Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ընտանեկան բռնություն» ծրագիրը՝ Հայաստանում

Մայիս 07,2003 00:00

«Ընտանեկան բռնություն» ծրագիրը՝ Հայաստանում Ընտանեկան բռնությունը նույնպես հանցագործություն է, որը կարող է լինել հոգեբանական, ֆիզիկական, սեռական եւ տնտեսական բնույթի։ Բռնության նպատակը այլ անձի վարքագծի, զգացմունքների եւ կյանքի նկատմամբ հսկողություն եւ իշխանություն հաստատելն է։ Ըստ վիճակագրության, տուժածների 95%-ը կանայք են։ Բռնարարքի մասնակից կարող են դառնալ հիմնականում ամուսինները (ներկա եւ նախկին), ամուսնու ընտանիքի անդամները՝ հարսի կամ հարսը՝ սկեսուրի նկատմամբ, ծնողները իրենց խորթ զավակներով եւ զավակները՝ խորթ ծնողներով։ Բռնություն կիրառողները միշտ էլ չարաշահում են իրենց իշխանությունը։ Բազմազան են բռնության պատճառները. կասկածամտություն եւ խանդ, ալկոհոլային խմիչքների չարաշահում, հակումը թմրադեղերի նկատմամբ եւ թմրամոլություն, գործազրկություն։ Փոքր տոկոս են կազմում նաեւ կնոջ հիվանդությունը, տղա չունենալը (չբերությունը), փոխադարձ դավաճանությունը, աղանդավորությունը, ամուսնու հանցագործ անցյալը, սեռական անհամապատասխանությունը, նահապետական ավանդույթները, սեփական ուժերի նկատմամբ թերարժեքությունը եւ այլ պատճառներ։ Սկսած 2002թ. հոկտեմբերից, Հելսինկյան ընկերակցության եւ «Ծովինար» – Կանայք ընդդեմ բռնության հասարակական կազմակերպությունները համատեղ իրականացնում են «Ընտանեկան բռնություն» ծրագիրը։ Այն ընդգրկում է Երեւան քաղաքը եւ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Տավուշի մարզերը։ Իրավաբանի, լրագրողի, հոգեբանի եւ իրավապաշտպանի մասնագիտություն ունեցող մոնիտորները եղել են տարբեր վայրերում եւ հավաքել շուրջ 400 տեղեկություն։ Այդ տեղեկությունների մի փոքր մասը հրապարակվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական օժանդակությամբ եւ նպատակ ունի հասարակությանը ծանոթացնել հանրապետությունում տիրող ընդհանուր իրավիճակին։ Հատկանշականն այն է, որ բռնության ենթարկվող կանանց մեծամասնությունը գտնում է, որ «հայ կինը չպետք է բացահայտի ընտանեկան գաղտնիքը եւ պարտավոր է լուռ դիմանալ ցանկացած բռնության՝ հանուն երեխաների»։ «Ընտանեկան բռնության» ծրագրում կարեւորվում է նաեւ բռնության հարցերով զբաղվող փաստաբանների դերը, որոնք հաճախ են բախվում նմանատիպ երեւույթների եւ օգնում են վստահորդներին ձեռք բերել բնակության անվտանգ պայմաններ, տնտեսական անկախություն, լուծել երեխաների խնամակալության հարցը, վճարել բժշկական ծախսերը, կարգավորել բռնարարին պատասխանատվության ենթարկելու հարցերը։ Երբ փաստաբանը չի կարողանում լուծել ընտանեկան բռնության հարցը իրավաբանորեն, նա վտանգում է վստահորդի կյանքը՝ միջոցներ չձեռնարկելու հետեւանքով։ Ընտանեկան բռնության տարատեսակներին, դրա դեմ պայքարի միջազգային փորձին կարելի է ծանոթանալ «Ընտանեկան բռնություն» ձեռնարկի միջոցով, որի հրատարակությունը իրագործվել է նույն կազմակերպությունների կողմից։ ՄԵԼՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել