«Արտա՛շ, պինդ կաց» Մի հանրահավաքի կարգախոսից Մեր թերթն աշխատում է պահպանել հավասարակշռության սկզբունքը եւ լուսաբանել բոլոր քաղաքական ուժերի քարոզարշավները։ «Ազգային միաբանություն» կուսակցության նախընտրական շտաբի պետ Ալեքսան Կարապետյանը օրեր շարունակ որեւէ կոնկրետ տեղեկատվություն չէր հայտնում մեր թղթակցին։ Կիրակի օրը ի վերջո մենք փորձեցինք անձամբ Արտաշես Գեղամյանից ճշտել՝ չե՞ն ցանկանում, որ մեր թերթը լուսաբանի «ԱՄ» քարոզարշավը։ Պրն Գեղամյանն ի վերջո խոստովանեց, որ չեն ցանկանում, եւ իրենց բավարարում են մեր թերթում տպագրված Vox populi սոցհարցումների արդյունքները։ Ի դեպ, ըստ այդ հարցումների (որոնց հետ մեր թերթը կապ ունի այնքանով, որ տարածք է տրամադրել տպագրության համար), մայիսի 1-ի դրությամբ «ԱՄ»-ի օգտին քվեարկելու ցանկություն է հայտնել ընտրողների 5,71%-ը, իսկ «Արդարություն» դաշինքի օգտին՝ 15,81%-ը։ Եթե պրն Գեղամյանը կարծում է, թե «ԱՄ»-ն ավելին է, քան 5,71%-ը, մեղմ ասած, մոլորության մեջ է, որովհետեւ ինչպես բոլոր կուսակցությունների, այնպես էլ «ԱՄ»-ի հանդեպ ժողովրդի հետաքրքրությունը մարել է։ «ԱՄ»-ի հանդեպ ժողովրդի վերաբերմունքը փոխվեց հատկապես այն ժամանակ, երբ Ա. Գեղամյանը խախտեց ընդդիմադիր 16 քաղաքական ուժերի հետ պայմանավորվածությունը եւ չպաշտպանեց 2-րդ փուլ անցած ընդդիմության թեկնածուին։ Գաղտնիք չէ, որ «ԱՄ»-ի հանդիպումները հանրապետության մարզերում անցնում են սակավամարդ եւ առանց էնտուզիազմի ու նույնիսկ վարձու շալակողներն այլեւս Ա. Գեղամյանին ձեռքերի վրա չեն տանում։ Այս ամենը պրն Գեղամյանը եւ նրա շրջապատը մեզնից լավ գիտեն եւ այդ պատճառով խուսափում են ընտրողներին հանդիպել լրատվամիջոցների ներկայությամբ։ Միայն «Հայլուրին» է տրված «ԱՄ» քարոզարշավը լուսաբանելու «պատիվը», վերջինս էլ իր ռեպորտաժներում ցուցադրում է նախագահական ընտրությունների արդեն հնացած կադրերը՝ իբր հանդիպումները բազմամարդ են։ Շատերն են հիշում, թե ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ ինչ-որ պահի պրն Գեղամյանը «արգելեց» նաեւ Հ1-ին՝ լուսաբանել իր այցերը եւ դեռ հայտարարեց. «Ի՛նչ է, ես թասիբ չունե՞մ, որ թույլ տամ Հ1-ը լուսաբանի իմ այցերը»։ Հիմա ստացվում է, որ «թասիբի» վիճակը վատ է։ Ընտրազանգվածը հիասթափված է քաղաքական ուժերից ընդհանրապես, «ԱՄ»-ից՝ մասնավորապես, որովհետեւ քիչ թե շատ վերլուծական միտք ունեցող ընտրողի համար այլեւս գաղտնիք չէ, որ «Ազգային միաբանությունը» ընդդիմություն է այնքանով, որքանով դա հարմար է իշխանություններին, եւ որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու են, որ ապագա խորհրդարանում ընդդիմության անվան տակ հանդես գա հենց Արտաշես Գեղամյանը։ Այնպես որ, առանձնապես մեզ դժբախտ չենք զգում, որ չենք լուսաբանելու պրն Գեղամյանի եւ նրան շրջապատողների քարոզարշավը։ Ընդհակառակը։ Նաեւ վստահ ենք, որ Արտաշես Գեղամյանին ոչ թե մեր թերթում տպագրված սոցհարցումների արդյունքներն են «բավարարում», այլ՝ որոշ լրատվամիջոցներում նրա շտաբի պետի տված հարցազրույցները։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ