Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՎՐՆ ԱՐԵՑ ԻՐ ԳՈՐԾԸ

Մայիս 06,2003 00:00

ՄԱՎՐՆ ԱՐԵՑ ԻՐ ԳՈՐԾԸ Փարաքարը փակելուց մինչեւ հարգանքը նախագահի ինստիտուտի հանդեպ մեկ քայլ է ԱԺ ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկված Արամ Կարապետյանը չի բողոքի, չի դիմի դատարան, եթե ԿԸՀ-ն որոշում կայացնի նույն՝ 5 տարի Հայաստանում չապրելու մեղադրանքով իրեն դուրս թողնել նաեւ «Արդարություն» դաշինքի ցուցակից։ Արամ Կարապետյանը վստահ է, որ իր նկատմամբ իրականացվել է քաղաքական պատվեր. «թե ինչո՞ւ, ինձ համար մի քիչ դժվար է բացատրել, կարծում եմ, որ նախագահական ընտրություններում չորրորդ տեղը բռնած մարդը երեւի թե ինչ-որ չափով օգտակար կլիներ խորհրդարանում աշխատելու։ Ես ուզում եմ միանգամից ասել, որ դա ընդունում եմ շատ հանգիստ, որեւէ խնդիր չեմ տեսնում քաղաքական գործունեությունը շահարկելու համար ունենալ ԱԺ պատգամավորի մանդատը։ Կարծում եմ, որ եթե որեւէ մեկն ուզում է ռեալ քաղաքականությամբ եւ պետությանն օգտավետ գործունեությամբ զբաղվել, ապա կարծում եմ, որ դա բավական տքնաջան եւ լուրջ աշխատանք է»։ Արամ Կարապետյանը կարծում է, որ թեկնածուները միտումնավոր, հատուկ ծրագրավորված սցենարով են դուրս մղվում ընտրապայքարից։ Անձամբ իր մասով պրն Կարապետյանը վստահ է, որ իրեն փորձել են դուրս թողնել քաղաքական դաշտից ընդհանրապես. «որովհետեւ եթե ես հինգ տարի չեմ ապրել Հայաստանում, ապա չեմ կարող հաջորդ ո՛չ նախագահական, ո՛չ խորհրդարանական ընտրություններին մասնակցել եւ երկրորդը՝ սա հարված է երկրի վարկին եւ Ռ. Քոչարյանի ընտրություններին։ Որովհետեւ արդեն իսկ նրա լեգիտիմությունը կասկածի տակ է դրված։ Արդեն նորմալ մարդիկ սկսել էին հասկանալ, որ չի կարելի էլ ավելի շատ այդ ոչ լեգիտիմության խնդիրը մեջտեղ բերել, որովհետեւ մեր օգտին չի (իմ կարծիքով), հենց սկսել էինք այս մասին քիչ խոսել՝ նոր հարված, որովհետեւ ստացվեց, որ նախագահական ընտրություններն անցել են ոչ միայն խայտառակ ձեւով, այլեւ՝ անօրինական, որովհետեւ մարդ է մասնակցել, որն իրավունք չուներ մասնակցելու»։ Ինչո՞ւ Արամ Կարապետյանի նկատմամբ իշխանություններն ավելի բարեհաճ եղան նախագահական ընտրությունների ժամանակ եւ չարգելեցին նրա գրանցումն իբրեւ նախագահի թեկնածու, արդյո՞ք այն ժամանակ Արամ Կարապետյանն ուրիշ խնդիրներ ուներ լուծելու եւ լուծեց, այժմ կարող է մի կողմ քաշվել։ Իր՝ Արամ Կարապետյանի կարծիքով, ինքն այն ժամանակ վտանգավոր չէր. «հիմա կամաց-կամաց երեւի դառնում եմ շատ վտանգավոր, եթե երկրի վարկը հաշվի չառնելով պիտի գնային նման խախտումների, նման տեսակի հարվածների, ուրիշ ոչինչ չեմ կարող բացատրել եւ ասել։ Մեկ բան էլ կարող եմ հստակ ասել, որ եթե ես դուրս եմ բերվում «Արդարություն» դաշինքից, համապատասխանաբար, երեւի, եթե ես երեք տոկոս եմ հավաքել (չեմ կարծում, որ այս ընթացքում իմ երեք տոկոսը պակասած կլինի, գուցե ավելին՝ ավելացել է), ապա համապատասխանաբար կարող են «Արդարություն» դաշինքից այդքան տոկոս իջեցնել եւ ասել, քանի որ մարդը մասնակից չէ, իսկ դաշինքն իսկապես մարդկանց բազմություն է, կարծում եմ, որ նաեւ այս հարցն ինչ-որ տեղ լուծման խնդիր կլինի»։ Հետաքրքիր է, արդյո՞ք Արամ Կարապետյանն այսպիսով չի առաջարկում իշխանություններին՝ իրեն ցուցակից դուրս թողնելու դեպքում երեք տոկոսով պակասեցնել խորհրդարանական ընտրություններում «Արդարություն» դաշինքի ստանալիք ձայները։ Ըստ ՀՀ նախագահի նախկին թեկնածուի՝ հարկավոր է հասնել «նորմալ մարդկանց» միացման՝ ընդդիմությունից եւ իշխանությունից. «եթե այս միացումը չլինի, մեզ լավ ժամանակներ չեն սպասվում»։ Իսկ Հայաստանին սպառնում է «վրաստանյան սինդրոմի առաջացում, երբ կրիմինալը գալիս է խորհրդարան»։ Իսկ ապագա խորհրդարանում, եթե թվերը «չնկարվեն», բավականին տեղեր կունենա «Արդարություն» դաշինքը, այնուհետեւ՝ Հանրապետականը եւ «մարդիկ, որոնք քաղաքական որեւէ ուղղության ներկայացուցիչներ չեն»։ Արամ Կարապետյանը չի մասնակցելու նախագահական ընտրությունների լեգիտիմության հարցի շահարկումներին. «Ու չեմ մասնակցելու մեկ նպատակով՝ Հայաստանը՝ լավ թե վատ, ընդունելի կամ չընդունելի, ունի արդեն նախագահ, անցել ենք Սահմանադրական դատարանով, որոշումը կայացվել է, որի հետ ես նույնպես համաձայն չեմ, եւ եթե որեւէ ձեւով հարգանք չենք ունենալու գոնե ինստիտուտի նկատմամբ, նախագահի աթոռի նկատմամբ, ինչպե՞ս է մարդը կարողանալու (նկատի ունի նախագահ Քոչարյանին.- Մ. Ե.) հատկապես արտաքին դաշտում հարցեր լուծել»։ Եթե Արամ Կարապետյանն ընդդիմություն է, ուրեմն ով կհամարձակվի ասել, թե ընդդիմությունը Հռոմի Պապից ավելի կաթոլիկ չէ, ավելի պետականամետ եւ ավելի «ինստիտուտ» հարգող։ Քաղաքական կյանքն ու քաղաքական գործիչները հետաքրքիր զարգացումներ են ապրում եւ Փարաքարը փակելուց մինչեւ «նախագահի ինստիտուտի» հարգելը կես քայլ է միայն, եւ այդ քայլն Արամ Կարապետյանն արդեն արել է։ Արամ Կարապետյանը մտածում է մի որոշ ժամանակ «տայմ-աուտ» վերցնել, որպեսզի մտածի, թե իր քաղաքական գործունեությունն ինչպես կարելի է ավելի լավ ծավալել. «կարծում եմ, որ առաջնահերթ խնդիր կարելի է համարել կուսակցություն ստեղծելը, զբաղվել կուսակցական աշխատանքով, հենարանով, ավելի լուրջ ծրագրերի մշակումով, մասնագիտական բազա ստեղծելով եւ այլն»։ Դե ինչ, Մավրն արեց իր գործը, եւ Մավրը կարող է հեռանալ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել