«ԿՈՎԸ ԳՈՄՈՒՄ ԲԱՌԱՉՈՒՄ Է. Ո՞ՒՐ ՏԱՆԵՆՔ» Նախընտրական դիտարկումներ Մայիսի 3-4-ը «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքը ընտրել էր Վանաձոր-Սանահին-Ալավերդի եւ Քանաքեռավան-Եղվարդ-Աշտարակ-Բյուրական երթուղին։ Հնարավոր ընտրողների հանդիպավայր էին ընտրվել ինչպես դահլիճները («մշակույթի» պալատները), այնպես էլ դուրսը՝ գյուղամեջը։ Որ դաշինքի համար նախընտրելի էր (կամ՝ «թափանցիկ») դուրսը, երեւաց Բյուրականում, երբ ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը առաջարկեց «ազգագրական թանգարանի» դահլիճից դուրս զրուցել ժողովրդի հետ։ Պատճառը ոչ միայն 25-ամյա «թանգարանի» կաթկթող առաստաղն էր եւ ուր-որ է փլվող շենքի պատերը, այլ «ուր-որ է փլվող» ժողովրդի հետ անմիջական շփումը։ Գյուղաբնակ ընտրողն այս օրերին իր տնամերձում է, ջրապակաս հողի հետ (փոխարենը ջրի պակաս չի զգացվում թեկնածուների խոստումների ժամանակ)։ Վանաձորում մի ընտրող փորձեց արդարանալ դաշինքը գլխավորող Լյուդմիլա Հարությունյանի մոտ, թե «ժողովուրդը քիչ է, որովհետեւ գնացել է արեւի հետ հանդիպելու» (Արեւը եւ մեծամասնական, եւ համամասնական ցուցակից դուրս է- Ռ. Մ.)։ Գյուղացիներից մեկն էլ հարցնում էր, թե «Այսօր մարտի 4-ն է, կովը գոմում բառաչում է։ Արոտավայրերը ծախեցին, մի ոտատեղ էլ չկա։ Չասացին, բա էդ գյուղացու անասունը ո՞ւր պիտի գնա։ Թող մեզ 50 կամ 100 հա արոտատեղ թողնեին, որ կովը պառկելու տեղ ունենար»։ Դաշինքին «կոշտ» դիմավորեցին հատկապես Քանաքեռավանում։ Գագիկ Ասլանյանը ստիպված էր կարմրել ԱԺ մականունավոր պատգամավորների եւ «Երեւանում տնփեսա դարձած Քոչարյանի» փոխարեն, Լյուդմիլա Հարությունյանին ժամկետանց մի կոմունիստ (պնդեց, որ ինքը նորացվածներից չէ) առաջարկում էր իր թեկնածությունն առաջադրել ՀՀ նախագահի ընտրություններում, չիմանալով, որ ընտրությունը 1-ին փուլի ավտոբուսով եկավ եւ 2-րդ փուլի ավտոբուսով անցավ։ Եղվարդում մասնակցեցինք «Արժանապատվություն, ժողովրդավարություն, Հայրենիք» դաշինքի շտաբականների հավաքին։ «Մեր քարոզչությունը տեղ հասնո՞ւմ է, թե՞ ոչ» հարցին տեղական շտաբի անդամները պատասխանեցին. 1) որ ժողովուրդը բոլորից հոգնել է, 2) շատերը չեն տարբերում մեծամասնական ընտրակարգը համամասնականից։ Ավելին, շտաբականները (շտաբը տեղավորվել էր «Օրինաց երկրի» հարեւանությամբ) առաջարկում էին. ա) «ինչ-որ բանով» շահագրգռել անապահով ընտանիքներին, «ինչպես վարվում են հարեւան շտաբներում» (համակարգիչներ, սնունդ բաժանելով) եւ բ) «աշխատել» տեղերի մեծամասնական թեկնածուի հետ, որովհետեւ «նրա դաբրոյով» է պայմանավորվելու ցանկացած դաշինք-կուսակցության բախտը։ Ընտրողներից մեկն իմանալով, որ «Առավոտից» եմ, տեղեկացրեց, որ մեծամասնականի թեկնածուներից մեկը՝ Արամ Հարությունյանը «2 մեքենա հող է թափել գերեզմաններում»։ Ընտրական առասպելաբանությունն անելիս (տեսնո՞ւմ եք, ինչ լայն հասկացություն է դառնում «ընտրակաշառքը») զայրացած ընտրողներից մեկն ասաց՝ դիմելով պատգամավորության թեկնածու Գոհար Ենոքյանին. «Դե, թող մեռելներն էլ ձայն տան»։ Ձայնի պրոբլեմ կա ոչ միայն հանգուցյալների համար։ Աշտարակում, օրինակ, անհանգստացած էին, որ իրենց ձայնը տեղ չի հասնի։ Մի առաջարկ էլ եղավ. «20 աշխատատեղ բացեք՝ ձեր արձանը կառուցենք», «ուրանալով», որ 40 հազար «աշխատատեղ բացած» Քոչարյանի արձանաշինությունը դեռ չի սկսված։ Առաջին կարգի հաշմանդամ Սերյոժա Նազլուխանյանը (Քանաքեռավանից) հաշմանդամի սայլակով էր հանդիպման եկել։ «Առավոտին» ասաց, որ 12 անձից բաղկացած իրենց ընտանիքը նպաստ չի ստանում։ Ընտրողը, որտեղ որ եղանք, ծրագիր լսելու ընտրանյարդ չունի։ Նա հասկացել է, որ իր ընտրությունը ծրագրերի միջեւ չի լինելու, այլ անձերի միջեւ։ Նախորդ երկու հանդիպումների ժամանակ «նոր աղքատներ» բառակապակցությունը շրջանառության մեջ դրվեց։ Այն վերաբերում էր ուսուցիչներին եւ բժիշկներին։ «Արժանապատվություն» դաշինքի առաջ Աշտարակի ուսուցիչներն, օրինակ, հարց բարձրացրին. նրանք դեմ են դպրոցներն համայնքներին «փոխանցելու» մտադրությանը։ «Համայնքն ի՞նչ բյուջե ունի, որ տալիս են։ Պետությունը պատասխանատվությունն իր վրայից գցում է»։ Նրանք ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ համամասնական ընտրակարգով ուսուցիչներ չեն ներգրավված ԱԺ ընտրություններին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ