Իրեն մեղավոր չի ճանաչում «Ռուբեն Ղլիջյանի սեքսուալ բնույթի լկտի գործողությունները երեխայի մոտ առաջացրել են խոր սթրեսային վիճակ, եւ ներկայումս նա հոգեթերապեւտի ու հոգեբանի օգնության կարիք ունի»,- նշված է մեզ տրամադրված դատահոգեբանական փորձաքննության մեջ։ «Նա»-ն Երեւանի թիվ 2 գիշերօթիկ դպրոցի այն չորս աշակերտուհիներից մեկն է, որոնց հանդեպ 2002թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իրենց դաստիարակ Ռուբեն Ղլիջյանը։ Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների 1-ին ատյանի դատարանում վերսկսվեց նրա դեմ հարուցված քրեական գործի քննությունը։ Հիշեցնենք, որ քրգործը հարուցվել էր 2002 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ՀՀ Քրօրի 112-1 հոդվածի առաջին մասով։ Սակայն դատական հենց առաջին նիստում տուժողների ներկայացուցիչ Հովիկ Արսենյանի միջնորդությամբ դատարանը որոշեց գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության։ Մոտ երկամսյա ընդմիջումից հետո քրգործի քննությունը վերսկսվեց Ռ. Ղլիջյանի դեմ նոր մեղադրանքով՝ ՀՀ Քրօրի 112-1 հոդվածի 2-րդ մասով, քանի որ նա «բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նույն անձանց հետ բազմիցս անգամ, գործելով ոչ միասնական, այլ՝ բազմիցս ծագած դիտավորությամբ»։ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազության ներկայացրած մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ 2002թ. հոկտեմբերի 25-ին առաջադրված 112-1 հոդվածի 1-ին մասով ներկայացված մեղադրանքին Ռուբեն Ղլիջյանն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարվածի համար եւ հրաժարվել է պատասխանել հարցերին։ Իսկ Քրօրի 112-1 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը նրա «սրտովը» չէ։ Նա իրեն մեղավոր չի ճանաչել, բացարկ է հայտնել եւ հրաժարվել ցուցմունքներ տալուց։ Ի դեպ, սկզբից եւեթ Ռ. Ղլիջյանը հրաժարվել է նաեւ պաշտպանի օգնությունից՝ առանց բացատրության։ «27»-ի գործով անցած փաստաբանի հետ եմ պայմանավորվել, բայց չի ուզում, չեմ հասկանում, թե ինչու»,- երեկ ասաց մեղադրյալի եղբայր Արմեն Ղլիջյանը։ Նա ասաց նաեւ, որ Ռուբենը հրաժարվում է տեսակցել իր հետ եւս, ու 26 օր է արդեն, ինչ հացադուլ է հայտարարել։ Արմենը հերքեց եղբոր հայտարարությունն այն մասին, թե նա՝ իր եղբայր Ռուբենը, հոգեկան հիվանդություն ունի։ «Ես գիտեմ, որ այս ընթացքում նրան տարել են հոգեբուժական հիվանդանոց, բայց նույն օրը հետ են բերել»,- ասաց նա։ Դատահոգեբուժական թիվ 46 եզրակացության համաձայն, «Ռ. Ղլիջյանն իրեն վերագրվող արարքի նկատմամբ ճանաչվել է մեղսունակ, որեւէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել ու չի տառապում, այլ դրսեւորում է կոպիտ դիրքորոշված սիմուլյատիվ վարքագիծ»։ Փոխարենն այսօր հոգեկան հիվանդություն ստանալուց շատ հեռու չեն նրա չորս փոքրահասակ զոհերը։ «Նրանք դարձել են շատ ագրեսիվ, դյուրագրգիռ, հեշտ վիրավորվող ու լացկան»,- բնութագրում է երեխաներին թիվ 2 գիշերօթիկ դպրոցի ուսմասվար Ծովինար Գեւորգյանը, իսկ նրանցից մեկի կամ գլխավոր տուժողի համար «այս դպրոց հաճախելը երեւի արդեն ճիշտ չի, նրան պետք է հատուկ հոգեբուժական միջամտություն»։ Դպրոցի դաստիարակների մեթոդմիավորման նախագահ Ասյա Ջամալյանի կարծիքով էլ, «երեխաների վրա շատ ավելի մեծ բացասական ազդեցություն թողեց ոչ թե բռնարարքը, այլ դրա հրապարակայնացումն իր հետեւանքներով»։ «Ինչպիսի մանկավարժական աշխատանք էլ տանենք՝ երեխաներ են, մենք չենք կարող ամեն վայրկյան նրանց կողքին լինել ու կանխել վատ խոսքը կամ արարքը։ Հարկավոր է, երեւի թե, տեղափոխել երեխաներին այլ դպրոցներ, անծանոթ միջավայրը կարող է հեշտությամբ մոռացնել ապրածն ու նրանց վերադարձնել նորմալ վիճակի»,- ասացին դպրոցի ներկայացուցիչները։ Բայց նույնիսկ այդ առաջարկն ամեն մեկի համար չէ։ Գլխավոր տուժող-փոքրիկը շատ է սիրում իր դպրոցն ու արդեն հրաժարվել է իր մոր համանման առաջարկից։ Կդիմանա՞, կհաղթահարի՞ նա այս հոգեբանական ծանր վիճակը նույն միջավայրում, դժվար է ասել։ Դռնփակ դատական նիստը տեւեց շատ կարճ. տուժողների ներկայացուցիչ Հովիկ Արսենյանը խնդրեց դատարանին ժամանակ տալ ծանոթանալու լրացուցիչ նախաքննության արդյունքներին, քանի որ ինքն ընդգրկված չի եղել նախաքննությանը։ Դատարանը բավարարեց նրա խնդրանքը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ