Դպրոցի տնօրենը չի ենթարկվում դատարանին Երեկ Երեւանի տնտեսաիրավագիտական ինստիտուտը եւ «Օգոստոսի 23» իրավապաշտպան կազմակերպությունը համատեղ քննարկում էին կազմակերպել՝ կապված մարդու իրավունքների պաշտպանության, մասնավորապես, Մեծամորի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Սպարտակ Կարապետյանի եւ դպրոցից հեռացված ուսուցչուհի Անահիտ Սահակյանի վեճի կապակցությամբ։ Ինչո՞ւ էր հրավիրվել «Առավոտ» թերթը նաեւ։ Պարզապես, առաջին անգամ հարկ համարվեց պետական պաշտոնյաների եւ իրավապաշտպան կառույցի ուշադրությանն արժանանալ, քանզի «Առավոտում» է առաջին անգամ բարձրացվել դպրոցում տեղի ունեցած չարաշահումների խնդիրը (հեղինակ՝ Նաիրա Հովհաննիսյան, «Տնօրենը չարաշահում է պաշտոնեական դիրքը»)։ Իրավապաշտպան Պուշկին Սերոբյանի գնահատմամբ, հրապարակվածը բավականին կտրուկ էր եւ ճիշտ գնահատականներով։ Ի դեպ, այս հրապարակման արդյունքը եղել է այն, որ քրեական գործ է հարուցվել դպրոցի տնօրենի նկատմամբ։ Ներկայացնելով կատարվածը, Պուշկին Սերոբյանը տեղեկացրեց, որ Գլխավոր դատախազությունը նույնպես հրավիրված է եղել, սակայն ասելու բան չուներ, այդ իսկ պատճառով չէր ներկայացել քննարկմանը։ Մեծամորի թիվ 3 միջնակարգ դպրոցում տեղի են ունեցել չարաշահումներ, ուսուցչուհին հանդգնել է դուրս գալ տնօրենի դեմ, մեղադրելով նրան «մեռած» դասարաններ պահելու, ավելորդ հաստիքների գումարները յուրացնելու, կրթության նախարարության կողմից տրամադրված վառելիքը վաճառելու մեջ։ Այս հանդգնության համար ուսուցչուհին հեռացվել է դպրոցից։ Ա. Սահակյանը մեկն է նրանցից, ով 6 անգամ դատարանի վճռով վերականգնվել է աշխատանքում եւ մեկն է նրանցից, ով երկու տարի հնարավորություն չունի զբաղվել իր մասնագիտությամբ։ Ունի երեք երեխա եւ 2 թոռ։ Քրեական գործը, որ հարուցվել էր տնօրենի նկատմամբ, Արմավիրի մարզի դատախազ Իվան Արշակյանի ձեռամբ կարճվել է եւ, ինչպես Պ. Սերոբյանն ասաց, «կարճվել է անմեղ հրեշտակ լինելու» պատճառաբանությամբ, իսկ հաշվապահը համաներումով փրկվել է։ Խնդիրն այն է, որ երբ ուսուցչուհին վերականգնվում էր դատարաններում, տնօրենն ու հաշվապահն աշխատում էին այդ ժամանակ (նաեւ հիմա), երբ նրանց նկատմամբ քրեական գործ էր հարուցվել։ Ելույթ ունեցավ նաեւ Ա. Սահակյանը եւ մեղադրեց, որ այս ապօրինությունները հովանավորում է Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանը, որը դատախազի միջոցով ծաղրի ենթարկեցին իրեն։ Ա. Սահակյանը հայտնեց նաեւ, որ մասնակցել է կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված մի կլոր սեղանի եւ Կանանց հանրապետական խորհրդի նախագահ Նորա Հակոբյանի այն հռետորական հարցադրմանն էլ, թե ինչո՞ւ են կանայք քիչ տեղական ինքնակառավարման մարմիններում, մի՞թե ճնշումներ են լինում, ինքը մոտեցել է նրան, ներկայացել։ Ն. Հակոբյանը խորհուրդ է տվել ուսուցչուհուն դիմում գրել։ Անահիտ Սահակյանը մի դիմումի փոխարեն տասը դիմում է գրել։ Տասը դիմումից հետո Հանրապետական խորհրդից զանգել են եւ աչքալուսանք տվել, որ իրենք չեն զբաղվում այդ հարցով, խորհուրդ են տվել դիմել դատարան՝ անիրազեկություն դրսեւորելով, որ ուսուցչուհին 6 անգամ վերականգնվել է եւ հաղթել դատարաններում։ Ի դեպ, նույնպիսի անիրազեկություն է թույլ տվել Հանրապետական արհկոմը (Մարտին Հարությունյան)։ Նա էլ խորհուրդ է տվել դիմել դատարան եւ նույնիսկ չի լսել, որ կա դատարանի 6-ոտնանի վճիռ (որը տեղ չի հասնում)։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ