Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԱՏ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ԱՆԵԼՈՒ»

Մայիս 07,2003 00:00

«ՇԱՏ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ԱՆԵԼՈՒ» «Արդարություն» դաշինքի երեկվա հանրահավաքը Կինոյի տանն էր, ծածկի տակ, հավանաբար այդ պատճառով էր համաժողով կոչվել։ Տարբերությունը թերեւս այն էր, որ Ստեփան Դեմիրճյանը խոսեց երկու անգամ՝ սկզբում եւ վերջում՝ ամփոփելով, իր բնորոշմամբ՝ «օգտակար համաժողովը»։ Բոլոր ցանկացողները չէ, որ ներկա գտնվել կարողացան՝ սահմանափակ տարածքի պատճառով։ Շավարշ Քոչարյանը նկատեց, որ Հայաստանում չկա այնպիսի դահլիճ, որ կարողանա տեղավորել իրենց բոլոր համակիրներին. «Մեր համակիրների համար այդ դահլիճը Հայաստանի Հանրապետությունն է»։ Ստ. Դեմիրճյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության, սոցիալ- տնտեսական, քաղաքական զարգացման իրենց պատկերացումների մի քանի դրույթները՝ անընդհատ կարեւորելով այն, որ երկիրը չպետք է կղզիանա եւ դառնա 3-րդ կարգի։ Ինչպես միշտ, հավաքին դարձյալ պատրաստված ելույթ ունեցավ Արամ Զ. Սարգսյանը՝ նույնիսկ հարյուր անգամ ասված բաները ներկայացնելով թարմ, նորովի, թեեւ չընթերցեց նախօրոք պատրաստած տեքստը։ Եթե չենք սխալվում, ժամանակին Վազգեն Սարգսյանը մահապարտներին դիմելով՝ նրանց կոչել էր «երկրի աղը»։ Արամ Զ. Սարգսյանն այսպես անվանեց երեկվա դահլիճի «լուսավոր դեմքերին»։ Երկրի քաղաքական իրավիճակը վերլուծելիս հռետորը Հայաստանի ժողովրդի ընտրելու իրավունքը կոչեց ոչ թե բռնադատված, «այլ ավելի կոպիտ՝… (պաուզա- Ա. Գ.)… բռնազավթված»։ Դաշինքին չմիանալու Արտաշես Գեղամյանի դրդապատճառները պարզելու համար պրն Սարգսյանը կոչ արեց դիմել հենց նրան, թեեւ. «Ինձ համար պարզ է՝ ինչու»։ Ընդդիմությանը վարկաբեկելու իշխանությունների փորձերին նա հակադարձեց. «Մենք (ընդդիմադիրները- Ա. Գ.) իրար զիջել կարո՛ղ ենք։ Էդ օրինակը մենք ցույց ենք տվել։ Մեր միացումը «հանուն»-ի համար է, ոչ թե «ընդդեմ»-ի»։ Չարախնդալու կապակցությամբ. «Դիտորդների գրած թղթերից ես հաճույք չեմ ստանում. դա ի՛մ երկրի մասին է։ Իրենք էլ (իշխանությունները- Ա. Գ.) հաճույք չեն ստանում, գիտեմ, բայց ոչինչ չեն անում, որ չկրկնվի»։ Կեղծ ընդդիմությանն, ի դեմս «Օրինաց երկրի», Ա. Սարգսյանը կոչ արեց, օրինակ, դպրոցների օպտիմալացմանը դեմ կանգնելու փոխարեն, ավելի խոր նայել խնդրին, որն է արտագաղթը։ «Տղա ջան,- ենթադրաբար Արթուր Բաղդասարյանին դիմեց Ա. Սարգսյանը,- խնդիրը դա չէ»։ Այլ այն, որ ավտոբուսներով մարդիկ լքում են Հայաստանը, այդ պատճառով է անհրաժեշտություն առաջանում թերբեռնված դպրոցներն իրար միացնելու. «Ոնց որ ծաղկած ծառը կտրես»։ Վստահություն հայտնելով այսօրվա իշխանությունների գնալու կապակցությամբ, պրն Սարգսյանը չի ուզում, որ դա նման լինի «Սարոյան եղբայրներ» ֆիլմի վերջաբանին, երբ փախչելու միակ ֆայտոնն այնքան փոքր էր, որ ստիպված գնդակահարեցին իրենց ամենահավատարիմ զինակցին։ Վազգեն Մանուկյանը վերհիշեց, որ 1988-ին նույն Կինոյի տան դահլիճից են սկսել քաղաքական պայքարը, եւ «այլեւս դուրս չենք գալիս»։ Փաստորեն՝ ե՛ւ քաղաքականությունից, ե՛ւ դահլիճից։ Այս ու այն երկրին «քցելու» քաղաքականությունը Վ. Մանուկյանը իշխանությունների «երեսով տվեց» եւ հիշեցրեց «էս երկրում ամենամեծ գնահատականը՝ «շուստրի»։ Երկրում կամաց- կամաց ինչ-որ բան փոխելուց հույսը կտրած՝ պրն Մանուկյանը հայտարարեց. «Եթե չստացվի (կամաց-կամաց ժողովրդի վստահության ավելացումը- Ա. Գ.), հասարակությունը իրեն պաշտպանելու համար իրավունք ունի դիմելու ցանկացած մեթոդի»։ Ավելին. «Եթե ԱԺ-ում դաշինքը մեծամասնություն չդարձավ, պետք է համախմբվել, առաջ գնալ, ջարդել էս համակարգը»։ Հուսով ենք, սա պառակտման հող չի դառնա, բայց Հրանտ Խաչատրյանը «խաղաղ՝ կամաց-կամաց» եւ «ցնցումներով» տարբերակներից ընտրեց առաջինը (թեեւ շատ անորոշ ձեւակերպեց)։ Թաթուլ Մանասերյանը առավել մանրամասն ներկայացրեց դաշինքի տնտեսական ծրագիրը, իսկ Արամ Գ. Սարգսյանը, երեւի նոստալգիայով՝ այսօրվա արտաքին քաղաքականության թերությունները։ Բուռն ընդունեցին եւ ճանապարհեցին մաեստրո Օհան Դուրյանին, որի բերանից հնչած «հարիֆ» բառը՝ իշխանությունների հասցեին, ակնհայտ դարձրեց, թե ինչ հուսահատ վիրավորվածության են նրան հասցրել իշխանությունները։ Մեծ էր նրա ցնծությունը, երբ դահլիճը հավաստիացրեց, թե չի խաբվի կեղծ խոստում-հավաստիացումներին. «Երանի՜, որ ժողովուրդը չի հավատում»։ Համաժողովը ոչ մի փաստաթուղթ, բանաձեւ չընդունեց։ Ստ. Դեմիրճյանը վերջում ամրագրեց. «Հսկայական գործ ունենք անելու։ Կոչ եմ անում աշխատանքի»։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել