Լրահոս
Օրվա լրահոսը

«Մահացավ արքան, կեցցե՛ արքան»

Մայիս 07,2003 00:00

«Մահացավ արքան, կեցցե՛ արքան» ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի գնահատմամբ, ՀՀ քաղաքացիների մի խումբը «սատանայահաճոներ» են, իսկ մյուսներն՝ արժանապատիվ ու ազնիվ: Իրենք նախընտրում են «հենվել» վերջինների վրա, քանի որ իրենց նյութական «համեստ» միջոցների նույնիսկ փոքր չափը չեն պատրաստվում օգտագործել «սատանայահաճո գործելակերպի դրսեւորումների» վրա: Հայրիկյանն այս մասին հայտարարեց երեկվա մամուլի ասուլիսում՝ պնդելով, թե ինքն այդ համոզմանն է եկել քարոզարշավների ժամանակ. «Հաճախ կարելի է տեսնել՝ գայթակղողներ, գայթակղվածներ, փչացնողներ, փչացվածներ, կատուներ»,- քաղաքացիներին նման կարգերի բաժանեց Հայրիկյանը: Ըստ նրա, նախագահական ընտրությունների «բացասականությունը» պակասեցնելու նպատակով՝ իշխանությունները տրամադրված են անցկացնել ավելի «խայտառակ» ԱԺ ընտրություններ, որպեսզի ստվերում թողնեն նախագահական ընտրությունների վերաբերյալ եղած բացասական խոսակցությունները: Ուստի նա այսօր արդեն արձանագրում է, որ ԱԺ ընտրությունները լիարժեք չեն լինելու, եւ որ իրենք այս ընտրություններով հավակնում են ընդամենը վերականգնել ԱԻՄ-ի «իրական ներդրմանը համարժեք քաղաքացիների համակրանքը», որն, ըստ նրա, կարող է հասնել 30-ից ավելի տոկոսների. «Քարոզարշավի ընթացքում նյութական միջոցների չկիրառման պատճառով մենք կարող է ինչ-որ բան կորցնենք, բայց եթե մենք լավ աշխատենք, ապա 10-12 տոկոս հնարավոր է ունենանք»,- հայտարարեց Հայրիկյանը: Բացի այդ, ԱԻՄ նախագահը գտնում է, որ ԱԺ առաջիկա ընտրություններն արդեն կարելի է բնութագրել ոչ ժողովրդավարական, քանի որ ընտրակաշառքների այնպիսի բացահայտ «հաղթարշավ» է սկսվել, որը գերազանցում է մինչ օրս եղածներին: Հայրիկյանը պատմեց, թե երբ քարոզարշավի ժամանակ իրեն ընտրակաշառքների վերաբերյալ հարցեր են ուղղում, ինքն ինչ պատասխան է տալիս. «Մենք ասում ենք՝ որոշ դեպքերում դրանք ուղղակի բարեգործություն են եւ թշնամաբար մի ընկալեք: Բարեգործությունն աստվածահաճո գործ է: Երբ այդ բարեգործությունը կատարվում է ընտրությունների առիթով, դա նույնպես մեզ չպետք է վատ տրամադրի: Մեկն իր ծննդյան առթիվ է նվերներ բաժանում, մեկն՝ իր մայրիկի ծննդյան առիթով, մյուսներն էլ՝ ընտրությունների. դա աստվածահաճո գործ է, եւ պետք է բոլորն ամենուր այդ նվերները սիրով ընդունեն մինչեւ այն պահը, երբ այդ նվերի դիմաց ինչ-որ բան է պահանջվում: Այսինքն՝ աստվածահաճոյից սատանայահաճոյի տարբերությունն ընդամենը մեկ քայլ է: Բարեգործությունն անելուց հետո, երբ անընդհատ ասում են՝ սա արեցինք, որպեսզի ձայն տաս, ապա այդտեղից սկսվում է սատանայականը,- մանրամասն բացատրում էր Հայրիկյանը: Հայրիկյանը նաեւ անդրադարձավ Սահմանադրական հանրաքվեին՝ նշելով, թե իշխանություններն ու «պետական» լրատվամիջոցներն ավելի մեծ կարեւորություն են տալիս ԱԺ ընտրություններին, քան դրան: Որպես «Անկախություն՝ հանրաքվեի ճանապարհով» գաղափարի կնքահայր, ԱԻՄ նախագահը նշեց, որ այդ «գաղափարախոսածրագրային» մոտեցումների կարեւորությունը հասկանալով՝ «իշխանածին որոշ ուժեր փորձում են իրենց էլ դրան մերձեցնել». «Ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, նույնիսկ հրավիրել դատարան նմաններին. ԱՄԿ-ի հետ եթե որեւէ մեկ այլ ուժ կապ ունեցել է, ապա կապ է ունեցել որպես դավաճան, որպես ԱՄԿ-ին դավաճանած, ԿԳԲ-ին ծառայած քաղաքական ուժ: Սահմանադրությունն էլ է ԱԻՄ-ի նախաձեռնությունը եղել»: Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԱԻՄ դիրքորոշմանը, ապա նա նշեց, թե բարեփոխումներ նախաձեռնելիս ինքն ակնկալում էր 10 քայլանի առաջընթաց, բայց իրականում տեղի ունեցավ «7 քայլ առաջընթաց եւ երկու քայլ ետընթաց»: Սակայն չնայած այս հանգամանքին, Հայրիկյանը գտնում է, որ այն, բոլոր թերություններով հանդերձ, իսկապես բարեփոխումների է ենթարկվել, եւ ակնհայտ է, որ «առաջընթաց ու փոփոխություններ կան»: «ԱԻՄ-ում նման դեպքերում պայմանականորեն ասում են՝ մահացավ արքան, կեցցե՛ արքան. կկատարվեն այս բարեփոխումները, կսկսենք հաջորդ բարեփոխումները»,- գործող Սահմանադրությունն ամփոփեց Հայրիկյանը: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել