ՊԱՐՏՎԵՑ ԴԱՏԱԿԱՆ ԵՐԵՔ ԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ 75-ամյա Վոլոդյա Խաչատրյանը եւ նրա 71-ամյա կինը 2-րդ կարգի հաշմանդամներ են։ Նրանց անունը կարելի է գտնել աղքատության նպաստ ստացողների ցուցակում։ 1998-ին Վ. Խաչատրյանը «Հայխնայբանկից» 5 մլն դրամ գումար վարկ է վերցնում՝ գրավ դնելով 20 հազար դոլար արժողության, կինո «Հայրենիքի» մոտ գտնվող իր 4 սենյականոց բնակարանը։ Ըստ վարկային պայմանագրի, գումարը պետք է վերադարձվեր 6 ամիս հետո։ Քաղաքացին, որ ուներ «Անահիտ-89» կոոպերատիվը, համոզված էր, որ վարկը կփակի, սակայն հիվանդանում է եւ հայտնվում բանկի հետ կնքած պայմանագրի ճիրաններում։ Բանկը աճուրդի կարգով 4-5 անգամ փորձում է վաճառել բնակարանը, յուրաքանչյուր անգամ բնակարանի գինն իջեցնելով 20%-ով։ Սակայն Վոլոդյա Խաչատրյանին 6000 դոլար պարտք էր քաղաքացի Ա. Մնոյանը, որի բնակարանի վրա արգելք է դրվում։ Վ. Խաչատրյանը դիմեց «Հայխնայբանկին», թե արդյոք Մնոյանի պարտքը հնարավո՞ր է փոխանցել։ Շենգավիթի ԴԱՀԿ-ի աշխատակից Պավել Գրիգորյանը, ըստ Վ. Խաչատրյանի պատմածի, պատասխանում է, որ «Վաճառքից կարող ենք հանել բնակարանն այն դեպքում, երբ բանկը պաշտոնապես գրություն ուղարկի եւ կատարողականը ետ պահանջի»։ Քաղաքացին հավատով դիմում է վարչության պետին, որը համաձայնում է։ Վարչության պետը դիմում է ԴԱՀԿ Երեւանի ստորաբաժանման պետ Ա. Խաչատրյանին, գրելով. «Ձեր ստորաբաժանման վարույթում է գտնվում կատարողական թերթը «Անահիտ-89» ԱԿ-ից՝ հօգուտ «Հայխնայբանկ» ՓԲԸ-ի գումար բռնագանձելու վերաբերյալ։ Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41 հոդվածի 1-ին կետը, խնդրում եմ «Հայխնայբանկին» վերադարձնել նշված կատարողական թերթը»։ «ԴԱՀԿ-ն անտեսեց իրեն հասցեագրված գ րությունը»,- ասում է Վ. Խաչատրյանը։ Հանդես է գալիս իբրեւ Ա. Մարջանյանի վստահված անձ ԴԱՀԿ-ի աշխատակցի «օրթախ ընկերը»՝ Լյովա Թերզիբաշյանը։ Քաղաքացին մինչեւ ուշքի կգար, հանկարծ իմանում է, որ աճուրդ-վաճառք է տեղի ունեցել։ Քաղաքացին դիմում է Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների 1-ին ատյանի դատարան՝ «աճուրդն (02.07.2002թ.) անվավեր ճանաչելու մասին» պահանջով, ուր պատասխանողներ էին ճանաչվել ԴԱՀԿ-ն, «Հայխնայբանկն» ու Ա. Մարջանյանը։ Դատարանը մերժում է հայցը, ավելին, հաշվի չի առնում հայցվորի այն պատճառաբանությունները, որ բնակարանի գործարքի արդյունքում խախտվել են 2 համասեփականատերերի իրավունքները։ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց առաջին ատյանի վճիռը։ Վճռաբեկում թոշակառուն նույնպես պարտվեց։ «Դատարանը չի գնահատել գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, որ դեռեւս աճուրդը չկայացած, պահանջատեր «Հայխնայբանկը» 23.05.2002թ. գրավոր ԴԱՀԿ ծառայությունից խնդրել է գրավն աճուրդից հանել, սակայն ԴԱՀԿ-ն փոխանակ որոշում կայացներ վարույթն ավարտելու մասին եւ կատարողական թերթը վերադարձներ ինձ, միջնորդությունս օրենքով սահմանված կարգով քննության առարկա չդարձրեց»,- ասում է Վ. Խաչատրյանը եւ ապա հայտնում, որ աճուրդն անցկացնելուց առնվազն 10 օր առաջ աճուրդի անցկացման մասին հարկադիր կատարողը որոշումը պետք է ուղարկեր իրեն։ Նման բան չի եղել, հետեւաբար խախտվել է աճուրդին մասնակցելու քաղաքացու իրավունքը։ Իմիջիայլոց, «Փարոս» ծրագրում ընդգրկված այս ընտանիքից 10 հազար դրամ պետական տուրքը չզլացան ընդունել, այն դեպքում, երբ քաղաքացին վճռաբեկ բողոքին կցել էր ընտանիքի սոցիալական անապահովության վերաբերյալ անձնագրի եւ 2-րդ խմբի հաշմանդամության տեղեկանքները։ Երբ այդ մասին քաղաքացին գրավոր հայտնում է արդարադատության նախարարությանը, ստացվում է ԱՆ վերահսկողության ծառայության պետ, ՍԴ նախկին դատավոր Վահե Ստեփանյանի պատասխանը, թե «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց ցանկացած միջամտություն դատավորի գործունեությանը արդարադատություն իրականացնելիս անթույլատրելի է եւ առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ ՀՀ արդարադատության նախարարությունն իրավասու չէ միջամտել դատարանների գործունեությանը»։ Ի՞նչ անի քաղաքացին։ Չասի՞, որ պուզատիներից պետական տուրք չի նախընտրում վերցնել դատարանը, եւ անարդարացի մտնում է «Փարոսով» իրենց գոյությունը քարշ տվողների գրպանը։ Քաղաքացին տեղեկացրեց, որ բնակարանից վտարման որոշում կայացրած դատարանը ժամանակավոր կասեցրել է նույն այդ որոշումը։ Նա պահանջում է իր բնակարանի նորոգման գումարները եւ խնդրում, որ իր վարկապատմությունը ուղարկվի հետաքննության։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ