ԵՍ՝ ՔԵԶ, ԴՈՒ՝ ԻՆՁ «Հայաստանի Հանրապետությունը փորձում է կառուցել մրցունակ շուկայական տնտեսություն, զարգացնել մանր եւ միջին ձեռներեցությունը, բայց այս նպատակները, ցավոք, իրականություն չեն դառնում շուկայական «շնաձկների» գերակայության, տնտեսական «տանիքների», հարկային համակարգի բացառապես ֆիսկալ բնույթի առկայության, արտասահմանյան վարկերի փոշիացման եւ բազմաթիվ այլ բացասական երեւույթների պատճառով»,- գրված է «Օրինաց երկիր» կուսակցության հաշվետվությունում։ Այս ամենն արձանագրելիս «Օրինաց երկիրը» մոռացել է, թե նախագահական ընտրություններում ինչպիսի ակտիվությամբ էր պաշտպանում նույն այդ «շնաձկների» ու «տանիքների» հովանավորին։ Այժմ «Օրինաց երկիրը» ոչ թե իշխանամետ է, այլ, ընտրացուցակի առաջին եռյակում տեղ գտած Թամարա Պողոսյանի հավաստմամբ՝ «կենտրոնամետ է եւ պատրաստ է միանալ բոլոր խելոք ու կառուցողական առաջարկներին, նույնիսկ՝ Արշակ Սադոյանի»։ Իսկ ընդհանրապես տիկին Թամարան դեմ է, թե «նախագահական ընտրություններում մենք պաշտպանել ենք նախագահին, նրա վարչակազմին ու կառավարությանը»։ Ըստ «Օրինաց երկրի» ներկայացուցչի, «մենք ասել ենք, որ երկրում շատ-շատ բաներ այսօր վատ են, բայց կան դրական զարգացումներ, միջազգային վարկանիշի բարձրացում եւ մենք պիտի աջակցենք այդ զարգացումներին»։ Թամարա Պողոսյանը պարզաբանեց իրենց՝ աջակցելու դրդապատճառը. «Եթե մենք Ռոբերտ Քոչարյանի առջեւ թվով 25 պահանջ չդնեինք, իսկ դրանք այս իրավիճակից դուրս գալու երաշխիքներ են, ուրեմն դա կլիներ հենց այնպես պաշտպանություն, ինչպես նրան սատարող մյուս կուսակցություններինը»։ Իսկ այսօր, պարզվում է, Ռ. Քոչարյանի ամենամեծ պահանջատերերը ոչ թե իր կուսակցություն ժողովուրդն է, այլ «Օրինաց երկիրը»։ «Մենք Ռոբերտ Քոչարյանի ամենամեծ պահանջատերն ենք,- հայտարարեց կուսակցության 3-րդ դեմքը,- եթե այսօր նախագահը չլուծի 12 հազար փախստականների խնդիրը, չվերանայի սոցիալական քաղաքականությունը եւ չբավարարի մեր մյուս պահանջները, նա բավականին ծանր վիճակում է հայտնվելու»։ Զրուցակիցս չմեկնաբանեց «ծանր իրավիճակի» մանրամասները։ Միայն ավելացրեց, որ «մենք միակ քաղաքական կուսակցությունն ենք, որ դրել ենք, պահանջել ենք, ազատ ենք մեր պահանջներում եւ կախված չենք ոչ մի բանից»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ