Լրահոս
Օրվա լրահոսը

Նրա «կամքը» ՀԺԱՄ-ին չսիրեց

Մայիս 08,2003 00:00

Նրա «կամքը» ՀԺԱՄ-ին չսիրեց Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն կուսակցության անդամները՝ ի դեմս Սեյրան Ավագյանի, քարոզարշավի երեկվա օրն անցկացրին Լոռու մարզում։ Սպիտակում հանդիպման վայր էր ընտրվել հրապարակը, որտեղ կուսակցության նախագահին եւ նրա համակիրներին ՀԺԱՄ տեղական անդամները դիմավորեցին «Իմ խորոտիկ յա՜ր» երաժշտության ներքո։ Հանրահավաքին քիչ թվով սպիտակցիներ էին ներկա, փոխարենը՝ կուսակցության դրոշները փողփողացնում էին մի խումբ վանաձորցիներ, որոնք Սպիտակ էին ժամանել երեք ավտոբուսներով։ Վերջիններս իրենց այս քայլն այսպես արդարացրին. «Որտեղ մեր կուսակցությունը, այնտեղ էլ՝ մենք»։ «Գեղամեջ» դուրս եկած շատ սպիտակցիներ, ինչպես իրենք ասացին, եկել էին հերթական հանդիպման՝ ճիշտ այնպես, ինչպես գնալու էին բոլոր մյուս կուսակցությունների հետ հանդիպումներին. «Աթոռ փախցնողներ շատ են գալիս-գնում, պարապ եմ, եկել եմ տեսնեմ՝ սրանք ի՞նչ են ուզում»,- ասաց սպիտակցի Թորգոմ Ամիրբեկյանը։ Ելույթ ունեցողներից կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Աշոտ Գալոյանն այս մարզում եւս ընտրողներին հավաստիացրեց, որ իրենց առջեւ դրված թիվ 1 խնդիրը միջին խավ ձեւավորելն է։ Ըստ նրա, «Մենք պետք է կարողանանք իշխանությունն իջեցնել, մոտեցնել ժողովրդին»։ Պրն Գալոյանը չի պատկերացնում տարածքների զարգացումը, եթե այն մեկ կենտրոնից է կառավարվում. «Երեւանում որքան էլ շատ խոսեն եւ անեն, միեւնույն է՝ սպիտակցին ինքը պետք է դառնա իր ճակատագրի տերը»։ Ծրագրային դրույթներից առավել ՀԺԱՄ կուսակցության առաջնորդը հավաքվածներին ծանոթացրեց իրենց ցուցակում ընդգրկված թեկնածուների կենսագրություններին՝ մատնանշելով վերջիններիս կողմից սպիտակցիներին թողած «մնայուն արժեքները»։ «Մարդիկ, ովքեր այստեղ կառուցել են մեկ շենք, մեկ ձեռնարկություն՝ իշխանություն չունեին եւ կռիվ էլ չէին տալիս դրա համար։ Եթե Հայաստանի բոլոր տնօրենները, ձեռնարկատերերը՝ յուրաքանչյուրը մեկ շենք կառուցեին, մեր երկրում վիճակն ավելի բարեկեցիկ կլիներ»,- խորհուրդ տվեց պրն Ավագյանը։ Ընդհանրապես նման հանրահավաքներին ամենահետաքրքիրը հռետորների ելույթների ընթացքում ժողովրդի բացականչություններն են։ Սակայն այս անգամ ելույթներն անարձագանք էին մնում։ Հռետորների ճառերից հետո միայն սպիտակցիներն իրենց հուզող ինչ-ինչ հարցերով լրագրողներին էին դիմում։ Սպիտակցի մի տատիկի հետաքրքրում էր, թե «Երկիրը լիքը պատգամավոր է, որի՞ն պետք է ընտրել»։ Եվ չսպասելով պատասխանի, մեզ հայտնեց իր ընտրյալի անունը. «Ես Արթուրին եմ ընտրելու (նկատի ուներ Արթուր Բաղդասարյանին.- Լ. Բ.)։ Հինգ տարի նրա կուսակցության անդամ եմ, մեր էրեխեն ա։ Նա մարդ ա, բա սրանց թայն ա՞, չեն ասում՝ մի քիչ էլ ծերերին օգնենք։ Ոչ մեկի էրկու կոպեկ ընտրակաշառքին չեմ խաբնվի։ Իմ կամքը ում կսիրի, նրան էլ կընտրեմ»։ Իշխանություններին եւ մյուս կուսակցություններին փնովելու հարցում ՀԺԱՄ անդամները շռայլ չէին։ Միայն մի ՀԺԱՄ-ական՝ դիմելով ընտրազանգվածին, հռետորների ելույթներն ամփոփեց հետեւյալ մտքով. «Եթե ուզում եք ունենալ օրինաց երկիր, արժանապատիվ ապագա, հզոր հայրենիք, որտեղ ոչ միայն հին, այլեւ բոլոր տեսակի ընկերները չեն դավաճանում իրար, արդարություն ու միասնություն լինի, ապավինեք ՀԺԱՄ-ին»։ ՀԺԱՄ այցելությունը Սպիտակ հատկապես տեղի երեխաներին էր ոգեւորել, որոնք նոր «կալենդարներ» էին ձեռք բերել։ Կուսակցությունն իր քարոզարշավը շարունակեց Ստեփանավան, Տաշիր, Գյառգյառ բնակավայրերում։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել