Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՍԱՆ ԱՐԵՎԱԾԱՂԻԿ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԻՆ

Մայիս 09,2003 00:00

ՀԱՍԱՆ ԱՐԵՎԱԾԱՂԻԿ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԻՆ Իշխանության քաղաքական հակառակորդների դեմ գործ սարքելու մոլուցքի առջեւ ոչինչ չարժեն փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվողներին աջակցելու եւ խրախուսելու վերաբերյալ հայտարարությունները: Շուրջ մեկ ամիս առաջ մենք անդրադարձել էինք այս պատմությանը, թե ինչպես էին ապրիլի 6-ին Նուբարաշենի ավտոշուկայի հսկիչներին եւ այլ աշխատակիցներին ձեռնաշղթաներ հագցնելով, նրանց արժանապատվությունը նվաստացնելով տարել ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն ու փորձել ցուցմունքներ կորզել, թե այդ ավտոշուկայի բաժնետերը կամ «տանիքը» ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանն է: Դրանից հետո 6-րդ վարչություն էին հրավիրվել հրապարակման մեջ մատնանշված հսկիչները եւ նրանցից, ո՜վ զարմանք, ներողություն էին խնդրել: Միեւնույն ժամանակ՝ Հարկային ծառայությունն ավարտել էր այդ ավտոշուկայի չափագրումները, արձանագրել, թե հաստատագրված հարկ ավելի պակաս է վճարվում, քան օգտագործվող հողատարածքն է, սահմանել տույժեր ու տուգանքներ: Ավտոշուկան սպասարկող ՍՊԸ-ի տնօրինությունն էլ չէր համաձայնել, մանավանդ որ՝ նույն տարածքի անգամ ոստիկանության չափումների համաձայն՝ ստացվում է, որ ՍՊԸ-ն դեռ մի բան էլ ավելին է մուծում: Ուստի եւ դիմել են դատարան: Մի խոսքով՝ առանձնակի արտառոց ոչինչ չկա այս ամենում: Սակայն դեռ չէր ապաքինվել ՍՊԸ-ի տնօրեն Համլետ Ավետիսյանի մերձավորներից մեկի ձեռքի վերքը, որն առաջացել էր, երբ 6-րդ վարչության քննիչներից մեկը գրիչով խփել-ծակել էր, քանի որ տղան հրաժարվել էր ցուցմունք գրել Սուրեն Աբրահամյանի դեմ, երբ մի նոր միջադեպ տեղի ունեցավ: Երկու օր առաջ՝ մայիսի 7-ին այդ տարածք եկան ոստիկաններ, եւ սկսեցին հարցաքննել ավտոկանգառի հարեւանությամբ բնակվողներին: Պատմում է Մելանյա Մայիլյանը. «Ոստիկանները եկան մեր տուն, վախեցրին, թե անպայման ասեք, որ այստեղ ձեւակերպված եք իբրեւ պահակ: Բայց ես պահակ չեմ: Այս ավտոկանգառում արեւածաղիկ, «պեռաշկի» եմ վաճառում, քանի որ շատ ծանր վիճակում ենք, չենք կարողանում պահել երկու անչափահաս երեխաներիս: Քանի որ ինձ թողնում են, որ այստեղ արեւածաղիկ վաճառեմ ու նաեւ երեխաներս են այս տարածքում խաղում՝ մենք էլ նայում ենք, որ վնաս չտան՝ ուրիշ ոչ մի բան: Բայց ոստիկանները պնդում էին, թե մենք այստեղից աշխատավարձ ենք ստանում: Բացի արեւածաղիկ վաճառելու շնորհիվ շաբաթը 1000-1200 դրամից՝ ուրիշ գումար չեմ ստանում: Հա՛, մեկ էլ ասում էին, թե տերերին իբր «նալոգ» ենք տալիս: Բայց չէ՛, այդպիսի բան չկա, այդ մարդիկ մեզնից փող չեն վերցրել»: Հավելենք նաեւ ավտոկանգառի հարեւանությամբ բնակվող Գայանե Ասատրյանի պատմածը. «Այստեղ բուլկի, իսկ շոգ օրերին՝ երեխաները սառը ջուր, տարբեր բաներ ենք վաճառում՝ այդ է մեր ապրուստի միջոցը: Շուկայի տերերն էլ ասացին, թե կօգնեք մաքրել՝ ինչ ուզում եք, վաճառեք եւ ինչ օգուտ ստանաք՝ ձերն է: Ուրեմն, այստեղ մի թեթեւ մաքրություն էինք անում՝ եկան, առանց ներկայանալու սկսեցին հարցաքննել, թե ինչքա՞ն ժամանակ է, որ մաքրում ենք այս տարածքը, ինչքա՞ն փող ենք ստանում, ի՞նչ ենք ծախում եւ այլն: Պատասխանեցի, թե մի քանի հոգով՝ երեխեքով, ընտանիքով կամ տարբեր հարեւաններով ենք մաքրում: Հարցրի, թե հետաքրքիր է, դուք որտեղի՞ց եք: Պատասխանեցին, թե՝ այդ մեկն էլ մի իմացիր: Հետո թուղթ տվեցին, թե գրի: Ես չէի ուզում գրել: Նրանք ասացին, թե ուրեմն մեզ կկանչեն իրենց մոտ: Ճիշտն ասած՝ մի քիչ վախեցա: Ասում էին, թե գրի, որ այստեղի աշխատող ես: Հա՛, մեկ էլ հարցնում էին, թե մենք ավտոշուկայի տերերին փող տալի՞ս ենք: Ես էլ պատասխանեցի, որ այդ մարդիկ մեզ ուղղակի լավություն են անում եւ մեր ստացած մի քիչ օգուտով մեր ընտանիքն ենք պահում: Մենք ձեւակերպված չենք ու ոչ մի աշխատավարձ էլ չենք ստանում: Նրանց ասացի, որ շատ գոհ ենք այս մարդկանցից, քանի որ մեր ընտանիքները հնարավոր չէր լինի պահել, նրանք մեզ հնարավորություն տվեցին օրվա հացի փող աշխատել Իսկ նրանք ասացին՝ «Էդ մեզ չի վերաբերում»: Ակնհայտ է, որ այս հարցաքննություններով փորձել են արձանագրել, թե ավտոկանգառի տերերը այլ վարձու աշխատակիցներ ու լրացուցիչ եկամուտներ էլ ունեն, որ հնարավորություն ունենան լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջադրել, նոր տույժեր ու տուգանքներ: Առանձին անդրադարձի է կարոտ, թե ովքեր են եղել այս հարցաքննություններն անցկացնողները: Այս գործն իբր տեղափոխվել է Ոստիկանության քննչական վարչություն, բայց հարցաքննությունները հիմնականում անցկացնում են… դարձյալ 6-րդ վարչության աշխատակիցները եւ էլի առանց փաստաթղթային որեւէ հիմնավորման: Պատահաբար այդ պահին ավտոկանգառում հայտնված Համլետ Ավետիսյանը բնակիչներին հարցաքննողների մեջ տեսել էր իր որդուն ծեծած՝ Արայիկ անունով քննիչին, որն «արդարացել» էր. «Կարգն է ըտենց: Մի քանի հատ խփել եմ, ի՜նչ է եղել որ»: Որ այս ամենի պատճառը Սուրեն Աբրահամյանի հետ Ավետիսյանների քավոր-սանիկային հարաբերություններն են՝ նախորդ հրապարակման մեջ էլ էինք նշել: Բայց դեռ այն ժամանակ էինք կանխատեսել, թե հնարավոր է՝ նաեւ սա տնտեսական վերաբաժանման խնդիր է: Եվ իրոք, ավելի ուշ տեղեկություններ ստացանք, թե այս ամենում նաեւ անձնական շահագրգռություններ ունի Ոստիկանության բարձրաստիճաններից մեկը, որի անունն այս անգամ չենք բացահայտի: Առայժմ միայն նշենք, որ ՍՊԸ-ի տերերին անընդհատ առաջարկում են վաճառել այս ավտոկանգառը: Ի դեպ՝ քանի որ այդ ապօրինի հարցաքննությունները կանանց տներում էին անցկացրել՝ հուսով եմ, քննիչների աչքից չի վրիպել այն ծայրահեղ թշվառությունը, որի մեջ ապրում են նրանք՝ սենյակների բետոնե հատակը, անգամ աթոռների բացակայությունը եւ այլն: Եվ քանի որ շուկայի շարքային հսկիչների ձեռքերը ջարդելու, ձեռնաշղթաներ հագցնելով ստորացնելու, հայհոյելու եւ ծեծելու փաստերի դիմաց երկրի ղեկավարներին ուղղված բողոքները 6-րդ վարչության քննիչներին արժեցան ընդամենը մի թեթեւ ներողություն, հուսով եմ, որ այս դեպքում էլ վերջիններիս խիղճը չի տանջի, եւ գիշերները հանգիստ կքնեն՝ առանց մտահոգվելու, թե ում են ցանկանում մի կտոր հացից զրկել, ինչ է թե՝ այս տարածքում բախվում են ինչ-ինչ շահեր: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել