Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշինքում՝ դաշինքից դուրս

Մայիս 09,2003 00:00

Դաշինքում՝ դաշինքից դուրս «Արդարություն» դաշինքում ընդգրկված կուսակցությունները որոշում են կայացրել ԱԺ ընտրություններին ընտրահանձնաժողովներում իրենց ներկայացուցիչներով սատարել դաշինքի միասնական թեկնածուներին: Սակայն ՍԻՄ-ն ու ԱԺՄ-ն՝ խախտելով նախնական պայմանավորվածությունը, հիմնականում գործում են ինքնուրույն: ՀԺԿ լրատվության ղեկավար Ռուզան Խաչատրյանը նշեց, որ դաշինքում այն հարցերը, որոնք վերաբերում են դաշինքի անդամ կուսակցություններին, լուծվում են համատեղ քննարկումների արդյունքում, սակայն ընտրահանձնաժողովներում տեղերի վերաբաշխման հարցում որոշ տարածքներում խնդիրներ են առաջանում ԱԺՄ-ի եւ ՍԻՄ-ի պատճառով. «Ցավոք, եղել են դեպքեր, երբ առանց դաշինքի որոշման՝ ՍԻՄ-ն ու ԱԺՄ-ն հանձնաժողովների վերաբերյալ ինքնուրույն են որոշումներ կայացրել: Բացի դաշինքում՝ այդ կուսակցություններում կան նաեւ պրոբլեմներ. նրանք հանձնաժողովներում իրենց իսկ անդամների հետ չեն կարողանում համաձայնության գալ: ԱԺՄ եւ ՍԻՄ ներկայացուցիչները պարզապես չեն ենթարկվում իրենց կուսակցության որոշումներին: Սակայն այդ հարցերը պետք է լուծել հենց իրենց կուսակցությունների մակարդակով,- հայտարարեց Ռ. Խաչատրյանը՝ ավելացնելով,- որոշ հանձնաժողովականներ էլ /հիշյալ կուսակցություններից.- Լ. Ս./ իշխանությունների կողմից ենթարկվել են ճնշումների ու չեն կարողացել դիմադրել»: ԱԺՄ անդամ Ալեքսանդր Բուտաեւը վստահեցնում էր, որ իրենց մոտ դեռեւս այդ առնչությամբ դժգոհություններ չեն եղել, եւ այդ մեղադրանքները համարեց «օդից կախված»: «ՏԻՄ ընտրություններում նման բաներ եղել են, բայց այս անգամ ես նման բաներ չեմ լսել: Թիվ 42 ընտրատարածքում է նման բան եղել: ՀԺԿ թեկնածու Սմբատ Եղիազարյանը նեղացել էր, որ իրենց ուզած ցուցակով չեն հանձնաժողովում մարդիկ ընդգրկվել, ուրիշ բողոք չի եղել»,- ասաց Ա. Բուտաեւը: Դաշինքը թվով 27 ընտրահանձնաժողովների համար ցուցակ էր կազմել, թե որ ընտրատարածքում որ կուսակցության ներկայացուցիչները պետք է ընդգրկված լինեն, սակայն հիշյալ կուսակցությունները հիմնական տեղերում ընդվզել են ու ներկայացրել են իրենց ներկայացուցիչներին ու առանձին-առանձին սատարում են տարբեր թեկնածուների՝ անկախ նրանից, թե դաշինքը թեկնածուներից որին է սատարում: Օրինակ, ԱԺՄ-ն ու ՍԻՄ-ը Լոռու մարզում պաշտպանելու են ոչ թե ՀԺԿ անդամ Լարիսա Փարեմուզյանի, այլ՝ անկուսակցական Հրաչ Թամազյանի թեկնածությունը: Նույնն է նաեւ Արտաշատում. ՀԺԿ թեկնածու Արամայիս Բարսեղյանը հավաստեց, որ հանձնաժողովի 9 «տեղերն էլ Հովիկ Աբրահամյանինն է», այդ թվում՝ ԱԺՄ-ն ու ՍԻՄ-ը: «Հանձնաժողովը կազմվեց Հ. Աբրահամյանի ուզածով: ԱԺՄ-ն ու ՍԻՄ-ը խոստացան ինձ օգնել, բայց քցեցին»,- ասաց Ա. Բարսեղյանը: ՍԻՄ-ն, ըստ հավաստի աղբյուրների, Ա. Բարսեղյանի թեկնածությունը չի պաշտպանում այն հիմնավորմամբ, թե նա «Հոկտեմբերի 27»-ի գործով Հայկ Բաբուխանյանի դեմ ցուցմունք է տվել: Այս առնչությամբ Ա. Բարսեղյանն ասաց. «Ես չգիտեմ՝ դրա պատճառը դա՞ է, թե՞ ոչ, նրանք ուղիղ դա չեն ասում: Եթե վատ են տանում, որ ես Հայկի դեմ ցուցմունք եմ տվել, դա իրենց գործն է: Լավ է, թե վատ, ես դա եմ տեսել՝ դա եմ ասել: Ես գտնում եմ, որ ես լավ եմ արել, իրենց նման թույն չեմ ներշնչում: Բայց Հայկ Բաբուխանյանի դանակահարման օրը ես անձամբ եմ վկայություն տվել նրա օգտին՝ նույնպես ասելով այն, ինչ տեսել եմ»,- ասաց ՀԺԿ ներկայացուցիչը: Նշենք, որ թիվ 43 ընտրատարածքում ՍԻՄ թեկնածուն դուրս է եկել ընտրապայքարից ու այժմ հանձնաժողովի անդամ է, իսկ այդ ընտրատարածքի վերաբերյալ դեռեւս դաշինքը որոշում չի կայացրել, թե ում թեկնածությունն է պաշտպանելու: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել