Լրահոս
Օրվա լրահոսը

Ցոգոլը չեն ուտի

Մայիս 06,2003 00:00

Ցոգոլը չեն ուտի Երեկ Հանրապետական կուսակցությունն իր քարոզարշավը տարավ տաքարյուն երիտասարդների շրջանում, որ «Ուսանողական գարուն»-ից անմիջապես թռել-եկել էին երկրի ղեկավարության հետ հանդիպելու: Իրենց այդ քայլն իբրեւ գաղափարների ու սկզբունքների արտահայտություն համարեցին. «Միայն գաղափարակիրները կարող էին երկուշաբթի օրով, երեկոյան ժամը 6-ին, 7-ին հավաքվել այստեղ»: Դիմելով երիտասարդներին՝ ՀՀԿ խորհրդի անդամ, Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը խնդրեց, կոչ արեց՝ ակտիվ աշխատանք ծավալել նաեւ ընկերների շրջանում: Սակայն, ի տարբերություն պաշտպանության նախարարի, ՀՀԿ երիտասարդական թեւի փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահ է իրենց ուժերին եւ հանդիպման սկզբում հենց հայտարարեց, որ «մենք համոզելու չունենք, որ մարդիկ ՀՀԿ-ին ընտրեն»: «Մեր հանդիպման նպատակն այն է, որ մենք ձեզ կոչ անենք, խնդրենք, համոզենք, որպեսզի դուք ձեր ձայնը տաք նախագահին սատարող կուսակցություններին, եւ անշուշտ, առաջին հերթին, Հանրապետական կուսակցությանը. ամենածանրակշիռ աջակցությունը հանրապետության նախագահին՝ ցուցաբերել է ՀՀԿ-ն»,- շարունակում էր համոզել Ս. Սարգսյանը: Եվ թեպետ ժամն էլ աշխատանքային չէր, բայց ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը խուսափում էր հանդիպումը որակել իբրեւ քարոզչություն՝ միաժամանակ բացելով «գաղտնիքն» այն մասին, թե իրենք գիտեն՝ ինչպես են անելու եւ ում միջոցով են անելու. «Մեծ մասը դուք եք լինելու»,- խոստացավ Ա. Մարգարյանը՝ դիմելով երիտասարդներին: Նա ի դեմս երիտասարդների՝ ծիրանի ծառ է տեսնում, որ համ գեղեցիկ է, համ էլ լավ բերք է տալիս: Եվ հավաստիացրեց, որ չեն պատրաստվում նրանց ցոգոլից օգտվել եւ զրկվել բերքից (ասել է թե՝ օգտագործել գարնանը եւ վերջ. «Դուք մեզ պետք եք նաեւ աշնանը, ամռանը…»): Սերժ Սարգսյանը չմոռացավ հիշեցնել այն մարդկանց մասին, ովքեր «փորձում են սեւ ներկով ներկել այն, ինչ կա մեր երկրում: Եթե որեւէ դրական բան կա, ասում են, որ սրա հեղինակներն իրենք են, եթե մի բացասական բան կա, ասում են՝ սա կառավարությունն է: Ուղղակի չես հասկանում. եթե վատ է, ուրեմն վատ է բոլորիս մեղքով, եթե լավ է, ապա այդ լավը պետք է կիսենք բոլորիս մեջ»: Եվ եզրահանգում արեց. «Իհարկե լավ չի: Բազմաթիվ պրոբլեմներ, հիմնախնդիրներ ունենք: Բայց ցանկացած գնահատական պետք է տրվի համեմատության մեջ: Եվ մենք պետք է շուրջներս նայենք»: Բայց այս անգամ մենք պետք է հայացքներս չհառենք դեպի արեւմուտք, այլ՝ «տեսնենք՝ ինչ է կատարվում Ադրբեջանում, Վրաստանում, նոր հետո ասենք մեզ մոտ լավ է, թե վատ»: Սակայն մենք Ս. Սարգսյանի մոտ տրամաբանությունից զուրկ կհամարվենք, եթե ասենք, թե մենք հայ ենք, եւ մեզ մոտ պետք է 10 անգամ ավելի լավ լինի, քան Վրաստանում ու Ադրբեջանում: «Որովհետեւ դա իրականությանը մոտ չէ»: Մխիթարվենք նրանով, որ նախարարն այս մեր ասածը հպարտության զգացումով կընդունի: Եվ նաեւ նրանով, որ նախարարի վերջին միտքն անկեղծ է: Ի դեպ, հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ տեղն զբաղեցնող, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, որ առաջին անգամ էր մասնակցում քարոզարշավին: Ըստ որոշ լուրերի, պրն Թորոսյանը անհամաձայնություններ ունի կուսակցության որոշ անդամների հետ: Մեր այն հարցին, թե ինչով է բացատրում քարոզարշավի ընթացքում իր պասիվությունը, պրն Թորոսյանը հավաստիացրեց, թե ոչ մի լուրջ պատճառ չկա, եւ ակնհայտ պասիվությունը պասիվություն չհամարեց: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել