Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ

Մայիս 08,2003 00:00

ԵՐԿՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ Թեեւ «Արդարություն» կուսակցության համառ հերքումներին՝ չեն դադարում այն մեկնաբանությունները, թե ընտրարշավում նրանց ներգրավելու եւ միտումնավոր խառնաշփոթ ստեղծելու միջոցով նպատակ էր հետապնդվում ձայներ խլել ընդդիմադիր «Արդարություն» դաշինքից: Իհարկե, այս խառնաշփոթի համար առաջին հերթին մեղավոր է հենց «Արդարություն» դաշինքը. փոքր-ինչ շրջահայացությունը չէր խանգարի, որ ԿԸՀ դիմելուց առաջ արդարադատության նախարարությունում ստուգեին, թե արդյոք չկա՞ նույն անունով գրանցված մեկ այլ կազմակերպություն: Նրանց վրիպումն օգտագործվեց անմիջապես: Եվ «Արդարություն» կուսակցության երիտասարդների իսկ խոստովանությամբ՝ հայտ ներկայացնելու վերջնաժամկետից ընդամենը 32 ժամ առաջ նրանք որոշեցին մասնակցել ընտրություններին՝ ցուցակում ընդգրկելով 10 հոգու, որոնցից միայն 5-րդն է՝ Արթուր Բալոյանը, 1999-ին գրանցված «Արդարություն» կուսակցության նախագահը: Մնացած բոլորն անկուսակցականներ են: ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը համաձայնեց, որ իրենց բացթողումն էր՝ «Անունը որոշելուց եւ գրանցման համար դիմելուց առաջ պետք է պարզեինք՝ այն չի՞ կրկնում որեւէ այլ կազմակերպության: Բայց «Արդարություն» կուսակցության աշխուժացումը սկսվեց այն բանից հետո, երբ մենք հայտարարեցինք դաշինքի անունը»: Իհարկե, քաղաքականությամբ հետաքրքրվող որեւէ մեկը չի առարկի, թե մինչ այդ չէր լսել այդ կուսակցության, նրա գործունեության կամ թեկուզ՝ անցկացրած համագումարների մասին: Իսկ համաձայն արդարադատության նախարարությունում գրանցված կանոնադրության՝ կուսակցությունը գոնե պետք է որոշակի պարբերականությամբ անցկացներ համագումարներ: Ֆելիքս Խաչատրյանը պարզել էր, որ «Արդարություն» կուսակցությունը գրանցված է Շիրվանզադեի-2, բնակարան 10 հասցեում. «Մենք հետաքրքրվել ենք՝ այդ բնակարանի բնակիչներն ընդհանրապես գաղափար չունեն այս կուսակցությունից, եւ ընտրական ցուցակում նշված 10 ազգանուններից որեւէ մեկը գրանցված չէ այս հասցեում»: Այսինքն՝ կուսակցության իրավաբանական հասցեն ակնհայտորեն կեղծ է: ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչը նաեւ հիշատակեց «Ընտրական օրենսգրքի» պահանջը, ըստ որի՝ համամասնական ցուցակը հաստատվում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կողմից, եւ տարակուսանք հայտնեց՝ «Ո՞նց կարող է պատահի՝ չգիտես որտեղ հավաքվել են 50 կամ 100 կուսակցականներ ու որոշել, թե անկուսակցականների են առաջադրելու իրենց կուսակցական ցուցակով: Կասկածելի է՝ գուցե նրանք չունե՞ն նման ղեկավար մարմին»: Այս հարցերին մեր խնդրանքով պատասխանեց «Երիտասարդական ակումբների դաշնության» նախագահ Ատոմ Մխիթարյանը, որն անկուսակցական լինելով՝ «Արդարություն» կուսակցության ցանկում երկրորդն է. «Արդարություն» հասարակական-քաղաքական կազմակերպությունը մարտի 12-ի իր վարչության նիստում որոշում էր կայացրել ընտրություններին մասնակցելու մասին: Մինչ այդ մենք որոշակի բանակցություններ էինք վարում «Արդարության» եւ մի քանի այլ կուսակցությունների հետ, որոնք ցանկանում էին երիտասարդական հասարակական կազմակերպությունների առաջնորդների ընդգրկել ցուցակում: «Արդարություն» կուսակցության ցուցակում ընդգրկվելու որոշում կայացրինք միայն մարտի 16-ից (ԿԸՀ հայտ ներկայացնելու վերջնաժամկետը.- Ա. Ի.) մի երկու օր շուտ»: Մեր հարցին, թե ինչու է «Արդարության» ցուցակում միայն մեկ «Արդարության» անդամ՝ պրն Մխիթարյանը պատասխանեց. «Կուսակցության վարչությունը որոշել էր, որ ավելի շատ փորձ ունեցող մարդիկ պիտի ղեկավարեն ցուցակը: Եվ այն մարդիկ, որոնք ընդգրկվեցին ցուցակում՝ պարզ է, որ ավելի շատ փորձ ունեն հասարակական եւ երիտասարդությանը վերաբերող ոլորտներում: Բացի դրանից՝ մեկ ուրիշ հանգամանք էլ կա. կուսակցության մոտ 300 անդամների մեծամասնության միջին տարիքը 25 է, եւ մարդիկ կային, որ ավելի ակտիվ էին, բայց նրանց 25-ը (պատգամավոր դառնալու համար անհրաժեշտ տարիքը.- Ա. Ի.) լրացած չէր»: Առաջին տեղերում հայտնվածների եւ Ռոբերտ Քոչարյանի առնչությունների մասին հարցադրումներին ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. նախ՝ «Հաշմանդամների «Փյունիկ» միության հարաբերություններն իշխանությունների հետ միշտ լավ են եղել՝ նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք: Դա կապված չէ անձամբ Ռոբերտ Քոչարյանի հետ», իսկ ինչ վերաբերում է նրան, որ ցուցակում ընդգրկվածները Քոչարյանի թեկնածությունն առաջադրած նախաձեռնող խմբից են՝ «Մեր ցուցակում կան մարդիկ, որոնք աջակցել են ե՛ւ Քոչարյանին, եւ Դեմիրճյանին՝ ընտրությունների երկրորդ փուլում: Ճիշտ եք՝ Արսեն Քարամյանն իսկապես աջակցել է Քոչարյանին»: Չդադարող մեկնաբանությունների առնչությամբ, թե «Արդարություն» կուսակցության մասնակցությունն ընտրարշավին սխալների շնորհիվ «Արդարություն» դաշինքից գոնե 1-2% ձայներ խլելու նպատակն է հետապնդում՝ Ատոմ Մխիթարյանն ասաց. «Ի վնաս մեզ է աշխատելու այդ անունների համընկնումը, քանի որ քվեաթերթիկում «Արդարություն» դաշինքի անունը մեկ աստիճանով ավելի վերեւ է, եւ վերեւից ներքեւ կարդալով՝ մեր ընտրողը կարող է եւ սխալվել ու ընտրել նրանց»: Հարձակումն, իհարկե, պաշտպանության լավագույն ձեւն է: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել