Լրահոս
Օրվա լրահոսը

Անվստահություն են հայտնում գյուղապետին

Մայիս 07,2003 00:00

Անվստահություն են հայտնում գյուղապետին Բաց նամակ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի գյուղապետ Գագիկ Գրիգորյանին կառավարության նիստով անվստահություն հայտնելու առնչությամբ ՀՀ նախագահին եւ վարչապետին ուղղված (07. 04.03թ. եւ 22.04.03թ.) մեր բողոք-դիմումները եւ հեռագրերը մնացել են անարդյունք։ Նախագահի աշխատակազմի նամակների բաժինը դիմումները եւ գյուղապետի ազատազրկման մասին դատավճիռը կառավարության նիստի քննարկմանը ուղարկելու փոխարեն ուղարկել է մարզպետին, որն էլ անարձագանք է թողել։ Նշված գյուղապետի հանցագործությունների մասին ՀՀ գլխավոր դատախազությանը եւ ՆԳ վեցերորդ վարչությանը ուղարկված համայնքի բնակիչների բողոքների, ինչպես նաեւ քրեական գործով ձեռք բերված այլ ապացույցների հիման վրա կալանքի տակ գտնվող գյուղապետը Մարտունու դատարանի 12.03.2003թ. դատավճռով չարդարացվեց, դատապարտվեց 1,5 տարի ազատազրկման՝ Քրեական օրենսգրքի 90 հոդվածի առաջին մասով։ Երեխաներ ունենալու հանգամանքը հաշվի առնվեց որպես մեղմացուցիչ հանգամանք եւ նրա նկատմամբ կիրառվեց 41-րդ հոդվածը, որով մնացած մեկ տարվա պատիժը կրելուց պայմանականորեն ազատվեց, իսկ նրա վարքագծի հսկողությունը դրվեց ոստիկանության վրա։ Չնայած մեղմացմանը, նա համարվում է դատապարտված, պատժի մի մասը անցկացրել է գաղութում։ Կարծում ենք, կառավարությունը պետք է նիստով քննարկի դատավճիռը եւ անվստահություն հայտնի։ Կոռուպցիայի դեմ պայքարելու փոխարեն, մարզպետը, տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վ. Տերտերյանը եւ արդարադատության նախարարի տեղակալ Գ. Մալխասյանը դատավճիռը չներկայացրին կառավարության նիստի քննարկմանը։ Մալխասյանի կարծիքն արտահայտող գրության հիման վրա խոշոր չափով ֆինանս յուրացրած, պաշտոնեական կեղծիք կատարած եւ դատապարտված գյուղապետին 09.04.03թ. մարզպետը վերականգնել է գյուղապետի պաշտոնում։ 10000 բնակիչ ունեցող համայնքը զայրացած է։ Առանց այն էլ դատարանի աչքից «վրիպեցին» բողոքներում նշված մի քանի կետեր։ Խնդրում ենք դատավճիռը քննարկել կառավարության նիստում եւ գյուղապետին հայտնել անվստահություն։ ՎՈԼՈԴՅԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՅՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Համայնքի բնակիչներ Խնդրի վերաբերյալ նախորդ հրապարակումների ժամանակ Ներքին Գետաշենի գյուղապետի պարզաբանումներն ու պատասխանը տպագրելու առնչությամբ «Առավոտի» պատրաստակամությանն ի պատասխան, նա լռել է։ Ամեն դեպքում, նրա փաստարկները եւս տպագրելու մեր մտադրությունը չի փոխվել։ Իսկ բաց նամակը թեեւ միայն երկու հոգի են ստորագրել, հետաքրքրվում էին շատերը, հայտնելով, որ համամիտ են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել