ՍՐՈՎ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ, ՍԻՐՈՎ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Երեկ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցան ռեկտորի ընտրություններ: Իսկ ընդհանրապես բուհերի պատմության մեջ սա ռեկտորի միակ ընտրությունն էր, որ ուներ 4 հավակնորդ: Մինչ բուհի խորհրդի նիստին անցնելը, որի վերջում էլ տեղի ունեցան ընտրությունները, նշենք, որ ներկաների հավաստմամբ, բուհի պատմության մեջ առաջին անգամ խաղաղ պայմաններում որոշում է կայացվում: Այնքան խաղաղ, որ, ի տարբերություն խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների, դաշնակցական ու հանրապետական պաշտոնյաներն այստեղ միմյանց հետ շփվում էին կատարյալ փոխզիջումների մթնոլորտում: Նիստի սկզբում գիտխորհրդի նախագահ Համլետ Միքայելյանը հայտարարեց, որ խորհրդի կազմում փոփոխություններ են տեղի ունեցել: Կազմից հանվել էր, օրինակ, Կապանի հենակետային վարժարանի տնօրենը, որն ինքն էլ չգիտեր այդ մասին, այլապես, իր իսկ հավաստմամբ, 350 կիլոմետր չէր կտրի-գա այստեղ: Եվ թեպետ գիտխորհրդի նախագահը հիշատակեց դպրոցի մեծ վաստակը եւ այն, թե օլիմպիադաներում քանի հաղթող է տվել, այսուամենայնիվ, տնօրենը հեռացված էր խորհրդի կազմից: Ռեկտորատն այս որոշումը կայացնելիս թերեւս ծանոթ չէր ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի այն սկզբունքին (որ, ի դեպ, նիստի ժամանակ իր ելույթում էլ նախարարը շեշտեց), թե պետք է որքան հնարավոր է՝ սերտ հարաբերություններ հաստատել շրջանների մանկավարժական հաստատությունների հետ: Եվ այսպես, համալսարանի ռեկտորի պաշտոնին հավակնում էին գործող ռեկտոր, 7 ամսվա պաշտոնակատար, պրոֆեսոր Արտյուշա Ղուկասյանը, գունանկարային ամբիոնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Լեմս Ներսիսյանը, բուհի գիտության վարչության պետ Հրաչյա Չփլախյանը եւ քիմիական գիտությունների թեկնածու Առնոս Հովհաննիսյանը՝ ինչ-որ մասնավոր բուհից: Վերջին երկու թեկնածուները «մրցության» էին մտել ինքնառաջադրմամբ: Իսկ հնարավորությունների առումով անբարենպաստ վիճակում էր ամենավերջինը, որն, ինչպես ելույթներից մեկում նշվեց, բուհի պրոֆիլին ընդհանրապես չէր համապատասխանում: Ինչ վերաբերում է մյուս ինքնառաջադրվածին, թեպետ գործընկերները հարգանքով էին վերաբերվում նրան եւս, սակայն, ըստ որոշ փաստերի, պրն Չփլախյանը, 5 տարի լինելով գիտության վարչության պետ, ոչ մի գիտական աշխատանք չի ներկայացրել եւ որեւէ գիտական կոնֆերանս չի անցկացրել: Եվ հենց այս երկուսն էլ քվեարկությունից առաջ հանեցին իրենց թեկնածությունը: Պրն Չփլախյանը, սակայն, այդ քայլին գնաց այն բանի համար, որպեսզի իր գործընկերներն «իրենցից անկախ» իր անվան վրա գիծ չքաշեն: Հր. Չփլախյանը, թերեւս «անվան վրա գիծ քաշելը» բառի փոխաբերական իմաստով էր ընկալել: Հիշեցնենք, որ ռեկտորի գլխավոր հավակնորդ, գործող ռեկտոր Արտյուշա Ղուկասյանը բուհ եկավ նախկին ռեկտորին՝ շատերի համար մինչեւ հիմա էլ անհասկանալի պատճառներով աշխատանքից ազատելուց հետո, եւ բավական անբարյացակամ ընդունելության արժանացավ: Այսօր արդեն բուհի անձնակազմն ամրագրում է, որ սրով ընդունված ռեկտորին իրենք հիմա սիրով են վերաբերվում: Եվ փաստում են, որ այս 7 ամիսների ընթացքում լուծել է կենտրոնացված ջեռուցման հարցը, ավարտին է հասցրել բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ջանքերով կազմված գիտական աշխատանքների երկհատոր ժողովածուի հրատարակումը, եւ վերջապես՝ 20 տոկոսով ավելացրել է աշխատավարձերը: Սակայն այստեղ հարկ է նշել, որ Մանկավարժական համալսարանը հեռու է իր հնարավորությունների չափով դասախոսին աշխատավարձ տալուց: Եթե համեմատելու լինենք Տնտեսագիտական համալսարանի հետ, ապա ստացվում է, որ մանկավարժականում դոցենտը 2 անգամ ավելի քիչ է ստանում, քան Տնտեսագիտականի լաբորանտը: Մինչ քվեարկության անցնելը, բուհի պաշտոնյաները լայն քարոզչություն ծավալեցին Ա. Ղուկասյանի օգտին ու կոչ արեցին բոլորին՝ իրենց ձայնը տալ գործող ռեկտորին՝ չանտեսելով բնավ Լ. Ներսիսյանի վաստակը: Բուհի ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Սահրադյանը նշեց, որ լինելով դաշնակցական եւ լինելով շտաբի պետ՝ խորհրդարանական ընտրություններում, թե բուհի, թե խորհրդարանական ընտրություններն իրեն կրակն են գցել: Այստեղ բոլոր թեկնածուներին է արժանի համարում ռեկտորի պաշտոնում, իսկ ընտրատարածքում էլ 8 թեկնածուներից երեքն իր հարազատներն են: «Բայց, չէ, կրակը չեմ ընկել»,- ինքն իրեն մխիթարեց պրն Սահրադյանը՝ ակնարկելով, թե արդեն կողմնորոշվել է, ու հանրապետական ռեկտորի թեկնածուին արդեն վերընտրված տեսնելով՝ «զգուշացրեց». «Լավ չպահի՝ կհանենք: Դրանից էլ հեշտ բա՞ն: Երկու ամբիոնի վարիչ կկռվեցնենք, աղմուկ կանենք, եւ վերջ»: Ինչպես եւ կանխատեսվում էր, օրվա վերջում փակ-գաղտնի քվեարկությամբ եւ 50 ձայնի առավելությամբ ռեկտորի պաշտոնում հաստատվեց Արտյուշա Ղուկասյանը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ