«ԱՐՑԱԽԻ» ՊՈՒՐԱԿՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ «ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸ» Մայիսի 7-ին Վանաձորի «Արցախ» պուրակում ընտրողների հետ հանդիպեցին «Արդարություն» դաշինքի լիդերները՝ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ։ Սկզբում նրանք ներկայացրին Լոռու մարզի ընտրատարածքներում իրենց թեկնածուներին, մասնավորապես՝ Վիկտոր Դալլաքյանին, որը «27»-ի վերաբերյալ հանելուկ առաջարկեց՝ հանցագործության կազմակերպիչների վերաբերյալ հետեւյալ հարցադրումով. «Ովքե՞ր ուժեղացան «Հոկտեմբերի 27»-ից հետո»։ Ալբերտ Բազեյանը կարեւորեց ԱԺ ընտրություններն այնքանով, որ այնտեղ «Արդարություն» դաշինքի կողմից մեծամասնություն ձեւավորելու դեպքում ԱԺ-ն ձեռնամուխ կլինի նախագահին պաշտոնանկ անելու գործընթացին։ Դրա անհրաժեշտությունը հիմնավորելու համար նա կետ առ կետ ներկայացրեց իշխանությունների խոսքի եւ գործի միջեւ եղած հակասությունը։ Ինչպես միշտ, Արամ Զ. Սարգսյանի ելույթը համեմված էր անեկդոտով, հումորով եւ պատկերավոր արտահայտություններով, սակայն լավագույն քաղաքական անեկդոտ կարելի էր համարել այն, որ նա «Արդարություն» դաշինքի գաղափարական հակառակորդ դաշնակցականներին քննադատելիս քիչ էր մնում քարկոծեր նաեւ «Արդարություն» դաշինքի կազմում գտնվող սոցիալ-դեմոկրատ հնչակներին. «Էդ դաշնակներ են… հնչակներ են… վայ, ներողություն, հնչակները մերոնցից են»։ Չնայած անձրեւին, հավաքվածները չէին վհատվում, թեպետ ոմանք ավելի շատ միմյանց հետ բանավիճում էին՝ քան լսում։ Վերջում ելույթ ունեցավ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, որի ելույթը, ի տարբերություն «Արդարություն» դաշինքի այլ անդամների, ավելի զուսպ, հավասարակշռված եւ առավել «պատասխանատու» էր՝ արտահայտությունների մեջ։ Գ. Հ.