Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈՒ՝ ԻՆՁ, ԵՍ՝ ՔԵԶ

Մայիս 07,2003 00:00

ԴՈՒ՝ ԻՆՁ, ԵՍ՝ ՔԵԶ Ժողովրդին խաբելու հազար ու մի տարբերակ Խորհրդարանական նախընտրական քարոզարշավը հասել է իր «պիկ»-ին, քաղաքական ուժերն ու անհատ թեկնածուներն ընտրազանգվածի առաջ շարունակում են ռեւերանսներ անել, ինքնացուցադրվել, խոստումների եւ «բարեգործության» հիթ-շքերթներ կազմակերպել։ Գործող իշխանությունն իրականացնող Հանրապետական կուսակցությունն այսքան երկար «դրսերում» ե՞րբ էր եղել, երկիրը ոտատակ են տալիս, դեռ հպարտ-հպարտ էլ հայտարարում են, թե իրենք չեն խոստանում, թե կենսաթոշակը 50 անգամ կբարձրացնեն, աշխատավարձը կբարձրացնեն։ Ձեռքի հետ էլ Դաշնակցությունից եւ «Օրինաց երկրից» են զգուշանում, որոշ տեղում էլ՝ կռիվ-կռիվ են խաղում Դաշնակցության հետ։ ՀՀԿ-ի կարգախոսն է՝ «Ապավինենք մեր մտքին եւ բազկին»։ Մարդիկ այդպես էլ անում են, նախ՝ բազկին են ապավինում։ Իսկ դաշնակցականները՝ «Փոխենք մեր կյանքը» կարգախոսին հավատարիմ, ձգտում են հնարավորինս շատ տեղեր ստանալ խորհրդարանում, արդյունքում՝ գործադիրում նույնպես, եւ փոխել իրենց կյանքը, յուրաքանչյուր դաշնակցականի կյանքը։ Ի դեպ, այս երկու կուսակցությունները որքան էլ տարբեր, մեկ ընդհանուր բան, այնուամենայնիվ, ունեն՝ երկուսն էլ կրկնօրինակում են ՀԺԿ-ին, ավելի ճիշտ՝ Ստեփան Դեմիրճյանին։ Նախագահական ընտրությունների իր ելույթներում Ստեփան Դեմիրճյանը շարունակ խոսում էր մեր կյանքը փոխելու մասին, երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու մասին։ Հիմա նույն բանն ասում են դաշնակցականները։ Նույն՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի օրերին ընտրազանգվածին եւ լրագրողներին բավականին զվարճացրեց Ստեփան Դեմիրճյանի՝ «մենք գիտենք ինչ անել, ինչպես անել եւ ումով անել» նախադասությունը։ Հիմա Սյունիքում եւ հանրապետության տարբեր շրջաններում ընտրողների հետ հանդիպումների ժամանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շարունակ կրկնում է, որ իրենք գիտեն, թե ինչ է հարկավոր անել եւ ումով։ Պարզապես տխուր է, որ հայոց լեզվի ճոխ բառապաշարն այսքան վատ է օգտագործվում, եւ քաղաքական ուժերը զբաղված են իրար կրկնելով։ «Ազգային միաբանություն» կուսակցությունը շարունակում է «փրկչի» դիմակով շրջել հանրապետությունով մեկ։ Ա. Գեղամյանի՝ «Միասին փրկենք հայրենիքը» կարգախոսն այլեւս ընկալվում է հումորով, ճիշտ այնպես, ինչպես վերջինիս հակաճգնաժամային ծրագիրը։ Ընդ որում, այս եւ ուրիշ կուսակցությունների ծրագրերն էական տարբերություններ գրեթե չունեն։ «Ծրագիր գրողների» գործը վերջին ամիսներին լավ «կպել» է եւ իրենց «փրկիչներ» երեւակայողները ճիշտ կանեն, եթե մի փոքր մեղմեն սեփական ամբիցիաները։ Մի բուռ ժողովուրդ ենք մնացել եւ իրար լավ ենք ճանաչում։ «Միջինի» հանդեպ սերը բավականին ցայտուն է արտահայտված Տիգրան Կարապետովիչի «Ժողովրդական կուսակցության» եւ ՀԺԱՄ-ի մոտ։ Այս երկու ուժերի համար կարեւորը հենց միջինն է։ ՀԺԱՄ-ի պարագայում՝ «Ձեւավորենք միջին խավ» տարբերակով, իսկ ԺԿ-ի պարագայում՝ «Ընտրենք ոսկե միջինը» կարգախոսով։ Կոմունիստական կուսակցությունը բավականին հավակնոտ հապավում է ստեղծել. «Հաղթեն կոմունիստները՝ կշահի Հայաստանը»։ Կոմունիստները մեկ անգամ արդեն հաղթել են 80 տարի առաջ, իսկ «Նույն ջուրը երկու անգամ չեն մտնում» ժողովրդական իմաստնությունը պարզապես զգուշացնում է։ ՀԿԿ կարգախոսն ամենաերկարաշունչն է՝ «Հայրենիքին՝ սոցիալական վերածնունդ, ժողովրդին՝ բարեկեցիկ կյանք, հասարակությանը՝ սոցիալական արդարություն»։ Եթե Ա. Գեղամյանի ծրագիրը «հակաճգնաժամային» է, ապա կոմունիստներինը՝ «համընդհանուր ճգնաժամից» դուրս բերելու ծրագիր։ Ընդ որում, միայն այս երկուսի մոտ է «ճգնաժամ» բառն անվերջ շահարկվում, մյուս քաղաքական ուժերից որեւէ մեկը ճգնաժամային առաջարկ չի անում։ «Արդարություն» դաշինքի կարգախոսը կարճ ու կտրուկ է, ինչպես այս դաշինքի անվանումը եւ Դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի խոսքը՝ «Արդարություն»։ Դաշինքի անդամները վստահ են, որ «այլ ճանապարհ չկա» եւ եթե լինի «Արդարությունը», կլինի արդարություն եւ դրանից բխող բոլոր հետեւանքները։ «Արդյունաբերողների եւ կանանց միություն» դաշինքի կարգախոսն ուղղված է ոչ թե ներկային, այլ՝ ապագային՝ «Ինքներս ստեղծենք մեր ապագան»։ Ընդ որում, այս դաշինքը միակն է, որ իր նախընտրական բրոշյուրի վերջում տեղ է հատկացրել մեր երկրի հիմնին։ «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքը (ԺԴԿ+«Արժանապատիվ ապագա») նույնքան երկարաշունչ կարգախոս ունի, որն ընթերցելիս տպավորություն ես ստանում, թե մարդիկ ցանկացել են միանգամից ամեն ինչ ասել. «Արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանք, ժողովրդավարական հասարակություն, ամուր պետականություն»։ Ավարտենք «Հզոր Հայրենիքի» կարգախոսով, որն այս պահին պարզապես հարմար է որպես վերջաբան. «Ուղիները շատ են, ճանապարհը՝ մեկը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031