ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ ՔԱՐՈԶ Տիգրան Նաղդալյանի սպանության առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը թեեւ այս պահի դրությամբ պաշտոնապես դեռ ավարտված չէ, բայց շատ մոտ է ավարտին: Նկատի ունենալով այս գործի հնչեղությունն ու նաեւ դրա առնչությամբ վերջերս մամուլի միջոցներում հրապարակված որոշակի տեղեկատվության նկատմամբ հետաքրքրությունը, դիմեցինք գործով անցնող մեղադրյալ Արմեն Սարգսյանի փաստաբան Ռոբերտ Գրիգորյանին: Նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ մասնավորապես Ա.Սարգսյանի փաստաբաններն են մի քանի անգամ առիթ ունեցել հայտարարել, թե իրենց վստահորդն իրեն մեղավոր չի ճանաչում իրեն առաջադրված մեղադրանքում, հակառակ պնդումները մամուլում ինքնին միտում են պարունակում: Ըստ էության, հայտնի է, որ կան ուժեր, ովքեր դեռ մինչեւ Ա.Սարգսյանի ձերբակալությունն էին սկսել հասարակական կարծիք ձեւավորել՝ հաստատ համոզմունքով, որ Տ.Նաղդալյանի սպանությանն առնչվում է Սարգսյանների ընտանիքը, թեեւ այդ հետո էր, որ պետք է կալանավորվեր Ա.Սարգսյանի դեմ ցուցմունք տված միակ մարդը՝ «Ապերը»: Տպավորություն կա, թե հետեւողական քաղաքականություն է տարվում Ա.Սարգսյանի՝ սպանության պատվիրատուն լինելու վարկածը հանրության գիտակցության մեջ եւս մեկ անգամ արմատավորելու համար՝ այս անգամ էլ վստահեցնելով, թե սպանության համար, իբր, գումար տված Ա.Սարգսյանը չի էլ վիճարկում, որ դրա պատվիրատուն ինքն է: Սա արդեն ակնհայտ եւ նպատակային կեղծիք է: «Այն, որ քրգործի հենց սկզբից որոշ ուժեր անհրաժեշտ համարեցին՝ նախաքննության գաղտնիության պահանջները չպահպանելու ռիսկով, տվյալներ հրապարակել, ինձ հիմք է տալիս ասելու, որ, այո, նման մեթոդով նախաքննական մարմինը ցանկանում էր հասարակական կարծիք ստեղծել: Հիմա էլ, իրենց կարծիքով, շատ զգուշորեն, միամտորեն ներկայացնում են, թե Ա.Սարգսյանն իր մեղադրանքը չի վիճարկում: Թե ինչո՞ւ այդ որոշումը չի բողոքարկվել, ինչո՞ւ դրա առնչությամբ միջնորդություն չի ներկայացվել քննիչին՝ այլ հարց է: Մենք գտնում էինք, որ նախաքննական մարմինը իրավունք ունի կասկածելու, հաղորդումը ստուգելու բավարար հիմք, երբ գործով անցնող այլ մեղադրյալներ ինչ-որ կերպ թեկուզ ակնարկել են Ա.Սարգսյանի անունը: Մենք հնարավորություն ենք տվել, որ նախաքննական մարմինը բազմակողմանիորեն, խորությամբ, բայցեւ օբյեկտիվ ուսումնասիրի այդ գործը: Ի վերջո, մեր նպատակը նախաքննության արդյունքը ստանալն է եղել: Նախաքննության ամբողջ ընթացքում որեւէ վկա, անձ Ա.Սարգսյանի մասին ցուցմունք չի տվել այն բովանդակությամբ, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Այն է՝ նա պատվիրել է սպանությունը, դրա համար առաջարկել է գումար, եւ մարդիկ այդ գումարին համաձայնելով՝ սպանություն են կազմակերպել, իրականացրել: Այսպիսի ցուցմունքներ չկան, ընդ որում՝ խոսքը նաեւ «Ապերի» եւ Լյովա Հարությունյանի մասին է: Գործում, կրկնում եմ, չկան Ա.Սարգսյանին պատվիրատուի մեղադրանք առաջադրելու անհրաժեշտ ցուցմունքներ, ու երեւի այս սպանության գործը շատ ինքնատիպ է հենց այս իմաստով»,- պնդեց Ռ.Գրիգորյանը: Ըստ էության, Ա.Սարգսյանին այս գործում ներքաշելու սկզբից ի վեր՝ նրա եւ «Ապերի» ցուցմունքներից միտումնավոր մոնտաժված ու առանձնացված հատվածներ հրապարակելու նպատակն էլ հասարակական կարծիք ստեղծելն էր, որը, փաստաբանի ասելով՝ «նախաքննական մարմինն ուզում է իբրեւ մեխ խփել պատին ու դրանից կախել Ա.Սարգսյանի՝ սպանության պատվիրատուի, պատմուճանը: Մինչդեռ նախաքննության ֆունկցիան տպավորություն ստեղծելը չէ»: Հիշյալ քրգործի նյութերից, ըստ փաստաբանի, հետեւում է, որ Ա. Սարգսյանի դեմ՝ որպես սպանության պատվիրատուի, անուղղակի ցուցմունք տված «Ապերն» էլ միայն սպանությունից հետո է ի հայտ եկել՝ «փող ստանալու» նախաձեռնությունը Լ.Հարությունյանից իր ձեռքը վերցնելով: «Փաստորեն իմ պաշտպանյալին մեղադրանք են առաջադրել «Ապերի» ցուցմունքով, իսկ մյուսների անուղղակի ցուցմունքներն էլ մի սկզբնաղբյուր ունեն՝ դարձյալ «Ապերը»: Սպանությունն իրականացնողների ցուցմունքները ոչ թե կշիռ են ստեղծել, այլ Ա.Սարգսյանի՝ սպանության պատվիրատու լինելու մասին իրենց տեղեկության աղբյուր՝ վկայակոչել են «Ապերին»: Նրանք երբեք Ա.Սարգսյանից պատվեր չեն ստացել: Արմենը նման խնդրանքով նրանց չի դիմել, գումար չի առաջարկել: Մեկ ցուցմունք՝ մեկի դեմ: Նախաքննության տվյալները՝ այս պահի դրությամբ, մեր կարծիքով, բավարար հիմքեր չունեն ասելու, որ Ա.Սարգսյանը սպանության պատվիրատու է: Նրա հարցաքննության ժամանակ բացարձակապես ոչ մի ապացույց չի ներկայացվել, որ նա Տ.Նաղդալյանի մասնագիտական գործունեության նկատմամբ դժգոհություն է ունեցել: Այդպիսի հարց նրան չի էլ տրվել: Ուրեմն ո՞վ է որոշել, որ նա կարող էր Տ.Նաղդալյանի սպանությունը պատվիրել «վրեժխնդրության» դրդումներով: Սպանության մոտիվը, շարժառիթը քննությամբ ապացուցված, հիմնավորված չէ: Եվ Ա.Սարգսյանն այդ իմաստով է նաեւ, որ իրեն մեղավոր չի ճանաչում»: «Ես պատրաստվում եմ միջնորդությամբ դիմել Ա.Սարգսյանին առաջադրված մեղադրանքը կարճելու համար՝ հանցակազմի բացակայության պատճառով»,- չէր հոգնում կրկնել պարոն Գրիգորյանը: Ի դեպ, ասում են նաեւ, թե քրգործի նախաքննությունը վարող խմբի կողմից քննությանը խորթ մեթոդների կիրառման վերաբերյալ որեւէ փաստ չի արձանագրվել: «Նայած, թե այդ ասելով՝ ինչ նկատի ունեն: Եթե անպայմանորեն ծեծ ու բռնությունը… Բայց քննությանը խորթ մեթոդները միայն սրանք չեն: Այդպիսիք են նաեւ Քրեադատավարական օրենսգրքով չնախատեսված կարգով հարցաքննություն վարելը՝ թեկուզ առանց բռնությունների կիրառման, երբ քննիչն առանց ձայնը բարձրացնելու, շատ հանգիստ ու ժպիտով հարցաքննում է մեղադրյալին: «Խորթ մեթոդ» է, երբ իմ պաշտպանյալին հարցերը ներկայացվում են այնպիսի ձեւակերպմամբ, որն արգելվում է օրենքով: Օրինակ՝ «նախաքննությամբ հաստատված եւ ապացուցված է, որ դուք այս բանն արել եք, ինչո՞ւ եք համառում, թե չեք արել: Կամ՝ ներկայացնում են ոչ ճիշտ տեղեկություններ ու փորձում դրա հիման վրա ցուցմունքներ կորզել. այս վկան այսպիսի ցուցմունք է տվել, դուք ասում եք հակառակը: Ինչո՞ւ չեք ընդունում որ դա այդպես է, ու շարունակում եք պնդել ձերը: Եվ այս հարցադրումը չի մտնում հարցաքննության արձանագրության մեջ, որպեսզի ոչ ճիշտ տեղեկատվությունը չարձանագրվի: Խաբեբայությամբ ցուցմունք կորզել չի կարելի: Կամ՝ քննչական գործողության խորթ միջոց չէ՝ ի՞նչ է, երբ առերեսման մասնակցող փաստաբանին արգելում են հարցաքննվողներին հարցեր տալ»,- արձանագրեց փաստաբանը՝ հավելելով, որ նման փաստեր էլի կան: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ