Լրահոս
Օրվա լրահոսը

«Փյունիկը» կորցրեց առաջատար դառնալու շանսը

Մայիս 06,2003 00:00

«Փյունիկը» կորցրեց առաջատար դառնալու շանսը Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը գնալով ավելի հետաքրքիր է դառնում։ Հանդիպումներից առաջ դժվար է գուշակել հաղթողին եւ հենց այս պատճառով էլ առաջնությունը ավելի շատ շահում է։ Հերթական տուրը վերը նշվածի ապացույցն է։ Դժվար թե որեւէ մեկը «Դինամո 2000» – «Միկա» խաղում առավելություն տար դինամոյականներին։ Հանդիպման ընթացքն էլ ոչ մի վատ բան չէր գուշակում «Միկայի» ֆուտբոլիստների համար։ 60-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով Արամ Ոսկանյանը առաջ մղեց աշտարակցիներին, իսկ 75- րդ րոպեին Մարատ Մկրտչյանի հարվածից հետո «Միկայի» հաղթանակը արդեն կասկած չէր հարուցում։ Բայց դինամոյականները կարծես թե արթնացան բաց թողած 2-րդ գոլից հետո։ 78- րդ եւ 82-րդ րոպեներին Հրաչյա Միքայելյանը հաշիվը դարձրեց 2:2, իսկ խաղավարտից երեք րոպե առաջ նպատակին հասավ Արթուր Պետրոսյանի հարվածը, որն էլ շատ կարեւոր երեք միավոր բերեց «Դինամո-2000» – ին։ Իր առաջին հաղթանակը առաջնությունում տոնեց նաեւ Երեւանի «Բանանցը»։ Արարատ քաղաքի մարզադաշտում տեղի «Արաքսի» ֆուտբոլիստները ստիպված էին չորրորդ անգամ անընդմեջ այս մրցաշրջանում խաղադաշտը թողնել պարտված։ Նախ խաղի 56-րդ րոպեին Արամ Հակոբյանը բացեց հաշիվը, ապա երեք րոպե անց Արամ Սարգսյանը 11 մետրանոց հարվածով կրկնապատկեց «Բանանցի» առավելությունը։ Մայիսի 3-ին ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում Աշտարակի քաղաքային մարզադաշտն էր, որտեղ հանրապետության չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվել էր ընթացիկ առաջնության առաջատար Աբովյանի «Կոտայքին»։ Այս թիմերը միմյանց հետ հանդիպել էին գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում եւ «Փյունիկը» երկու հանդիպումների արդյունքով պայքարից դուրս էր թողել «Կոտայքին»։ Հերթական խաղում էլ առավելությունը «Փյունիկի» կողմն էր։ Բայց երեւանցիների գրոհները տրամաբանական ավարտի չէին հասնում։ Եզրափակիչ հարվածը չէր կայանում։ «Կոտայքը» հիմնականում պաշտպանվում էր, բայց միաժամանակ նաեւ բաց չէր թողնում հակագրոհելու հնարավորությունը։ Հանդիպման առաջին գոլը միանշանակ «Կոտայքի» հակագրոհի արդյունք չէր, այլ կոտայքցի հարձակվող Հայկ Հարությունյանի անհատական վարպետության շնորհքը։ 69-րդ րոպեին Հարությունյանը ընդունեց գնդակը դաշտի կենտրոնում եւ նկատելով, որ «Փյունիկի» դարպասապահ Ապուլա Էդելը անհաշվենկատ դուրս է եկել դարպասից, հեռահար հարվածով գնդակն ուղարկեց «Փյունիկի» դարպասը՝ դառնալով շատ գեղեցիկ գոլի հեղինակ։ Բնականաբար, «Փյունիկի» ֆուտբոլիստները բաց թողած գոլից հետո նետվեցին դեպի «Կոտայքի» դարպասը՝ լիիրավ տիրելով նախաձեռնությանը։ Բայց նորից չկար եզրափակիչ հարվածը, չնայած վտանգավոր պահեր «Կոտայքի» դարպասի մոտ ստեղծվում էին։ «Կոտայքը» նահանջելով ջանում էր պահպանել հաղթական հաշիվը, բայց դա նրան չհաջողվեց։ Մրցավարի ավելացրած լրացուցիչ ժամանակի առաջին րոպեին Վարդան Մինասյանը գնդակը փոխանցեց տուգանային հրապարակ, Էդգար Մանուչարյանը հաղթեց «2-րդ հարկում» եւ Ժորա Հովհաննիսյանը մոտ տարածությունից խոցեց Էդուարդ Երիցյանի պաշտպանած դարպասը՝ 1:1։ Դժվարին խաղում թիմերը վաստակեցին մեկական միավոր։ Իսկ ահա Գյումրիի «Շիրակը», դժվար պայքարում վաստակեց երեք միավոր՝ արտագնա խաղում հաղթանակ տոնելով առաջնությունում հաջող մեկնարկած Կապանի «Լեռնագործի» նկատմամբ։ Այս խաղում առաջինը արդյունքի հասան «Շիրակի» ֆուտբոլիստները՝ ի դեմս Կարեն Ալեքսանյանի, որը 11-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին։ Բայց առաջին խաղակեսի ավարտից 4 րոպե առաջ Ալեն Մովսիսյանը վերականգնեց հավասարակշռությունը՝ խփելով իր 3-րդ գոլը ընթացիկ առաջնությունում։ Իսկ հանդիպման ելքը վճռեց շիրակցի Անդրանիկ Բարիկյանի՝ խաղի 67-րոպեին խփած գոլը։ Մրցաշարային աղյուսակ 4-րդ տուրից հետո Կոտայք 4 3 1 0 5-1 10 Շիրակ 4 3 0 1 4-3 9 Փյունիկ 4 2 2 0 14-1 8 Լեռնագործ 4 2 0 2 8-5 6 Միկա 4 2 0 2 7-5 6 Բանանց 4 1 1 2 2-3 4 Դինամո-2000 4 1 0 3 4-7 3 Արաքս 4 0 0 4 1-20 0 Ռմբարկուներ Արամ Ոսկանյան (Միկա)-4, Հակոբ Մամուլյան (Լեռնագործ), Ալեն Մովսիսյան (Լեռնագործ), Լեւոն Փաչաջյան (Փյունիկ) -3, Արթուր Քոչարյան (Կոտայք), Իսսա Տրաոռե (Փյունիկ), Մամադու Դիավառա (Փյունիկ)- 2172ական։ ԽԱՉԻԿ ՉԱԽՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել