Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆԴԱՄԵՆԸ ԱՆՁԵՐՈՒ ՊԱՅՔԱՐ Է»

Մայիս 08,2003 00:00

«ԸՆԴԱՄԵՆԸ ԱՆՁԵՐՈՒ ՊԱՅՔԱՐ Է» «Հայաստանյան պատկերներ» գրքում հեղինակը՝ հայր Հարություն վարդապետ Պզտիկյանը հումորով եւ պատմագետի հմտությամբ նկարագրում է մերօրյա Հայաստանը։ Սակայն նրա հումորի հիմքում ավելի շատ մտահոգություն կա այսօրվա Հայաստանի, նրա վերափոխված մայրաքաղաքի ու մարդկանց համար։ Նա ցավում է այսօրվա Երեւանի համար, որն ունի քաղաքապետ, գլխավոր ճարտարապետ ու ճարտարապետների մի հոծ բազմություն եւ վերջիններիս միակ մտահոգությունը «կարծես սովետական շրջանեն մնացած սիրուն պուրակներն ու հանրային պարտեզները քանդել, այս եւ այն իշխանավորին պանդոկներ, սրճարաններ կառուցելն է»։ Հեղինակի կարծիքով, «նոր հայերը» (խոսքը բուն ժողովրդի մասին չէ) ընչաքաղց են, աչքի են ընկնում հոգեկան դատարկությամբ, փոխվել է անգամ նրանց արտաքինը. «Ուսերուն վրա կպցված ճարպոտ գլուխ մը՝ բռնի անցված փողկապի մը մեջ գրեթե խեղդված։ Ձայներնին ստամոքսեն կուգա՝ խռպոտ, լորձունքոտ։ Անհասկանալի եւ զարմանալիորեն բոլորն ալ իրարու կնմանին՝ շփոթելու աստիճան»։ Ամենահատկանշականները, Հարություն վարդապետի խոսքերով, հաստավիզ ոստիկաններն են, որոնք ոչ մեծահարուստ են, ոչ նախարար, բայց ունեն բոլոր հնարավորությունները «աճելու»։ Ըստ հեղինակի, այսօր պետությունն ու եկեղեցին կապ չունեն իրար հետ։ Նրանք բաժանված են միմյանցից՝ հաճույք պատճառելու համար Եվրախորհրդին, մինչդեռ Տրդատ արքան 301թ. Գրիգոր Լուսավորչի ձեռքով հայոց թագը միացրեց եկեղեցուն, ինչի արդյունքում ծնվեց նոր Հայաստան՝ քրիստոնյա Հայաստան։ Հայր Հարությունի աչքից չի վրիպում ոչ մի փոփոխություն։ Նաեւ այն, որ այժմ ասպարեզը գեղադեմ երիտասարդուհիներինն է, իսկ միջին տարիքի բարձրագույն կրթությամբ կանանց Հայաստանում, արժանիքներին ու գիտելիքներին համապատասխան, աշխատանք չի առաջարկվում։ Եվ շատ շատերը բժշկական, ճարտարապետական վկայականներով ստիպված են հավաքարարություն կամ հիվանդապահություն անել 7000 դրամ վաստակով։ Հեղինակի վրա ցնցող տպավորություն է թողել նաեւ, այսպես կոչված, քրջի շուկան, ուր յուրաքանչյուր հնոտի գնորդ ունի։ Շուկայում շրջելիս մեկը՝ Ալեքսանդր Չավուշյան անունով, իրեն առաջարկել է իր «սիրուն, գունավոր, ճաշակավոր դիպլոմը»՝ էժան գնով։ Վարդապետն էլ ստիպված գնել է այն, որպեսզի վերջինս մի քանի օր թարմ հաց ուտելու հնարավորություն ունենա։ Նման մարդկանց համար հեղինակը ցանկանում է վրեժ լուծել յուրօրինակ ձեւով. որոշել է գնել քրջի շուկայի բոլոր «ապրանքները», պատվիրել «Հայ ժողովրդի ամոթի թանգարան» մակագրությամբ խոշոր ցուցափեղկ ու այդ ամենը տեղադրել Ազգային ժողովի մուտքի առջեւ։ Բայց վստահ չէ, թե ներսում եղած ճարպակալած պատգամավորները կնկատեն այդ ամենը։ Որովհետեւ նրանք ավելի կարեւոր գործով են զբաղված օրենսդիր մարմնում՝ վիճելիքներ ունեն ստորակետի ու կետի շուրջ։ Հեղինակի համոզմամբ, այսօր պետական բոլոր հաստատությունները, ռադիոհեռուստաընկերությունները, պատկերասրահ-թանգարանները գրավել են խորհրդային վերջին սերնդի, կոմսոմոլի ու ԿԳԲ-ի ընտանիքներից սերած մարդիկ, ինչի արդյունքում «Սովետի ռեժիմը դեռ շարունակվում է»։ Երեւանցիներն էլ, իրենց քաղաքի նման, դասակարգեր ունեն։ Ըստ Հարություն վարդապետի, տիրող դասակարգը բիզնեսմեններն են՝ բջջային հեռախոսները ձեռքներին, կաշվե վերնազգեստի կոճակները բաց, մերսեդեսներով ու BMW-ներով են շրջում, վատագույն դեպքում՝ «Վոլվոյով»։ Ինչ ուզեն՝ ձեռք կբերեն, թեկուզ օդանավի շարժիչ կամ մանջուրական ուղտ։ Բայց մի կարեւոր բան է նրանց պակասում. «Խաբեբա են եւ հայրենիք չեն ճանչնար»։ «Երեւանի խորամանկ քաղաքապետը եւ նույնքան խորամանկ գլխավոր ճարտարապետը… Լինսի հիմնարկի առաջարկած նորոգություններու ստեղծած փոշիին մեջ, մեծ վարպետությամբ խառնած են մի քանի կործանարար ծրագրեր՝ ով գիտե, որ մեկ ղարաբաղցին գոհացնելու համար,- կարծում է հեղինակը։- Իսկ ժողովուրդին ընդհանուր տեսակետն այն է, որ իշխանությունները քաղաքապետարան տեղավորած են անձ մը… որ ուզածին պես կարենան կառավարել խամաճիկի չվանները»։ Դրա համար էլ վարդագույն քաղաքը վերածվել է խաղատների ու սրճարանների «Տիսնեյ լենդի»։ 2001-02թթ. Հայաստանով մեկ շրջելիս՝ նա ցավալի եզրակացության է հանգել. մեր տասնամյա անկախ երկիրը «տակավին չունի ազգային, ընկերային, մշակութային, կրոնական, համամարդկային հաստատ ծրագիր մը, ուղղություն մը՝ զինքն առաջնորդող։ Իսկ տեղի ունեցած ու ունեցող ներկայիս պայքարն ալ անձնական է, անձերու պայքար է»։ Հայաստանը երկատված է. մեկը մայրաքաղաքն է՝ համակարգչի բոլոր գաղտնիքներին տիրապետող իր փայլուն երիտասարդությամբ, մյուսը մոռացված մարզերն են՝ գյուղերի խաշնարած երիտասարդ հովիվները, որ զրկված են ապրուստի չնչին միջոցներից։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել