Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունները՝ մասնակի ազատ մամուլում

Մայիս 06,2003 00:00

Ընտրությունները՝ մասնակի ազատ մամուլում Մայիսի 2-4-ը Ծաղկաձորում անցկացվեց սեմինար՝ «Լրատվամիջոցները 2003թ. ընտրություններում» թեմայով։ Այն կազմակերպել էր Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ), աջակցել՝ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամը։ Խոսելով տարածաշրջանում ԶԼՄ-ների զարգացման միտումների մասին, ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց լրատվամիջոցների եվրոպական ֆորումի արդյունքները։ Պարզվում է՝ 2002թ. սպանվել է 47 լրագրող, 137-ը բանտում է։ 2001թ. սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո, ողջ աշխարհում խոսքի ազատության մակարդակն իջել է, իսկ անվտանգության խնդիրը գնալով ավելի է կարեւորվում, քան խոսքի ազատությանը։ Եվրոպական ֆորումի տվյալներով՝ Հայաստանը հայտնվել է մասնակի ազատ մամուլ ունեցող երկրների շարքում (նույնը վերաբերում է նաեւ Թուրքիային)։ Դրա պատճառներից մեկը էլ «Ա1+» հեռուստաընկերության փակումն է։ 2002թ. Ռուսաստանը եւս դասվել է այն երկրների թվին, որոնք համարվում են ոչ ազատ (պատճառը վերջին զարգացումներն են, Չեչնիայի հիմնախնդիրը)։ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը խոսեց ԶԼՄ-ների վրա ընտրությունների ազդեցության մասին։ Նրա գնահատմամբ, Հայաստանում նախագահական ընտրությունների շրջանում ԶԼՄ-ները ինչպես հարկն է չեն կատարել իրենց առաքելությունը (կողմնորոշել ընտրազանգվածին)։ Բացի այդ, բաժանված են եղել 2 խմբի։ Մի խումբը պաշտպանել է գործող նախագահին (եւ լուսաբանման առումով Ռ. Քոչարյանը հայտնվել է ավելի շահեկան դաշտում), մյուսը՝ ընդդիմությանը։ Ա. Գեւորգյանը նկատեց, որ քարոզարշավներին մասնակցել են պետական գործիչներ, բացահայտորեն տրվել է ընտրակաշառք։ Ըստ նրա, այսօր էլ ընտրակաշառք է բաժանվում, նույնիսկ հատուկ «սակագներ» են սահմանված։ Սեմինարին մասնակցում էր նաեւ Հայաստանի հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը։ «Քանի դեռ մյուսները լավ չեն աշխատում, Հանրայինը լավ չի աշխատելու,- «սպառնաց» նա,- հասարակության մեջ չի կարող առանձին վերցրած մի մարմին ավելի լավ աշխատել, քան մյուս օղակները»։ Լավ էր, որ գոնե բանավեճի վերջում նա ընդունեց, որ իսկապես եղել են ինչ-ինչ թերացումներ. «Բոլորս էլ թերացումներ ունեցել ենք, բայց հարցեր կան, որ պատասխաններ չունեն»։ Ի դեպ, Ա. Արզումանյանը մի զեկուցում էլ կարդաց ընտրարշավների լուսաբանման էթիկական խնդիրների վերաբերյալ՝ այդ կոնտեքստում արդարացնելով Հ1-ի կողմնապահ կեցվածքը ընդդիմադիր թեկնածուների քարոզարշավները լուսաբանելիս։ Նա նաեւ «պարզաբանեց», որ նախագահական ընտրությունների ժամանակ Ռ. Քոչարյանի՝ ի պաշտոնե գործարաններ այցելելը ամենեւին էլ քարոզչության նպատակ չի հետապնդել։ Ըստ Ա. Արզումանյանի, զուր էր նաեւ աղմուկը քարոզարշավի օրերին՝ Ռ. Քոչարյանի ընտանիքի մասին պատմող ֆիլմի ցուցադրության պատճառով։ Հետաքրքիր էին Մեսրոպ Հարությունյանի ներկայացրած՝ ԱԺ ընտրությունների լուսաբանման մոնիտորինգի մեկ շաբաթվա (ապրիլի 21-26) արդյունքները։ Ըստ դրանց, Հանրային հեռուստատեսությունը մեկ շաբաթվա ընթացքում ամենաշատը լուսաբանել է ՕԵ-ի, ԱՄ-ի, ՀՅԴ-ի, ՀՌԱԿ-ի, Հանրապետական կուսակցության, «Արդարություն» դաշինքի քարոզարշավները։ Այս անգամ բացասական հիշատակումներ չեն եղել որեւէ դաշինքի կամ կուսակցության հասցեին։ Իսկ «Հայլուրից» հետո» ծրագրում հյուրընկալվել են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։ ԱԼՄ-ում մեկ շաբաթվա ընթացքում ամենաշատը լուսաբանվել են Ժողովրդական կուսակցությունն ու ՀԺԱՄ-ը։ «Արմենիան» ԱՄ-ի, «Արդարություն» դաշինքի մասին առաջին շաբաթվա ընթացքում ոչինչ չի լուսաբանել։ ՀՀՇ-ին «նվիրել» է 5 վրկ, «Արդյունաբերողների եւ կանանց միություն» դաշինքին՝ 1 րոպե։ Փոխարենը լայնորեն ներկայացվել են Հանրապետական կուսակցությունը, ՀՌԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵ-ն։ Ըստ դիտարկման արդյունքների, «Կենտրոնում» եւս բոլոր ակտիվ քարոզարշավ վարողները լուսաբանվել են։ Առաջին շաբաթվա ընթացքում որեւէ ինֆորմացիա չի տրվել ՕԵ-ի եւ ՀՀՇ-ի մասին։ Լուսաբանման առումով հետաքրքիր պատկեր է «Պրոմեթեւսում»։ Մեկ շաբաթվա ընթացքում այստեղ հյուրընկալվել են 2 դաշնակցական, 2 ռամկավար, 1 հանրապետական եւ ԱՎՄ-ի ու ԱՄ-ի մեկական ներկայացուցիչներ։ Փոխարենը ՕԵ-ն լուսաբանվել է 2163 վրկ, Հանրապետական կուսակցությունը՝ 1520 վրկ, ՀՌԱԿ-ը՝ 1440, ՀՅԴ-ն՝ 1145։ 250 վրկ տրամադրվել է ՀԺԱՄ-ին, 20-ական՝ «Արդարություն» եւ Կանանց ու արդյունաբերողների դաշինքներին։ Սեմինարի մասնակիցները խոսեցին նաեւ ընտրարշավների ժամանակ արտասահմանյան ԶԼՄ-ների գործունեության եւ ինտերնետի հնարավորություններից օգտվելու մասին։ Փաստվեց, որ ներկայումս ինտերնետային էջ ունեն միայն ՀԺԱՄ-ը, ԱՄ-ն եւ Հանրապետական կուսակցությունը։ Բարի ցանկություններ էլ հնչեցին. գուցե հաջորդ ընտրություններին թեկնածուները քաղաքական գովազդ տեղադրեն ինտերնետում։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել