Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շատ դեպքերում՝ համոզելով

Մայիս 06,2003 00:00

Շատ դեպքերում՝ համոզելով Իրենց կազմավորման 5-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) աշխատակիցները երեկ տարբեր գերատեսչությունների ղեկավարներից միայն գովեստներ լսեցին, բայց պետք է ենթադրել, որ նրանց համար հատկապես կարեւորը իրենց նախարարի՝ Դավիթ Հարությունյանի գնահատականն էր, որովհետեւ վերջինիս ծափահարում էին ավելի բուռն, քան հնարավոր էր։ Իսկ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գեւորգ Դանիելյանը նշեց. «Միտումնավոր չեմ ուզում անդրադառնալ երկու գերատեսչությունների հակասություններին»։ Գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության փոխնախարար Անատոլի Ավագյանը հարմար առիթն օգտագործեց «կարեւորագույն խնդիրներ» բարձրացնելու համար, օրինակ՝ «վարձատրման հարցը։ Դատական համակարգի մյուս աշխատակիցների եւ իրենց (ԴԱՀԿ-ի աշխատակիցների) կատարած աշխատանքի համեմատ ցածր է աշխատավարձը (22000 դրամ)»։ Նա հիշեցրեց, որ միայն վերջերս են բարձրացվել հարկային, մաքսային համակարգի, ինչպես նաեւ բյուջետային այլ աշխատողների աշխատավարձերը։ Պարոն Ավագյանը նպատակահարմար է գտնում «մի շարք երկրների, այդ թվում ցարական Ռուսաստանի» փորձը հայաստանյան հարկադիր կատարողների պարագայում էլ կիրառել՝ վերջիններիս պարգեւատրելով վերադարձրած (կամ բռնագանձած) գումարի 5 տոկոսի չափով։ Հարկադիր կատարողները որոշ պահանջներ էլ պետբյուջեից ունեն. պետական հատկացումները չեն բավականացնում «էլեկտրաէներգիայի, գրասենյակային, հանդերձանքի եւ այլ ծախսերը» հոգալու համար։ Եվ սա այն դեպքում, երբ հարկադիր կատարողների ջանքերով «այս 5 տարիների ընթացքում տարեցտարի ավելացել է բռնագրավված գումարի քանակը։ Օրինակ, անցած՝ 2002թ. դա կազմել է 9,8 միլիարդ դրամ, նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 26%-ով»։ Հարկադիր կատարողներն իրենց ՕԳԳ-ն բարձրացնելու համար, ֆինանսներից զատ, նաեւ լրացուցիչ՝ օպերատիվ հետախուզական լիազորություններ են ուզում։ Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ դատական կատարածուների ինստիտուտը թերություն ուներ ԴԱՀԿ համակարգի համեմատությամբ. նախ դատավորը մասնակից էր դառնում ակտի հարկադիր կատարման պրոցեսին, հետեւաբար աշխատում էր այնպիսի վճիռ ընդունել, որն ավելի հեշտությամբ կկատարվի։ Ապա՝ նախկինում տնտեսությունը շուկայական չէր եւ առանձնապես կատարման բարդություն ներկայացնող վճիռներ չէին կայացվում։ Բայց, ըստ նախարարի, «ԴԱՀԿ-ում էլ, ինչպես ցանկացած ուժային կառույցում, կան թերություններ»։ Հետո, ըստ երեւույթին, նկատի ունենալով հարկադիր կատարողների ֆիզիկական պատրաստվածությունը, ասաց. «Դեպքեր են եղել, երբ ձեր աշխատանքը կատարելիս ֆիզիկական դիմադրության եք հանդիպել, բայց շատ կարեւորում եմ, որ, չնայած հարկադրելը ձեր ֆունկցիան է, դուք ձեզ արժանապատիվ պահեք, չոտնահարեք դիմացինի արժանապատվությունը, որովհետեւ դիմացը ՀՀ քաղաքացի է»։ Նա ուրախությամբ նշեց, որ շատ դեպքերում վճիռները կատարվել են ոչ թե հարկադրաբար, այլ համոզելով։ Ա. ՈՒ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել