Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԻԿԱՍՈՅԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ»

Մայիս 07,2003 00:00

«ՊԻԿԱՍՈՅԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ» «Դետի Պիկասո» խմբի պատմությունը սկսվում 1999 թվականից։ Գայանե եւ Կարեն Հարությունյանները Սանկտ Պետերբուրգում փորձել են ստեղծել ոչ թե մոդայիկ, այլ արդիական երաժշտություն, այնպիսին, որ հնչում էր իրենց սրտերում։ Նրանք Սանկտ Պետերբուրգի հանդիսատեսին ներկայացան հայերեն երգերով եւ այդ քայլն ընդունվեց հիացմունքով։ Ի թիվս այլ համերգների, 2002-ին խումբը մասնակցեց մի միջոցառման, որ նվիրված էր հայերի եւ հույների եղեռնին։ Նրանք երգով միացան նաեւ «Ռոքը Կովկասում՝ հանուն խաղաղության» փառատոնին։ Խմբի լավագույն համարները ժողովրդական եւ ռոք երաժշտության հաջողված զուգակցում են։ «Դետի Պիկասոյի» ամենաեռանդուն անդամը Կարեն Հարությունյանն է, նա կարող է ողջ օրն անցկացնել կիթառը ձեռքին, նաեւ պահանջել, որ մյուսներն էլ շատ աշխատեն։ Մարտի վերջերին Մոսկվայում կայացավ «Պիկասոյի երեխաները» խմբի «Էթնիկական փորձեր» խորագրով ծրագրի շնորհանդեսը։ Համերգից առաջ ցուցադրվեց Փարաջանովի «Նռան գույնը» (մինչդեռ երեւանյան կինոթատրոններում հաճախ ոչինչ չասող ֆիլմեր են ցուցադրվում ու կինոթատրոններից ոչ մեկը չի փորձում Փարաջանովի արվեստը ներկայացնել)։ «Պիկասոյի երեխաները» մի գեղեցիկ ավանդույթ էլ ունեն՝ նրանք, ինչպես մյուս համերգներին, այս անգամ եւս, հանդիսատեսին բաժանեցին հայկական մշակույթի վերաբերյալ գրքույկներ։ Համերգի ժամանակ մեծ էկրանի վրա ցուցադրվում էին հայկական խորհրդանիշեր՝ դրվագներ տեսարժան վայրերից, ճարտարապետության նմուշներ, ազգային զարդանախշեր եւ այլն։ «Պիկասոյի երեխաների» կարծիքով, այդպես իրենց երգերն ավելի հասու են դառնում ներկաներին։ Որովհետեւ անգամ համերգին ներկա հայերը չէին կարող հասկանալ գրաբարով կատարվող որոշ երգերի իմաստը։ Դահլիճն աշխուժացել էր հատկապես «Ով սիրուն, սիրուն» երգի ժամանակ։ Իսկ «Ծիրանի ծառը» հանդիսատեսի խնդրանքով կատարվեց մի քանի անգամ։ Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել