Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԺԳՈՀ Է

Մայիս 09,2003 00:00

ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԺԳՈՀ Է Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը պաշտոնական դիրքորոշում չի մշակել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների փաթեթի առնչությամբ, քանի որ երկրի իշխանությունների կողմից չի ստացել փաթեթի վերջնական տարբերակը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն ասել է հանձնաժողովի քարտուղար Գաել Մարտին-Միկալեն: Նա նշել է, որ Վենետիկյան հանձնաժողովը որոշակի պատկերացում չունի, թե ինչ փոփոխություններ են կատարվել մայիսի 25-ին հանրաքվեի դրվելիք փաթեթում: Գաել Մարտին-Միկալեի խոսքերով, սահմանադրական բարեփոխումների փաթեթի մշակման նախնական փուլում Հայաստանի փորձագետներն արդյունավետ կերպով համագործակցել են Վենետիկի հանձնաժողովի հետ, եւ վերջինս քաջածանոթ էր բարեփոխումների սկզբնական տարբերակի էությանը: Սակայն հետագայում, նշել է նա, Վենետիկի հանձնաժողովին միջազգային կազմակերպություններից մեկից էր «հաջողվել ձեռք բերել» սահմանադրական փոխությունների փաթեթի վերջնական տարբերակը: Գաել Մարտին-Միկալեն ընդգծել է, որ փաթեթի վերջնական տարբերակը զգալիորեն տարբերվում է սկզբնականից՝ հատկապես պետության ղեկավարի իրավունքներին եւ լիազորություններին առնչվող դրույթներում: ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետները հիասթափություն են հայտնել նաեւ այն փաստի առնչությամբ, որ Հայաստանում ԱԺ ընտրություններն անցկացվելու են առանց թափանցիկ քվեատուփերի, թեեւ հանձնաժողովը միաժամանակ նպատակահարմար չի համարում նաեւ յուրաքանչյուր ընտրատեղամասում երկու քվեատուփի տեղադրումը՝ մեկը ԱԺ ընտրությունների, մյուսը՝ նոր սահմանադրության հանրաքվեի համար: Վենետիկի հանձնաժողովի փորձագետները զարմանք ու հիասթափություն են հայտնել նաեւ ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի նախաձեռնած ընտրական գործընթացներին նվիրված օրերս տեղի ունեցած 4-օրյա սեմինարին ՀՀ իշխանությունների պասիվ դիրքորոշումից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ իշխանություններն իրենք էին դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ համատեղ ուժերով սեմինարը կազմակերպելու խնդրանքով: Այդուհանդերձ, հանձնաժողովի քարտուղարի խոսքերով՝ սեմինարին հիմնականում մասնակցել են հասարակական կազմակերպությունների եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, բայց ոչ ՀՀ իշխանական կառույցների ներկայացուցիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել