«ՉԻ»-ն կհաշտվի՞ Կոմկուսի հետ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ պետք է սկսվեր Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար ընկեր Վլադիմիր («Իլյիչի») Դարբինյանի քաղաքացիական հայցի քննությունն ընդդեմ «Չորրորդ իշխանություն» թերթի։ Դատավորն էր մամուլի «բարեկամ» Վազգեն Լալայանը։ Տեղեկացնենք, որ պատվի ու արժանապատվության հարցում Կոմկուսի առաջնորդը պահանջում է դադարեցնել թերթի գործունեությունը։ Նրան վրդովվեցրել էին Լիլիթ Հովհաննիսյանի «Ծտի խելքով կուսակցությունը» եւ «Սերժի ցուցակն ու Վալոդի մարտի 8-ը» հրապարակումները։ Մինչ դատը սկսելը նիստերի քարտուղարը համառորեն փնտրում էր Լիլիթ Հովհաննիսյանին եւ նույն համառությամբ էլ հետաքրքրվում, թե, օրինակ, փաստաբան Հովիկ Արսենյանի կողքին նստածն ո՞վ է։ Երբ ճշտվեց, որ «ՉԻ» գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանն է, հիմա էլ հետաքրքրասիրության այլ ոլորտով տարվեց խոսակցությունը. «գլխավո՞ր, թե՞… խմբագիր»։ Մի խոսքով, այն աստիճանի տափակ էին հարցերը, որ խմբագիրն ի լուր ամենքի տեղեկացրեց, որ «ջրաչափն էլ դրել է»։ Նկատի ուներ՝ «բնակության վայրի»։ Ինչեւէ։ Դատը սկսվեց։ Հայցվորի շահերը կներկայացնի Հայաստանի Փաստաբանների միությունից՝ Կարինե Ավագյանը, պատասխանողինը՝ Փաստաբանների միջազգային միության անդամ Հովիկ Արսենյանը։ Դատավոր Վ. Լալայանը փորձեց ճշտել, թե ո՞ւր է երկրորդ պատասխանողը՝ լրագրող Լիլիթ Հովհաննիսյանը։ Շ. Մաթեւոսյանը պատասխանեց, որ լրագրողը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչն ակնհայտորեն չբավարարեց հայցվորի փաստաբանին։ Վերջինս պահանջեց «ապացույց, որ մեկնել է» եւ նկատեց, որ «անհնար է նիստը շարունակել առանց լրագրողի»։ Նա նաեւ ակնարկեց, որ «երկրորդ հոդվածի հեղինակն էլ «Լ. Հ.» կեղծանվամբ», հնարավոր է՝ Լիլիթը լինի։ Փաստաբանը «հասցրել էր» ճշտել, որ «Լիլիթ Հովհաննիսյան անուն-ազգանուն 50-ից ավելի են» եւ գլխավոր խմբագրից փորձում էր ճշտել հայրանունը։ Նախ՝ փաստաբանին տեղեկացնենք, որ լրագրողը «կեղծանուն» չի ունենում, այլ «ԶԼՄ» օրենքի համաձայն՝ «ծածկանուն»։ Իսկ կեղծանունից կամ ծածկանունից հայրանուն պահանջելը ծիծաղելիության աստիճանի հիմարություն է։ Նիստը հետաձգվեց։ Լիլիթ Հովհաննիսյանի փնտրտուքը շարունակվելու է։ Դատավորը, հետաձգելով նիստը, չբացառեց, որ կողմերը դիմեն հաշտության։ Շողեր Մաթեւոսյանը կանդամագրվի՞ Կոմկուսին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ