ԼՂՀ հարցում Հայաստանի վրա ճնշումներ կլինե՞ն Քարոզարշավի մարզային այցելությունները Հայաստանի Քրիստոնեա- դեմոկրատական միություն կուսակցությունը սկսեց երեկ՝ Արարատի մարզից։ «Այս ընտրությունները մեզ համար կարեւոր են ոչ միայն նրա համար, թե ի՞նչ որակի խորհրդարան կունենանք,- Մասիս քաղաքի հանդիպման ժամանակ ասաց կուսակցության համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Խոսրով Հարությունյանը,- այլ քաղաքական զարգացումներից ակնհայտ է, որ առաջիկայում ԼՂՀ հարցում Հայաստանի վրա ճնշումներ են լինելու»։ Ուստի ՔԴՄ առաջնորդի կարծիքով, գերխնդիր է՝ «կկարողանա՞ն մեր խորհրդարանականները հակադրվել՝ հավասարը հավասարին սկզբունքով»։ Այդ իսկ պատճառով էլ ՔԴՄ-ն արդիական քաղաքական խնդիր է համարում՝ «Մենք կատարում ենք ընտրություն հանուն զարգացման, թե հանուն մի կտոր հացի»։ Մարմարաշեն գյուղում սույն դիտարկմանն այսպես արձագանքեց մի, ինչպես ինքը ներկայացավ, բանվոր կին. «Իսկ եթե ժողովուրդը չի ընտրում, բայց ինքը ընտրվում ա. ես իմ ձայնը չեմ վաճառում, բայց այն տեղ չի հասնում»։ Հոռետեսության ճիրաններում հայտնված ժողովրդին պարոն Հարությունյանն, այնուամենայնիվ, խորհուրդ տվեց «այդպես սկզբունքային էլ շարունակել, որպեսզի իրավիճակն ի վերջո շտկվի։ Թե չէ ով հիմա 10 հազար է տալիս, վաղը 100 հազարն է տանելու»։ Ներկայացնելով կուսակցության ծրագրային դրույթները, որոնք, ըստ Խ. Հարությունյանի, ի վերջո հանգում են մի հարցի. «Ինչո՞ւ ենք վատ ապրում», քրիստոնեա-դեմոկրատներն, ըստ էության, պատճառը միակն են համարում. «որովհետեւ մոռացել ենք կարեւորը եւ էականը՝ մարդուն։ ՔԴՄ-ի համար կարեւորագույն արժեքը մարդն է»։ Ուստի խնդրի լուծումն ըստ ՔԴՄ-ի՝ «քաղաքացու բարեկեցության ճանապարհով երկրի տնտեսական զարգացում ապահովելն է»։ Նաեւ՝ «դարեր շարունակ մեզ մեր կրթությունն ու մշակույթն են փրկել»։ Այսօր էլ երկրի փրկությունը քրիստոնեա-դեմոկրատները դրանցում են տեսնում։ Ի վերջո. «մենք հեծանիվ չենք հնարում եւ դուր գալու խնդիր էլ չունենք,- ասում է Խ. Հարությունյանը,- մենք ասում ենք այն, ինչ եվրոպաներն արել են եւ այժմ լավ են ապրում»։ «Ես էս երկրի լավին էլ եմ տեր, վատի համար էլ ինձ պատասխանատու եմ զգում»,- պոտենցիալ ընտրողներին խոստովանեց Խոսրով Հարությունյանը։ Վերջիններս էլ իրենց խորհուրդը տվեցին՝ «պտի շուտ-շուտ գաք, չթողեք քանդվի՝ նոր»։ Իհարկե, հերթական առիթն էր եւ բոլոր գյուղերի բնակիչներն էլ այն օգտագործեցին իրենց դարդ ու ցավը «մեծավորներին» պատմելու։ Իսկ Արարատյան դաշտավայրի դարդ ու ցավը մեկն է՝ ոռոգման, այժմ նաեւ՝ խմելու ջրի խնդիրը։ Ոռոգման ջրի հարցն առավել արդիական է մասսայական ցրտահարությունների ֆոնի վրա. «Հովիկ Աբրահամյանը Ջրաշենի կողմերում հեկտարներով հող ա վերցրել,- բողոքեց սուրենավանցի մի տատիկ,- ծառ ու յոնջայա ցանել, մեր գյուղի ջուրը փակել են նրա բար ու բախչայի համար։ Իմ ցորենն էլ անջուր չորացավ…»։ Արարատ քաղաքում ՔԴՄ պատվիրակությանը դիմավորեց քաղաքապետ Հակոբ Թովմասյանը։ Վերջինս էլ իր հերթին խոսեց քաղաքի եւ տեղական իշխանությունների խնդիրներից։ Ամենաջերմ ընդունելությանը ՔԴՄ-ականներն արժանացան Այգավան գյուղում։ Դրա համար հիմնավոր պատճառ կար. Խ. Հարությունյանն արմատներով այդ բնակավայրից է։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ