«Ո՞Ր ՔԱՐԱՆՁԱՎՈՒՄ Է ԳՐՎԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» Հարցնում է ԱԺ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը «Արմատ» հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահ, ԱԺ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանն էր։ Զրույցի թեման՝ Սահմանադրությունը եւ այն փոփոխությունները, որոնք կատարվել են եւ ներկայացվել հանրաքվեի։ Բաբկեն Արարքցյանի դիրքորոշումն այս հարցում միանշանակ պարզ է՝ Սահմանադրությունն իհարկե փոփոխությունների կարիք ուներ, բայց այն, ինչ բերեց Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրության գլխին, չի կարելի փոփոխություն անվանել, պարզապես Ռ. Քոչարյանը ուզում է ունենալ «իր սահմանադրությունը»։ Գործող սահմանադրությունը ապացուցել է իր կենսունակությունը, ճանապարհ է ցույց տվել ամեն տեսակի ճգնաժամերից դուրս գալու. «Որեւէ խնդիր, որն անհրաժեշտ էր դարձնում այս փոփոխություն կոչեցյալը՝ ես չեմ տեսնում։ Դա չի նշանակում, որ ես մերժում եմ, թե Սահմանադրության մեջ կարելի էր փոփոխություններ անել, բայց դա կարելի էր անել որպես որոշ հոդվածների լրացում կամ ավելացում։ Այսինքն, միշտ էլ կատարելագործման տեղ կա, բայց այն տեսքով, ինչպես այսօր է դրված այդ հարցը, մեզ համար անընդունելի է»։ Այս պահի դրությամբ տպագրվել եւ հանրությանն է տրամադրվել փոփոխված նախագծի 8 հազար 600 օրինակ միայն, մինչդեռ 95 թվականին այսօր գործող Սահմանադրության մոտ 200 հազար նախագիծ է տպագրվել, այն էլ՝ հանրաքվեից երկու ամիս առաջ։ Պրն Արարքցյանն այսպիսով չի տեսնում Սահմանադրության փոփոխության քաղաքական անհրաժեշտությունը. «Հետեւաբար ես պետք է մի եզրակացություն անեմ. Սահմանադրությունը հանրաքվեի դնելը զուտ Քոչարյանի քաղաքական ամբիցիաներով է պայմանավորված, ճիշտ այնպես, ինչպես ՍՍՀՄ-ում Ստալինը պետք է ունենար իր սահմանադրությունը, հետո Բրեժնեւը պետք է ունենար իր սահմանադրությունը, հիմա, կարծում եմ, որ եկել է… Սա ուղղակի քաղաքական ամբիցիայի բավարարման հարց է»։ Այս ամբիցիաները կարելի էր նաեւ ներել, եթե իրոք Սահմանադրությունը բարեփոխումների ենթարկվեր, սակայն այդպես չէ, ըստ Բաբկեն Արարքցյանի. «Ավելի է հաստատվում բռնապետությունը, այս նախագիծը գրված է այնպես, որ պահանջում է բազմաթիվ մեկնաբանություններ եւ վերջապես այնպես է ամրապնդում նախագահի դիրքերը, որ նա դառնում է ոչ թե անձեռնմխելի, այլ՝ գերանձեռնմխելի, օժտված գերիշխանությամբ եւ պատասխանատվությունից խուսափելու բոլոր հնարավորություններով»։ Բաբկեն Արարքցյանն ասաց, որ իրեն հայտնի չեն սահմանադրության նախագծի հեղինակները. «Այսօր ես չգիտեմ, որ քարանձավում է գրվել այս Սահմանադրությունը։ Այսօր գործող սահմանադրությունը ստեղծվել է բազմակուսակցական հանձնաժողովում, ձեզանից շատերը կհիշեն, թե ինչ քննարկումներ գնացին գործող սահմանադրության շուրջ։ Իսկ այս նախագիծը դրվում է հանրաքվեի, փաստորեն, առանց որեւէ քննարկման, մի կերպ քվորում հավաքելով։ Եվ ինձ հետաքրքրում է իսկապես այս հարցը՝ թող ասեն, ո՞վ է այս սահմանադրության նախագծի հեղինակը, դա պետք է ապագայի համար»։ Բաբկեն Արարքցյանի կարծիքով, ամենավտանգավոր դրույթը վերաբերում է ռազմական դրության հաստատմանը։ Գործող Սահմանադրությամբ ռազմական դրությունը հաստատում է ԱԺ-ն եւ այն կարող էր նաեւ վերացնել ռազմական դրությունը. «Այսօր այդ լիազորությունը վերցված է ԱԺ-ից եւ գրված է մի նախադասություն, որ հանրապետության նախագահը արտաքին վտանգի դեպքում կարող է հայտարարել ռազմական վիճակ եւ հրավիրել ԱԺ նիստ՝ տեղյակ պահելու համար ԱԺ-ին։ ԱԺ-ն իրավունք չունի այդ ռազմական վիճակը վերացնելու։ Այդ ընթացքում չեն կարող տեղի ունենալ նախագահի եւ ԱԺ ընտրություններ։ Ոչ մի ժամկետ չի դրված, ոչ մի պահի։ Ուրեմն վաղը կարող է լինել նախագահի ընտրություն, այսօր երեկոյան նա կարող է հայտարարել ռազմական վիճակ, վաղվա ընտրությունները չեղյալ լինեն, կանցնի մի քանի ամիս, ԱԺ-ն իրավունք չունի միջամտել։ Հետո ինքը մի օր կասի, որ հանում է ռազմական վիճակը, որից 40 օր հետո ընտրություններ են տեղի ունենում։ Ընդ որում, այստեղ շահագրգռված է նաեւ ԱԺ-ն, որովհետեւ խորհրդարանական ընտրություններ եւս չեն լինում։ Դուք շատ լավ հասկանում եք, որ Հայաստանը այնպիսի վիճակում է, որ արտաքին վտանգի առկայություն հայտարարելը հնարավոր է ցանկացած պահի»։ Ըստ Բաբկեն Արարքցյանի, Ռոբերտ Քոչարյանի սահմանադրությունը միայն մի դեպքում կընդունվի՝ «մեռած հոգիների հաշվին ստեղծված է այնպիսի մեխանիզմ, որ դրանց հաշվին այդ սահմանադրությունն անցնի։ Ուրեմն մենք պետք է փորձենք անել ամեն ինչ, որ ժողովրդին տեղյակ պահենք, թե ինչ է արվում Սահմանադրության գլխին»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ