Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԴԱԼՆԵՐԻ ԱՌԱՏ ԲԵՐՔԱՀԱՎԱՔ

Մայիս 06,2003 00:00

ՄԵԴԱԼՆԵՐԻ ԱՌԱՏ ԲԵՐՔԱՀԱՎԱՔ Երեւանի «Կարեն Դեմիրճյանի անվան մշակութային կենտրոնում» ավարտվեց ձյուդոյի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը: Երկու օր մարզասերները, որոնք հիմնականում երիտասարդներ էին, ու դա շատ ուրախացնող է, ականատես եղան տատամիների վրա ծավալվող գեղեցիկ պայքարին: Առաջին անգամ կազմակերպված այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնության մեդալների համար պայքարում էին շուրջ տասնվեց երկրների մարզիկ-մարզուհիներ: Հայաստանը հանդես էր գալիս տղաների եւ աղջիկների ամբողջական հավաքական կազմերով ու այս հանգամանքը նույնպես ուրախացնող է: Բայց այստեղ կարեւորը մասնակցությունն է, որ մեր տղաներն ու աղջիկները տատամի էին մտնում բարձր տեղերի համար մարտնչելու վճռականությամբ: Ու դա նրանց հաջողվեց: Հայաստանի ձյուդոիստներն, ընդհանուր առմամբ, նվաճեցին յոթ մեդալ, որոնցից մեկը՝ ոսկե, երկուսը՝ արծաթե եւ չորսը՝ բրոնզե: Առաջնությունում իր գոտեմարտերով փայլեց մինչեւ 60 կգ քաշային Արմեն Նազարյանը: Նա անցկացրած բոլոր գոտեմարտերը շահեց մաքուր հաղթանակներով: Եվ միայն վերջինում միավորների պատկառելի տարբերությամբ առավելության հասավ ուկրաինացի Վալենտին Եֆիմովի նկատմամբ: Թիմակցի հաջողությունը կարող էր կրկնել մինչեւ 73 կգ քաշային Վարուժան Իսրայելյանը: Եզրափակիչ գոտեմարտը հույն Իլիա Նիկո Իլիադիսի հետ նա սկսեց բավականին վստահ եւ ավելի ակտիվ էր տատամիի վրա: Սակայն մրցակիցն արժանի ճակատամարտ էր տալիս Վարուժանին ու ինքն էլ ձգտում էր հասնել հաղթանակի: Մարզիկներին հաջողվեց տարբեր աստիճաններով գնահատվող հնարքներ կիրառել: Իսկ երբ ժամանակն արդեն սպառվում էր, Իլիադիսը մի ակնթարթ ավելի արագ կողմնորոշվեց եւ մարտն ավարտվեց իր օգտին: Վարուժանը բավարարվեց արծաթե մեդալով: Մեր տղաներից պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին Ղազարոս Գրիգորյանը (մինչեւ 66 կգ) եւ Գեւորգ Բարսեղյանը (+100 կգ): Հայաստանի ձյուդոիստուհիներից ամենահաջողակը մինչեւ 52 կգ քաշային կարգում հանդես եկող Անուշ Հակոբյանն էր: Նա միայն վճռորոշ գոտեմարտը տանուլ տվեց ռուսաստանցի Լյուդմիլա Բոգդանովային ու դարձավ արծաթե մեդալակիր: Նրա ընկերուհիներից երրորդ մրցանակակիր ճանաչվեցին Սվետլանա Անտոնյանը (մինչեւ 78 կգ) եւ Կարինե Ղեւոնդյանը (մինչեւ 70 կգ): Երեւանում, այնուամենայնիվ, չեմպիոն հայուհի նույնպես եղավ, բայց ափսոս, նա ներկայացնում է Ռուսաստանը: Խոսքը +78 կիլոգրամ քաշային Անահիտ Մխիթարյանի մասին է: Անահիտը, որ ծնվել է Տոբոլսկում, մինչեւ Երեւան գալը Սանկտ-Պետերբուրգում հաղթել էր միջազգային ներկայացուցչական մրցաշարում: Այստեղ էլ նա բացահայտ առավելություն դրսեւորեց բոլոր մրցակիցների նկատմամբ: Նա իրեն լիարժեք հայ է համարում: Թեեւ Հայաստանում չի ապրել, տիրապետում է մայրենի լեզվին: Դեմ չէ գալ Հայաստան ու բնակվել նախնիների երկրում: Մեր զրույցի ժամանակ ասաց, որ քույրը՝ Ֆլորան, նույնպես ձյուդոիստ է ու Ռուսաստանի հավաքականի անդամ: Պարզապես այս անգամ նրա այցը հայրենիք՝ չստացվեց: Անահիտին Հայաստանի մարզասերները շատ սիրեցին ոչ միայն մարզական բարձր վարպետության, այլեւ նրա մարդկային որակների՝ համեստության, բարիության ու ժպտերեսության համար: Ընդհանրապես մայիս ամիսը հաջող է Հայաստանի մարզիկների համար: Ռիգայում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 84 կիլոգրամ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել վանաձորցի Մանվել Աղաեւը: Բուլղարիայի Ալբինա քաղաքում անցկացված սամբոյի Եվրոպայի առաջնությունում (տարիքային երեք խումբ) ավանդույթի համաձայն, մեդալների հարուստ ավար են հավաքել մեր մարզիկ-մարզուհիները: Երիտասարդների պայքարում վանաձորցի Լաերտ Ավագյանը (74 կգ) տուն է վերադառնում ոսկե մեդալով: Նրա թիմակից Հովհաննես Մալխասյանը (62 կգ, Գյումրի) դարձել է արծաթե մրցանակակիր: Պատանիներից նույնպես գյումրեցի Վահան Վարդանյանը (48 կգ) արժանացել է բրոնզե պարգեւի: Նույնպիսի ցուցանիշ ունի նաեւ նորհաճնեցի Անի Հակոբյանը (48 կգ): Սամբիստների պատվիրակությունն այսօր է վերադառնում Երեւան: Առայժմ տեղեկություն չունենք մեծահասակներից, բայց հուսով ենք, որ նրանք նույնպես ուրախ լուրերով են գալիս: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել