Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅ ԴԱՏԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

Մայիս 07,2003 00:00

«ՀԱՅ ԴԱՏԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» Պնդում էին ՀՅԴ առաջնորդները երեկ Հայ Դատի հանձնախմբերի խորհրդաժողովում, նշելով, թե ԱԳ նախարարն էլ է այդ տեսակետին: Առաջին անգամ Երեւանում գումարված այդ խորհրդաժողովին, որին մասնակցում էին 20 երկրների Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչներ, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն անձամբ էլ ներկայացրեց տեսակետներ: Եվ, ասենք, պատասխանելով Մյունխենի Հայկական հարցերի հաստատության տնօրեն Էդվարդ Հովհաննիսյանին, որն առաջարկում էր Գերմանիայի հետ խոսել մեղադրանքների լեզվով՝ «Դուք մեղսակի՛ց եք Ցեղասպանությանը, ուստի պետք է մենք ձեզ ճնշե՛նք, վախեցնե՛նք, որ ընդունեք Ցեղասպանությունը», Վարդան Օսկանյանը չանդրադարձավ, թե Հայաստանն ինչպե՞ս պետք է ճնշի եւ վախեցնի Գերմանիային, այլ ասաց. «Այո՛, Գերմանիան եւ այլ երկրներ մեղսակից են եղել: Բայց այդ խնդրին նաեւ պետք է ցուցաբերել դիվանագիտական մոտեցում»: Իսկ խորհրդաժողովի մեկ այլ մասնակցի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի փորձում Թուրքիային տանել Հաագայի միջազգային դատարան՝ մասնավորապես պատասխանեց. «Ցանկացած հարցում դատարան գնալը նշանակում է՝ քո շահելու հավանականությունը 50/50 է՝ ինչքան էլ որ քեզ համար արդարացի լինի քո դատը: Միջազգային դատարաններում առավել գերիշխողը քաղաքական գործընթացներն են եւ ոչ թե իրավականը, կամ այդ երկուսի համադրումը: Եվ այստեղ շատ լուրջ վտանգ կա, թե ինչպիսի որոշում կարող է այնտեղ լինել»: Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչներն ըմբռնումով մոտեցան ԱԳ նախարարի այս ու նաեւ մյուս պարզաբանմանը, թե Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին թուրք 4-5 զինվորականների մասնակցությունը միայն «անվանական ներկայության խնդիր է»: Թեեւ մի քանի օր առաջ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը տապալել էր անգամ թուրքական ֆիլմի ցուցադրությունը՝ այժմ ընդվզում չեղավ, եւ կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այս առիթով նույնիսկ նկատեց. «Մեկ էլ տեսար՝ հայ զինվորն Անկարայում զորավարժությունների մասնակցեց՝ նույն ՆԱՏՕ-ի կազմում»: Հավելենք, որ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Նարեկ Սաքուլյանը երեկ հետաքրքրվեց՝ եթե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում նախապայման չդիտի Ղարաբաղի հարցը՝ մեր պետությունը Ցեղասպանության ճանաչումը կդիտի՞ իբրեւ առաջնային նախապայման, եւ արտգործնախարարը հերթական անգամ հայտարարեց. «Մենք համաձայն ենք առա՛նց նախապայմանների հարաբերությունների նորմալացմանն այդ երկրի հետ»: Եվ միայն երբ պրն Օսկանյանն արդեն վաղուց հեռացել էր՝ դաշնակցականներից մեկը հիշեցրեց, որ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ասում Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին՝ իրենց մամուլը «մեծ աղմուկ» էր բարձրացնում: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ի պատասխան մասնավորապես ասաց, թե այս հարցում Դաշնակցության դիրքորոշումը «նույնությամբ չի համընկնում պետության տեսակետի հետ: Մենք համարում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում 2 նախապայման պե՛տք է լինի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը եւ չեզոքությունը Ղարաբաղի խնդրում»: Հայտնեց, թե այս հարցում պետության այլ մարտավարությունը քննարկվելիք խնդիր է. «Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն արմատից էր հանում այս հարցը՝ օրակարգում այդ խնդիրը չկար եւ խոսելու բան էլ չկար»: Փոխանցելու համար այս խորհրդաժողովի քննարկումների մթնոլորտը՝ որոշ մեջբերումներ անենք ելույթներից: Քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանը հայտարարեց, թե Հայ Դատի խնդիրներն ուղղակիորեն կապված են Հայաստանի տնտեսության եւ սոցիալական վիճակի հետ՝ եւ միայն պահանջատիրությունը «ոչ լիարժեք» է այդ խնդիրը լուծելու համար: Արմեն Ռուստամյանը Հայաստանի ներքաղաքական դաշտը բաժանեց՝ ըստ Հայ Դատի նկատմամբ դիրքորոշումների: Եվ պարզվեց, որ բոլոր այն ուժերը, որոնք ստորագրել են Ղարաբաղի վերաբերյալ ԱԺ համատեղ հայտարարությունը՝ Հայ դատին նվիրված ուժեր են: Քանի որ այն ստորագրել էին ԱԺ բոլոր խմբերն ու խմբակցությունները՝ ստացվեց, որ անգամ Կոմկուսն է Հայ Դատի նվիրյալ: Արմեն Ռուստամյանը պնդեց, թե Հայ Դատն «ուղղակի կամ անուղղակի» մերժող քաղաքական ուժերն ապացուցել են իրենց սնանկությունը. «Չեն ասում ուղղակի՝ չէ, չկա Հայ Դատ, Ցեղասպանությունը մերժում ենք եւ այլն: Այլ ասում են, որ Հայ Դատի խնդիրների բարձրացումը վտանգավոր է մեր երկրի համար, կարող է վնասել մեր պետականության կայացմանը»: ԳՄ ներկայացուցիչը հակված չէր պատասխաններ տալ այդ մտահոգիչ հարցերին: Եվ ընդհանրապես՝ ճիշտ չէր գտնում, ինչպես ձեւակերպեց՝ «բա էս մի թիզ հողը ո՞նց ենք անելու» եւ նման հարցերի առնչությամբ մանրամասնելը, մանրանալը. «Քանի որ երբ շատ ես մանրացնում՝ շատ են լինում նաեւ տարաձայնությունները, տարբերությունները: Իսկ Հայ Դատի հիմնական խնդիրն այսօր ներքաղաքական առումով՝ միավորիչ գաղափար լինելն է: Զրկելով այդ հիմնական միավորող գաղափարից՝ մեզ պարզապես ուզում են թուլացնել ներքին առումով: (…) Շատ ճիշտ է այն խոսքը, թե «սատանան մանրուքների մեջ է»: Այ, մենք չպիտի թողնենք, որ այս խնդիրն այնքան մանրացնեն, որ սատանան մտնի այդտեղ: Պետք չի դա թույլ տալ՝ այդ անողները կան»: Որպես վերջիններիս եւս մի մեթոդ՝ նշվեց խնդրի ծայրահեղացումը. «Իբր թե՝ տեսեք, կա մի կուսակցություն, որ եթե գա իշխանության՝ միանգամից 4 երկրների հետ սկսելու է պատերազմ, քանի որ Հայ Դատի խնդի՜ր ունի, ծովից ծով Հայաստա՜ն է ուզում… Այս խնդիրները դրվում են նրա համար, որ մեր պահանջն արդար չդառնա: Իսկ Հայ Դատի ուժն այն է, որ այդ պահանջն արդար է: (…) Հայ Դատը պետք է դառնա մեր արտաքին քաղաքականության, իսկ ավելի որոշակի՝ ազգային անվտանգության հայեցակարգային մոտեցումների մի ելակետ, հիմնաքար»: Հատվածներ ներկայացնենք նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի խոսքից. «Շատ վտանգավոր եմ նկատում մեր հռետորների եւ հրապարակախոսների՝ «ցեղասպանություն» բառի հաճախակի շահարկումը: Սումգայիթը Ցեղասպանությո՜ւն էր, Գետաշենը Ցեղասպանությո՜ւն էր… Մենք արժեզրկել ենք այդ բառը՝ հաճախ կրկնելով: Մեզ արդեն աշխարհում սկսում են տեսնել իբրեւ հիստերիկ ու աննորմալ ազգ, որը ցանկացած հակահայկական քայլ ու հարված ընկալում է որպես Ցեղասպանություն: Դրանով մենք նսեմացնում ենք, անլուրջ վիճակի հասցնում 1915-ի Ցեղասպանության դատի հետապնդման մեր բոլոր ջանքերը: (…) Լեգենդ է, թե Հայ Դատը կդնենք մի կողմ՝ կբացվեն ճանապարհները ու մենք կուշտ կապրենք: Եվ Հայ Դատի համար պայքարը պետք է դադարի լինել ժողովրդական-դիցաբանական ինչ-որ պայքար, այլ պետք է դառնա պետական ռազմավարություն եւ քաղաքականություն: Ես ուրախ եմ, որ մեր արտգործնախարարն այդ տեսակետին է, եւ պետությունն ընդհանրապես սկսել է բավականին մոտենալ այդ տեսակետին: (…) Հայ դատը կապրիզ չի՛: Հայ դատը մի խմբի կամ քաղաքական կուսակցության ցանկություն չի՛: Հայ դատի համար պայքարելը՝ երկրագնդի վրա մեր մնալու պայքարն է: Մենք ուրիշ ձեւ չունե՛նք»: Նշենք նաեւ, որ Հունաստանի Հայ Դատի ներկայացուցիչ պրն Գասպարն այս ամենից հետո տարակուսանք արտահայտեց, թե ինչո՞ւ Հայաստանը կարիք ունի իր քաղաքացիների համար հատուկ օրենքով քրեական պատասխանատվություն սահմանել Ցեղասպանությունը ժխտելու համար: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031