագրում մի քանի տող են նվիրել Արցախին՝ առաջարկների մեջ խիստ կոմունիստական նորամուծություն անելով. «Նպաստել ԼՂ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու բանակցությունների շարունակմանը՝ ելակետ ունենալով ազգերի ինքնորոշման սկզբունքը եւ, միեւնույն ժամանակ, այդ հիմնահարցի վերջնական եւ արդարացի լուծման հնարավոր միակ ուղին համարելով Անկախ պետությունների նոր ստեղծվող միության կազմում՝ որպես ինքնուրույն եւ իրավահավասար անդամ-պետություն, ԼՂՀ-ի ընդգրկումը»։ 97-ին Վազգեն Սարգսյանը համոզված էր, «որ յուրաքանչյուր ժողովուրդ իր պատերազմը գոնե մեկ անգամ մինչեւ վերջ պիտի տա։ Իմ կարծիքով, սա մեր վերջին պատերազմն է, չի կարելի այս պատերազմում պարտվել, հատկապես երբ արդեն հաղթել ես»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել